‘
Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ԶՈւ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են, ինչը մեծացնում է լարվածության սրման ռիսկը: Այդ մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ընդ որում, նա արձանագրել է, որ հրադադարի խախտման դեպքերը հուլիսի վերջի-օգոստոսի սկզբի համեմատ պակասել են:
Կասպրշիկը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները վերջերս արած հայտարարության մեջ կողմերին կոչ են արել նվազեցնել լարվածությունը և հատկապես ձեռնպահ մնալ քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունից:
«Ես և իմ թիմը, մանդատի համաձայն, կշարունակենք իրավիճակի դիտարկում իրականացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն լարվածության նվազեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ աշխատանքը»,- ընդգծել է Կասպրշիկը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած շաբաթ այցելել են տարածաշրջան և հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ: Համանախագահները քննարկել են երկու պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախագահությամբ:
‘