‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ արտագնա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իր թիմը լավ մարզավիճակում է և պատրաստ է խաղին: Ըստ Անչելոտիի` իր սաները կարող են հաղթել մարտի 22-ին, «Կամպ Նոուում» կայանալիք խաղում:
«Թիմը լավ մարզավիճակում է: Մոդրիչի և Ռամոսի վերադարձը մեզ կօգնի: Ֆիզիկական տեսանկյունից թիմն ավելի ուժեղ է դարձել, բայց վաղը միայն դրանով հաղթանակ չես տոնի: Հաղթել հնարավոր է գլխով: Իմ կարիերայի ընթացքում ես երբեք հրահանգ չեմ տվել խաղալ ոչ-ոքի արդյունքի համար, և վաղվա խաղը, բնականաբար, բացառություն չէ: Բավականաչափ վարպետություն ունենք հաղթելու համար, այնպես, ինչպես մրցակիցը: Այս թիմերից ոչ մեկը ոչ-ոքիի մասին չի մտածում:
Մեզ համար ամենակարևորը և՛ պաշտպանությունում և հարձակման գծում լավագույն խաղը ցուցադրելն է: Պետք է կամք ցուցաբերենք, նվիրվենք և մեր խաղը թելադրենք: Եթե անկեղծ` ես լիովին հավատում եմ իմ թիմին: Այո՛, վերջին շրջանը լավագույն ձևով չենք անցկացրել, բայց այժմյան իմ վստահությունը բացարձակ է:
Ինչ վերաբերվում է Ռոնալդուին, ապա նա լավ մարզավիճակում է: Այս շաբաթվա ընթացքում նա շատ լավ է մարզվել, ինչպես բոլորը: Համոզված եմ, որ կենտրոնացվածության կամ նվիրվածության պակաս չի լինի: Այս խաղին լավ ենք պատրաստվել, մարտավարություն ենք մշակել: Կփորձենք անել հենց այն, ինչը թույլ կտա հաղթել:
Մեսսին, ինչպես «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստները, լավ մարզավիճակում են: Թիմը լավ է խաղում, իր բարձր կարգն է ցուցադրում, իսկ Մեսսին այս թիմում ամեն ինչից վեր է»,-Անչելոտիի խոսքերը մեջբերված են «Goal.com»-ից:
Հիշեցնենք, որ այժմ «Բարսելոնան» ունի 65 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» կատալոնացիներին զիջում է մեկ միավորով:
‘