‘Անչելոտին որպես Մոուրինյոյի ամենահավանական փոխարինող’

815

«Շատ բաներ հնարավոր է և տեղի ունենան հենց այն ժամանակ, երբ ոչ ոք դրանց չի սպասում: Ես արկածասեր եմ, բայց իմ ընտանիքի անդամները արդեն հոգնել են նոր քաղաքներ տեղափոխվելուց, այդ իսկ պատճառով մենք կարող ենք միայն արդեն ծանոթ վայրեր վերադառնալ»: Սրանք Ժոզե Մոուրինյոյի խոսքերն են, ով չնայած ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված ակումբային ֆուտբոլում դադարին, շարունակում է ուշադրությունը իր վրա սևեռել իր հայտարարություններով: Անցած շաբաթվա սկզբում պորտուգալացին նախ խոսեց ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզչի մրցանակաբաշխությունում տեղի ունեցած անարդարություններից, իսկ այժմ նաև իր ապագայի մասին:

Իսպանական մամուլում Ժոզեի այս խոսքերը դիտարկեցին որպես ակնարկ`     Ֆլորենտինո Պերեսին իր հնարավոր հեռանալու մասին: «Կամ շարունակում ես բավարարել իմ քմահաճույքները, կամ      ես լքում եմ թիմը»: Այսպես կարելի է ընդունել այն մարզչի խոսքերը, ում դեռևս հունվարին նույն իսպանական մամուլի տվյալներով ակումբում չէին ցանկանում տեսնել թիմի ավագներ Կասիլյասն ու Ռամոսը:

Չանդրադառնալով, թե ինչ և ում օգնությամբ, բայց Ժոզեին վերջին ամիսներին հաջողվեց կարգավորել թիմի գործերը մրցաշրջանում: Մադրիդցիները նախ գավաթից դուրս թողեցին Բարսային, իսկ ՉԼ-ում հյուրընկալվելիս     ` կարողացան հաղթել «Մանչեստեր Յունայթեդին»: Նման իրավիճակում մայրաքաղաքային «Marca» և «AS» օրաթերթերը, իհարկե, նվազեցրին մարզչի հանդեպ քննադատությունը հուսալով, որ նրան վերջապես կհաջողվի «սերուցքայինների» համար նվաճել թվով 10-րդ ՉԼ գավաթը:

Հնարավոր թեկնածուները

Կարլուշ Կեյրուշի և Մանուել Պելեգրինի անհաջող փորձերից հետո Ֆլորենտինո Պերեսը պարզ որոշում է կայացրել, որ մեծ ակումբը պետք է գլխավորի մեծ մարզիչ: Նախ Իսպանիայի մայրաքաղաքում քննարկում էին Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոակիմ Լյովի տարբերակը, բայց գերմանացին հստակ ցույց տվեց, որ չի պատրաստվում հեռանալ հավաքականի մարզչի պաշտոնից թեկուզ և «Ռեալ Մադրիդի» կարգի ակումբ տեղափոխվելու համար:

Վերջին շաբաթների ընթացքում խոսակցություններ եղան նաև Յուրգեն Կլոպպի և Անտոնիո Կոնտեի Մադրիդ տեղափոխվելու մասին, բայց նրանք դեռևս համեմատաբար երիտասարդ են և այս պահին դեռ կցանկանան վայելել հենց իրենց ստեղծած բավականին երիտասարդ նախագծերը:

Այս իրավիճակում Ֆլորենտինոյի համար ամենանախընտրելի տարբերակը դառնում է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Իտալացին արաբ շեյխերի հետ 1 + 1 տարբերակով պայմանագիր ունի, որը աստիճանաբար երկաձգվում է Ֆրանսիայի առաջնությունում հաղթանակի դեպքում: Մի կողմ թողնելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ ֆրանսիական «Le Parisien» օրաթերթը հայտնեց այն մասին, որ իտալացին բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Պերեսի հետ, անդրադառնանք Անչելոտիի օգտին խոսացող մի քանի հանգամանքների:

Նախևառաջ Անչելոտին աստղերի հետ աշխատելու մեծ փորձ ունի և չի հայտնվի նույն Կեյրուշի, կամ Պելեգրինի իրավիճակում, ովքեր չէին կարողանում վերահսկել ներքին հանդերձարանային խնդիրները: Բացի այդ, նա բավականին համեստ անձնավորություն է` ի տարբերություն Ժոզեի, և մադրիդիստների մեծամասնության կարծիքով` կարող է վերադարձնել ակումբի արդեն կարծես կեղծ կարգախոս դարձած «Ռեալ Մադրիդը բարձրագույն ակումբ է» արտահայտությունը: Նա ունակ է այնպիսի թիմ ստեղծել, որտեղ խաղացողները բառացիորեն չեն «տշում» մրցակցի խաղացողներին, շատ քիչ են հայտնվում մամուլում ոչ ֆուտբոլային խնդիրների պատճառով և վերջապես, որի մարզիչը պարտությունների պատճառները չի փնտրի մրցավարների կամ «մութ ուժերի» մեջ: Բացի դրանից, Անչելոտին լավագույն ձևով է ճանաչում Ֆլորենտինոյի նախընտրած «գալակտիկոներից»` Կակային և թվում է` միայն նա կարող է բրազիլացուն օգնել «վերածնվել» և վերջապես արդարացնել իր համար ծախսած 65 մլն €-ն:

Իհարկե Ֆլորենտինոն շատ ուշադիր հետևում է նաև իր ֆավորիտներից մեկի` Արսեն Վենգերին եւ «Արսենալում» տեղի ունեցող զարգացումներին, և Ժոզեի հեռանալու դեպքում հնարավոր է վերջապես Մադրիդ բերի հարձակողական ֆուտբոլ դավանող մարզչի, բայց այս պահին հենց Անչելոտին է լավագույն թեկնածուն թվում:

 

Դավիթ Քիրամիջյան 

Նախորդ հոդվածը‘Կառլսեն-Արոնյան. առաջատարները ռիսկի չդիմեցին’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկանը ցանկանում է գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը’