‘Անձնագրերի և վիզաների վարչության պետը լավ ցուցակներ է խոստանում. Մամոուլ’

1028

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նոր ի հայտ եկած ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը և էպոսագետ Վարդան Սեդրակյանը երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Նրանք երեքն էլ ինքնառաջադրվել են: Փաստաթղթեր ներկայացնելու ժամկետը կավարտվի հունվարի 4-ին, որից հետո կսկսվի թեկնածուների գրանցումը: Բացի առաջադրումը, ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից որոշ անձինք շարունակում են վերցնել 10 տարվա մշտական բնակության մասին տեղեկանքները, որը պարտադիր է ընտրություններում մասնակցելու համար: Վարչության պետ Հովհաննես Քոչարյանը երեկ «Հրապարակi» հետ զրույցում ասել է, որ նման բովանդակությամբ տեղեկանք անձնագրային բաժնից վերցրել է 13 հոգի: Երեկ նման բովանդակությամբ տեղեկանքներ վերցրել էին իրենց առաջադրվելու մասին արդեն հայտարարած Հովիկ Աղազարյանն ու Մարտիկ Սարգսյանը, տեղեկանք է վերցրել նաև Արամ Հարությունյանը, ով վերջին մի քանի ընտրություններին պարտադիր առաջադրվում է: Հովհաննես Քոչարյանից թերթը փորձեց պարզել՝ սկսե՞լ են ընտրացուցակները ճշգրտելու, վերջնական տեսքի բերելու աշխատանքները:

— Ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներն իրականացվում են խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Այսինքն՝ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետներով մենք մեզ չենք կաշկանդել, որպեսզի ընտրացուցակներն ավելի որակով լինեն: Երբ որ ընտրությունից 40 օր առաջ ցուցակները կհրապարակենք, արդյունքներն էլ այդ ժամանակ կմեկնաբանենք:

Դուք երաշխավորո՞ւմ եք, որ ընտրությունների ժամանակ կունենանք «մաքուր» ցուցակներ՝ զերծ մահացած, երկրից բացակայող, գրանցման վայրը վաղուց փոխած քաղաքացիներից:

— Համոզված եմ, որ մենք լավ ցուցակներ ենք ունենալու: Դրա համար արվում է ամեն ինչ:

Դա ասվում էր նաև մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, սակայն իրականությունը բոլորովին այլ էր: Ընտրողների թիվն ակնհայտորեն ուռճացված էր, մեկ հասցեի վրա 100-ից ավելի մարդ էր գրանցված, ընտրացուցակներում էլ ընդգրկված էին բազմաթիվ մահացած, Հայաստանում չբնակվող մարդիկ:

— Ես Ձեզ հետ համակարծիք չեմ, մահացածների անունները շատ-շատ քիչ էին, մեկ-երկու դեպք եղել է, թե չի եղել: Ցուցակները խորհրդարանական ընտրություններից առաջ շատ լավն են եղել: Բոլոր նախորդ ընտրություններից անհամեմատելի մաքուր:

Պարոն Քոչարյան, ամեն օր բարձրաձայնվող հսկայական չափերի հասնող արտագաղթի ֆոնին Դուք հայտարարում եք, որ Աժ ընտրություններից հետո ընտրողների թիվն ավելացել է: Դա ինչպե՞ս ընկալել:

— Դա պայմանավորված է առաջինը 18 տարին լրացած անձանցով, ովքեր ընտրական իրավունք են ձեռք բերել Աժ ընտրություններից հետո: Ավելացել է նաև քաղաքացիություն ձեռք բերած անձանց թիվը, ավելացել է նաև ճանաչման հիմքով անձնագրավորված անձանց թիվը, և կային մի քանի հազարի հասնող քաղաքացիներ, ովքեր 16-22 տարեկան են և առաջին անգամ են անձնագրավորվել:

Բացառո՞ւմ եք կեղծ անձնագրերի միջոցով քվեարկությունը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ «մեթոդը» կարծես թե գործի դրվեց:

— Ես նույնիսկ չեմ ուզում նման անհեթեթությանն արձագանքել: Եթե կեղծ անձնագրի մի դեպք լինի, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ աղմուկ կարող է բարձրանալ: Կեղծ անձնագիր՝ նշանակում է կեղծ անհատական տվյալներով անձնագիր, բայց դրանք անհեթեթություններ են: Ընդամենը շահարկումների հերթական փուլն է սկսվում, ուրիշ լուրջ բան չկա:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը դառնալու է աշխարհի ամենալավ երկիրը, և դու այդ երկրի երջանիկ քաղաքացին. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը թաքցնում է դաժան իրականությունը. Մամուլ’