Ղրիմի մասին իր հայտարարություններով պետքարտուղարությունը, ըստ էության, ուկրաինական իշխանություններին դրդում է ահաբեկչական գործողություններ իրականացնելու Ռուսաստանում։
Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ մեկնաբանելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարություններն այն մասին, թե Ուկրաինայի զինված ուժերը փաստացի հնարավորություն ունեն հարված հասցնելու թերակղզուն ամերիկյան սպառազինության կիրառմամբ։
«Արձանագրենք, որ ամերիկյան պաշտոնատար անձանց հռետորաբանությունն ավելի ու ավելի ռազմաշունչ է դառնում։ Պետքարտուղարությունը, իրականությունից կտրված «Ղրիմը Ուկրաինան է», և «ՈՒԶՈՒ-ն կարող է ամերիկյան զենքը կիրառել իր տարածքը պաշտպանելու համար» պնդումներով, ըստ էության՝ Կիևի ռեժիմին դրդում է ահաբեկչական գործողություններ կատարելու Ռուսաստանում։ Նման հայտարարություններ լսելով Վաշինգտոնից՝ հանցագործները Կիևում հերթական անգամ լիակատար ամենաթողություն են զգալու։ Հակամարտության լարվածությունը միայն մեծանում է»,- Անտոնովի խոսքն է մեջբերել դեսպանատան մամուլի ծառայությունը։
Փոխանցում է tass.ru-ն: