‘Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է մեկ տարով’

829

Ուկրաինայի նախագահության շրջանում դեսպան Անջեյ Կասպրշիկը կշարունակի կատարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պարտականությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ մեկ տարով երկարաձգվել է Կասպրշիկի մանդատի ժամկետը:

ԵԱՀԿ գործող նախագահի՝ հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվել է դեսպան Անդրեյ Դեշիցան:

Դեսպան Անջեյ Կասպրշիկը նշված պարտականությունները կատարում է 1997 թվականի հունվարից: Մանդատի շրջանակներում նա ի թիվս այլոց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկում է անցկացնում:

ԵԱՀԿ նախագահությունը 2013 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Ուկրաինան: ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան նշել է, որ Ուկրաինան սատարում է ԼՂ բանակցային գործընթացն ակտիվացնելու Մինսկի խմբի ջանքերին: Նա ԵԱՀԿ մշտական խորհրդին է ներկայացրել իր նախագահության առաջնահերթությունները` նշելով, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորման առաջընթացը, թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետությունը եւ մամուլի ազատությանն աջակցելը կլինեն Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահության 2013թ. գերակայությունները:

Նախորդ հոդվածը‘Զինդատախազությունը պարզաբանում է. Որոշ ՀԿ-ների ներկայացրած՝ զինծառայողների մահացության թիվը կոռեկտ չէ’
Հաջորդ հոդվածը‘$3 միլիարդ արժողությամբ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը տրված է’