‘
Գերմանիայի գլխավոր երկաթուղային օպերատոր Deutsche Bahn-ը քննադատության թիրախ է դարձել այն բանից հետո, երբ որոշել է նոր արագընթաց գնացքներից մեկն անվանել Աննա Ֆրանկի՝ նացիստական ռեժիմին զոհ դարձած հայտնի հրեա աղջկա անունով:
Աննա Ֆրանկը դարձել է Գերմանիայի 25 հայտնի մարդկանցից մեկը, որոնց փորձագիտական ժյուրին ընտրել է ժողովրդական քվեարկության արդյունքում՝ նոր գնացքներն անվանակոչելու նպատակով: Որոշման հրապարակումից հետո Քրիստոնեա-սոցիալիստական միությունից պատգամավոր Իրիս Էրբելը նման ընտրությունը անարգանք է անվանել նացիզմի զոհերի հիշատակի նկատմամբ, քանի որ Աննա Ֆրանկին, ինչպես եւ միլիոնավոր այլ հրեաների, մահվան ճամբարներ են ուղարկել գնացքներով:
Deutsche Bahn-ի ներկայացուցիչն ի պատասխան նշել է, որ Աննա Ֆրանկի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ աղջիկը դարձել է հանդուրժողականության խորհրդանիշ:
Գերմանիայում ծնված Աննա Ֆրանկը Հիտլերի՝ իշխանության գալուց հետո ծնողների հետ միասին գաղթել է Նիդեռլանդներ: Իր հռչակավոր օրագրում նա պատմել է, թե ինչպես է ընտանիքի հետ միասին թաքնվում նացիստների հետապնդումներից: 15-ամյա աղջիկը մահացել է համակենտրոնացման ճամբարում, հետագայում նրա օրագիրը հրապարակվել է եւ դարձել համաշխարհային բեսթսելեր:
Աննա Ֆրանկից բացի երկաթուղային ընկերության ցուցակում հայտնվել են գերմանական Դիմադրության մի շարք ակտիվիստներ, ինչպես նաեւ մշակույթի, գիտության ու քաղաքականության ոլորտի գործիչներ՝ կանցլերներ Կոնրադ Ադենաուերը, Վիլլի Բրանթը, Լյուդվիգ Էրհարդը, փիլիսոփա Կարլ Մարքսը, երգահան Լյուդվիգ վան Բեթհովենը, գրող Թոմաս Մանը, դերասան Մառլեն Դիտրիխը եւ այլք:

‘