‘«Անտիօֆշոր» նախաձեռնությունը պահանջում է Տիգրան Սարգսյանի հրաժարականը’

1276

«Հետք» պարբերականի «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հրապարակումից հետո Facebook սոցիալական ցանցում «Անտիօֆշոր» անվանումով նախաձեռնություն է ստեղծվել, որի անդամները պահանջում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը և որ նա կանգնի դատարանի առաջ՝ օֆշորային գործարքներում ներգրավվածության և փողերի լվացման մեղադրանքով: Խմբում կարդում ենք. «Հաշվի առնելով Տիգրան Սարգսյանի ներգրավվածությունը օֆշորային սկանդալում, ինչպես նաև վերջին հինգ տարիներին ՀՀ տնտեսության մեջ արձանագրված բացասական ցուցանիշները՝ պահանջում ենք նրա հրաժարականը, իսկ իրավապահ մարմնիններից պահանջում ենք օֆշորային գործի թափանցիկ ու հրապարակային քննություն։ Միացե՛ք «Անտիօֆշոր» նախաձեռնությանը»:

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 29-ին «Հետք» համացայնցային պարբերականը փաստեր հրապարակեց այն մասին, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիսանում է Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի եւ  վերջինիս սանիկ, «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանի հետ միասին: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Մասնավորապես, ըստ մամուլի՝ նախկինում արված հրապարակումների, Հայրապետյանը, հավատալով Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության՝ ադամանդագործության զարգացման ծրագրին, 2009-ին գրավադրել է իր ունեցվածքը՝ 33 միլիոն դոլար, «Ամերիաբանկից» վարկ վերցրել, որպեսզի վարչապետի կոմպանիոն Աշոտ Սուքիասյանը Հայաստանի շուրջ 20 ադամանդագործների Աֆրիկայից ադամանդի հումք մատակարարի:

Նախորդ հոդվածը‘Միասեռական ամուսնությունների հակառակորդները փորձել են տապալել Նադալ-Ֆերեր եզրափակիչը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Վրաստանի կարմրուկը հասել է Հայաստան Օդեսայից’