‘
Մարտի 29-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան խաղի նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, ինչից ելնելով` այդ երկրի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ խաղի օրը իրականացվելու են անվտանգության հատուկ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ալբանական ԶԼՄ-ները:
Էլբասան քաղաքում կայանալիք խաղին ներկա են լինելու շուրջ 13 հազար ֆուտբոլասերներ:
Ալբանական ոստիկանությունը կոչ է արել ֆուտբոլասերներին խաղից 2 ժամ առաջ ժամանել մարզադաշտ: «Էլբասան Արենայի» հարակից փողոցները փակ են լինելու: Ոստիկանությունը զգուշացրել է նաեւ, որ երեխաներին առանց տոմս մարզադաշտ չի թողնելու:
Ավելացնենք, որ խաղին ներկա են լինելու նաեւ հայ ֆուտբոլասերներ: ՖԱՖ-ի շուրջ չորս տասնյակ անդամներ օրերս ավտոբուսով ուղեւորվել են մրցավայր: Սպասվում է, որ նրանց կմիանան եւս մի քանի տասնյակ հայեր:
Հիշեցնենք, որ Ալբանիա-Հայաստան խաղը սկսվելու է Երեւանի ժամանակով 20:00-ին եւ հեռարձակվելու է Հ1-ով:
‘