Անվիճելին եւ քննարկելին․ Առավոտ

1887

Երբ Հայաստանի առաջին նախագահը Արցախի հարցով հանդես է գալիս իր դիտարկումներով, արձագանքը սովորաբար երկակի է լինում: Նրա հակառակորդներն այդ դիտարկումներին բովանդակային առումով պատասխանելու փոխարեն հնչեցնում են ընդհանուր տիպի մեղադրանքներ, որոնք կարելի է ձեւակերպել հետեւյալ հռետորական հարցով. «Եթե Ղարաբաղը պիտի տայինք, ապա ինչո՞ւ էիք 1988-ին սկսում Ղարաբաղյան շարժումը եւ մեր ժողովրդին ենթարկում անասելի փորձությունների»:

Ինձ թվում է, դա, թեեւ էմոցիոնալ առումով կարող է շատերի վրա ազդել, բայց հիմքից թույլ փաստարկ է: Տեր-Պետրոսյանը եւ նրա թիմը 1988-ի փետրվարից մինչեւ 1994-ի մայիսը այդ խնդիրը հասցրել են քիչ թե շատ բարվոք, թեեւ ոչ իդեալական, վիճակի: Մնում էր այդ վիճակն ամրագրել միջազգային երաշխիքներով, ինչը, հայտնի պատճառներով, տեղի չունեցավ:

«Բա ինչո՞ւ էն վախտ…» փաստարկը տրամաբանության տեսանկյունից բավականին խոցելի է: «Հոգեզավակ», «ցուրտումութ» տիպի առարկություններին ընդհանրապես չեմ անդրադառնում:
Մյուս կողմից՝ առաջին նախագահի ասածները նրա կողմնակիցների կողմից հաճախ ընկալվում են որպես գրեթե աստվածաշնչյան ճշմարտություններ, որոնք քննարկելն անգամ մեղք է:

 Պարզ է, որ «ապացուցվածի» դեմ վիճելը խելամիտ չէ՝ փոխզիջման մերժումը բերել է աղետի, եւ այդ հնարավորությունները բաց են թողել թե՛ երկրորդ եւ երրորդ նախագահները, եւ թե՛ ներկայիս վարչապետը: Վերջինիս պնդումն այն մասին, որ փոխզիջման դեպքում իրավիճակը նույնը կլիներ, բայց առանց զոհերի, բացի, ըստ էության սխալ լինելուց, բավականին ցինիկ է հնչում. իմ ընկալմամբ, մարդկային կյանքը «փոքրիկ դետալ» չէ, որը կարելի է հաշվի չառնել ռազմավարությունը կառուցելիս: Բայց քննարկելու հարց Տեր-Պետրոսյանի ասածների մեջ, այնուամենայնիվ, կա: Արդյո՞ք փողոցային այս ցույցերն իսկապես որեւէ ազդեցություն ունե՞ն Հայաստանի բանակցային դիրքի վրա, արդյոք այդ ազդեցությունը բացասակա՞ն է: Նախ՝ պետք է ընդունենք, որ ծանր, ցավագին լուծումներ «մեր վզին փաթաթողը» Ռուսաստանն է՝ Արեւմուտքի ակտիվությունն այստեղ որեւէ էական ազդեցություն չունի: Մանավանդ հիմա, երբ այդ երկու կենտրոնների մրցակցությունը ծայրաստիճան սրվել է, Մոսկվան թույլ չի տա, որ ԵՄ-ն այս հարցում որեւէ մասնակցություն ունենա (տես՝ Մարիա Զախարովայի արտահայտությունը Շարլ Միշելի նախաձեռնության մասին, որտեղ նա օգտագործում է «անամոթաբար» մակբայը):

Ռուսաստանի իշխանությունն ակներեւաբար այն իշխանությունը չի, որին հետաքրքիր լինի որեւէ երկրում (նաեւ սեփական պետությունում) հասարակական կարծիքը՝ եթե մտադրվել է, իր մտածածը, միեւնույն է, կփորձի իրականացնել: Հարց է առաջանում՝ արդյոք Ռուսաստանն իսկապե՞ս մտադիր է վերջնականապես փակել Արցախի խնդիրը, եթե հաշվի առնենք, որ դա Ադրբեջանի վրա հիմնական լուրջ լծակն է (մեր վրա ազդելու բազմաթիվ այլ լծակներ կան): Եկեք ենթադրենք, որ իրավիճակը զարգանում է մեզ համար վատթարագույն, թեեւ շատ հնարավոր, սցենարով. Փաշինյանը կամ որեւէ մեկը (իսկապես կարեւոր չէ) ստորագրում է «խաղաղության պայմանագիրը», ռուս խաղաղապահները լքում են Արցախը, ամիսների ընթացքում այնտեղ որեւէ հայ չի մնում: Ադրբեջանը հասնում է իր նպատակին, եւ նրան այլեւս Ռուսաստանից ոչ մի բան պետք չէ: Գուցե ինչ-ինչ ավելի գլոբալ հաշվարկներից ելնելով Մոսկվան պատրաստ է դրան գնալ՝ փոխարենն աշխարհի այլ վայրերում առավելություններ ստանալով: Գուցե նկարագրված սցենարը Ռուսաստանին ձեռնտու չէ: Ես, ի տարբերություն համացանցային քաղաքագետների, վերջնական պատասխանը չգիտեմ: Պարզապես առաջարկում եմ մտածել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Առավոտ

 

Նախորդ հոդվածը19-ամյա Ալկարասը հաղթեց Նադալին եւ կխաղա Ջոկովիչի հետ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըLevon Ter-Petrossian: The Proven and the Unprovable