‘Անպտուղ պաշտոնանկություն պահանջենք, որ ի՞նչ անենք…’

1662

«Բռնապետի ապահովագրությունը սահմանադրության  խախտումն է, ժողովրդի ապահովագրումը՝ բռնապետի հրաժարականին հասնելը»:

                                                     Վացլավ Հավել

«ՀՀ այսօրվա խորհրդարանը, բացառությամբ մի քանի պատգամավորների, ամբողջությամբ վերահսկվում է Ռուսաստանի կողմից. մի մասը` Սերժ Սարգսյանի, մյուս մասը` հանձինս ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ Ռոբերտ Քոչարյանի միջոցով…հենց դրանով է պայմանվորված այն հանգամանքը, որ փոխանակ պահանջելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը՝ սեպտեմբերի 3-ի հակասահմանադրական արարքի համար, ընդդիմությունն ուղղակի պահանջում է նրա հրաժարականը: Հարց է ծագում. ինչո՞ւ են պահանջում հրաժարական, այլ ոչ թե պաշտոնանակությունը…Բնական է՝ պաշտոնանակության հարց չեն բարձրացնի, քանի որ այս համակարգը կարող է գոյատևել միայն ռուսական հովանավորության տակ»,- օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

Ըստ էության՝ առանձին էմոցիոնալ ու խիստ վիճելի գնահատականները մի կողմ դրած՝  այս մեջբերումը, փաստորեն, պրն. Շահնազարյանի՝ հասարակությանն ուղղված հիմնական ուղերձն էր: Մի տեսակ՝ «լակմուսի թուղթ», որով ահա ընդդիմությունն իշխանության հանգույն քննվում-բացահայտվում եւ նրա նմանությամբ էլ անպիտան մի բան է ճանաչվում…

Հիմա չդիտարկելով ոչ Շահնազարյանի անձը եւ ոչ էլ այն հանգամանքը, որ ժամանակին թե՛ նա, թե՛ ՀԱԿ-ից հեռացած մնացած գործիչներն անգամ Սերժիկ Սարգսյանի հրաժարականը չէին պահանջում՝ հանուն ԵՄ հետ ասոցացման, փորձենք հասկանալ, թե արդյո՞ք այս տեսակետն առհասարակ գոյության իրավունք ունի ցանկացած բան հանդուրժող մեր արեւի ներքո: Եւ կամ՝ մի՞թե  ընդամենը Սերժիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցի բարձրաձայնումը միանգամից ընդդիմադրի պարեգոտ է հագցնում ո՛րեւէ քաղաքական ուժի: Եւ ընդհանրապես՝ գուցե ՀԱ՞Կ-ը չի հասկացել հրաժարականի ու պաշտոնանկության տարբերությունը, եւ հիմա, այսօրինակ մեղադրանքները զանց անելու նպատակով, արժե՞ գնալ Սերժիկ Սարգսյանի պաշտոնանկությունը պահանջելու ճանապարհով…

Այո՛, բայց դրա համար, նախ եւ առաջ, պետք է հասկանալ՝ ինչ ասել է նախագահի պաշտոնանկություն: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ այստեղ տարակարծության ազատ տարածք չկա: Մեր Սահմանադրության 57-րդ հոդվածն այդ մասին հետեւյալն է հայտարարում. «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար։

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան։

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից»։

Հիմա բացատրե՞նք, թե՞ արդե՛ն իսկ պարզ է, որ միայն այս հոդվածի ընթերցումից հետո ցանկացած բանական մարդ միանգամից կմերժի Սերժիկ Սարգսյանի պաշտոնանկության հարցն իր քաղաքական օրակարգ մտցնելու գաղափարն իսկ:

Եւ իսկապես. ՀԱԿ-ը նրա  պաշտոնանկությունը պահաջի, որ ի՞նչ անի: Կամ՝ ումո՞վ պահանջի. սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանո՞վ, ով այս գլխից էլ հայտնի է՝ ինչ եզրակացություն կտա, թե՞ այս պատգամավորներով, որ նույնիսկ կենսաթոշակային բարեփոխումները քննարկող նիստն են բոյկոտում՝ հաշվի չառնելով իրենց դռների առջեւ խմբված հարյուրավոր քաղաքացիների՛ն իսկ:

Հատկապես եթե ինքը՝ Շահնազարյանն էլ այս մարդկանց չի վստահում՝ նրանց համարելով «ռուսական վերահսկման տակ աշխատող», նրանց Կոնգրեսի դուռն է ուղարկում, որ ի՞նչ անի: Որ կրկին անիմաստ պրոցեդուրաների, կենսական էներգիայի վատնման ու հուսահատության բեռան տակ կքելու ճանապարհներին դեգերենք՝ ոնց հրեաներն անապատու՞մ: Թե՞ որպեսզի ուղղակի սրտներս հովացնենք ճիշտ այն նախաձեռնության նմանությամբ, որով Դավիթ Շահնազարյա՛նն էր ժամանակին ստորագրահավաք անցկացնում, որ Քոչարյանին հանձնի Հաագայի դատարանին…Բայց այդ դեպքում կարելի էր Սարգսյանին էլ ԵՄ «աքսորել», ու վերջ: Կորցրածնե՞րս ինչ էր, եթե պարզ՝ սրտի հովացման խնդիր էինք լուծում, եւ վերջ…

Իսկ եթե ավելի լուրջ՝ ով-ով, բայց գոնե ՀԱԿ-ից հեռացածները պիտի հրաշալի իմանային, որ ՀԱԿ-ն իր դաշինքության շրջանում մի անգամ արդեն անցե՛լ է պաշտոնանկության պահանջի անպտուղ ճանապարհով, որին, ի դեպ, ես ու ինձ պես մտածող մարդիկ այն ժամանակ էլ էինք դե՛մ: Բնականաբար՝ վերոնշյալ պատճառներով:

Մոռացե՞լ են: Հիշեցնե՛նք:

2011թ. նոյեմբերի 25-ին ՀԱԿ դաշինքի կողմից նույն օրը հրավիրված հանրահավաքում ընդունվեց մի հռչակագիր, որում մանրամասն ներկայացնելով Սարգսյանի պաշտոնանկության հիմքերը՝ ռազմական հեղաշրջում, ընտրական կեղծիքներ եւ այլն,  որոշում ընդունվեց դիմել սահմանադրական դատարան:

Հընթացս, մեր աննման Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների՝ ավելիով աննման հանձնակատար պրն. Համմարբերգին ու էլի՛ շատերին էլ դիմեցին՝ ե՛ւ քաղբանտարկյալների, ե՛ւ եվրոպացիների կողմից փայփայվող Սերժիկ Սարգսյանի տարատեսակ՝ իրենց բնույթով գոնե մասամբ եվրոպական արժեքներին չասոցացվող արկածների՛ վերաբերյալ:

Արդյունքում՝ ԵԽ-ն մոնիթորինգը հանեց իր առանձնաշնորհյալի վրայից, ՍԴ-ն էլ, Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ,  ինչպես եւ սպասելի էր, եզրակացրեց, որ նախագահի պաշտոնանկության՝ ՀԱԿ-ի կողմից ներկայացված հիմքերը խախուտ են: Հարցը նույնիսկ ԱԺ չհասավ՝ այսինքն…

Բա վե՞րջը՝ կհարցնեք: Վերջը հրաժարակա՛նն է, տիկնայք եւ պարոնայք:

Ուզեք թե չուզեք, ոտքից գլուխ մեզ համար չարիքի վերածված այս վարչակազմն իր մահկանացուն կկնքի միմիայն հստակ քաղաքական պայքարի, քաղաքական ուժերի հնարավորինս կոնսոլիդացման եւ համաժողովրդական ընդվզման միջոցով, ինչն էլ հենց կհանգեցնի Սերժիկ Սարգսյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ:

Այլ տարբերակ չկա՛: Եւ եթե որեւէ մեկն այս պարզունակ բանը չի գիտակցում, կամ հազար ու մի պատճառ ունի այն չգիտակցելու համար, ՀԱԿ-ը դրանում ոչ մեղավոր է, ոչ էլ պարտավոր է ինչ-որ մեկին ապացուցել, որ ինքն, օրինակ, գետաձի կամ ընձուղտ չէ: Շատ են ուզու՞մ պաշտոնանկություն՝ թող իրե՛նք պահանջեն…

 

Գոհար Սիմոնյան

Հ.Գ. Ի միջի այլոց, խոսելով Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտության վերաբերյալ, Շահնազարյանն այն զուգահեռել է եվրոպական իմփիչմենթին, ասես՝ ոչ միայն խոսքին ավելիով կշիռ հաղորդելու, այլեւ հուշելու, թե հին աշխարհամասում բոլոր նման պատմությունները հատկապես նման ձեռնարկով են ավարտվում: Պատմությունը, սակայն, ա՛յլ բան է ասում: Բանն  այն է, որ իմփիչմենթ՝ անվստահություն հասկացությունը, ծնվել է 14-րդ դարի Անգլիայում, երբ լորդերը որոշեցին Համայնքային պալատին օժտել Արքայական տան կողմից նշանակվող նախարարներին անվստահություն հայտնելու եւ ետ կանչելու իրավունքով: Վերջին անգամ, սակայն, Անգլիան այս գործիքի օգնությանն է դիիմել 1806-ին, իսկ ողջ Եվրոպան նման մի բան մեկ էլ 2004-ին է իր պատմության մեւ ամրագրել, երբ պաշտոնանկ արվեց Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասը:

ԱՄՆ-ում առաջին անհաջող փորձը 1797-ին արվեց,  երբ կաշառակերության համար անվստահություն հայտնվեց սենատոր Ուիլյամ Բլաունթին: Ամերիկացիները մեկ էլ 1974-ին, Ոութըրգեյթսի եւ նախագահ Նիքսընի առիթով հիշեցին այդ մասին, բայց Նիքսընն ինքը՛ հրաժարական տվեց: Դե իսկ հաջորդ՝ Քլինթընի պարագան էլ գիտենք՝ ինչով ավարտվեց: Ոչնչով: Ավելի ճիշտ՝ նախագահի ներողությամբ:

ՌԴ-ում պետդուման երեք անգամ է հակվել  պաշտոնանկության, երեքն էլ՝ նախագահ Ելցինի առիթով: Բնականաբար, մեծամասնությունն, այսպես ասած, չի՛ հանձնել նախագահին:

Տակն ո՞վ մնաց՝ լատինական Ամերիկա՞ն եւ Ինդոնեիզիան: Այ այստեղ մի քանի հաջող փորձ ունենք. Բրազիլիա, Պերու: Բայց դրանք էլ այնպիսի արյունոտ միջադեպերով, կամ բռնությամբ են ուղեկցվել, որ ավելի լավ է՝ մոռանանք այդ մասին…

 

Նախորդ հոդվածը‘Գասպարին հացադուլ է սկսել ՄԻՊ գրասենյակի առջև’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցների թվում է նաև Ադրբեջանը’