‘Անսարք վերելակների համար պատասխանատուները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն’

1577

Երևանում վերելակ նստելը գնալով ավելի վտանգավոր է դառնում: Մարտի 21-ին հերթական դժբախտ պատահարն է տեղի ունեցել բազմահարկ շենքի վերելակում: Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի վերելակն ընկել է 11-րդ հարկից, ինչի արդյունքում 35 ամյա աղջիկը տեղում մահացել է: Արդեն հայտնի է, որ պոկված վերելակը 2014թ չէր անցել փորձաքննություն և չէր կարող շահագործվել: Այդ մասին news.am-ին ասել է Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը: Վերջինիս տեղեկացմամբ, նախնական տեղեկություններով՝ վերելակի խցիկի վրա հատուկ ամրաններ կան, որից կախվում է ճոպանը, դա կտրվել է, ինչի հետևանքով վերելակը պոկվել է և աղջիկը տեղում մահացել է: Հովսեփյանը նաև տեղեկացրել է, որ շահագործողը ինքը պետք է դիմի և անցնի փորձաքննություն, իսկ դա չանելու համար սահմանված է պատասխանատվություն:

Մինչդեռ վերելակը շահագործող ընկերության՝ «Աջափնյակ վերելակ» ՍՊԸ-ի տնօրենը վստահեցնում էր, որ վերելակը տեխզննում անցել է: Միանշանակ է, որ վերելակի տեխնիկական անվտանգության համար պատասխանատուները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Քրեական օրենսգիրքը նման արարքի համար նախատեսել է «Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից» հոդվածը, որով նախատեսվում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Հայտնի է նաև, որ Երևանի քաղաքապետարանը ամեն տարի թափառող կենդանիների դեմ պայքարելու համար մի քանի անգամ ավելի շատ գումար է հատկացնում, քան վերելակների նորոգման համար: 2013 թ. 220 մլն դրամ հատկացվել էր շների դեմ պայքարելու համար և ընդամենը 90 մլն դրամ վերելակների նորոգման համար: Նման պատկեր էր նաև 2014 թ.-ին:

Չենք առաջարկում, որ քաղաքապետարանի պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն ամեն առանձին վերելակի վայր ընկնելու համար, քանի որ նրանց մեղադրանք պետք է առաջադրվի շատ ավելի ծանր հանցագործությունների համար:

Եվ վերջում հիշեցնենք, որ Երևանում այսօր շահագործվում է մոտ 5140 վերելակ: Նրանց մոտ 90 տոկոսի շահագործման համար նախատեսված 25 տարին վաղուց արդեն լրացել է,  իսկ վերելակների անսարքության պատճառով գրանցվող մահվան դեպքերը գնալով շատանում են: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում մեզ չհաջողվեց գտնել գոնե մեկ դեպք, երբ վերելակների անսարքության հետևանքով գրանցված մահվան դեպքերի համար գոնե մեկ պաշտոնյա պատասխանատվության ենթարկված լինի: Իսկ չպատժված հանցագործությունը, ինչպես հայտնի է, ծնում է նոր հանցագործություններ: Ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ այս ճշմարտության մասին սիրում եմ ամեն քայլափոխի հայտարարել ՀՀ համարյա բոլոր պաշտոնյաները:

Նախորդ հոդվածը‘Յոահիմ Լյով. «Իսպանական ֆուտբոլը համապատասխանում է իմ խաղաոճին»’
Հաջորդ հոդվածը‘Ժամկետային զինծառայողի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն’