‘Անցել է 25 տարի ղարաբաղյան շարժումից՝ նորից կանգնել ենք կործանման շեմին’

1845

Քաղաքացի Վարդան Հարությունյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«25 տարի առաջ՝ 1988-ին, երբ դեռ ծնված չէի, սկիզբ առավ մի շարժում։ Շարժումը առաջնորդում էր մտավորականներից կազմված մի կառույց՝ խումբ, որ կոչվում էր «Ղարաբաղ կոմիտե»։ Շարժումը ազատագրական էր՝ շատ երկար էր տևելու։ 1989-ին ես ծնվեցի՝ պայքարը դեռ շարունակվում էր, մի կողմից՝ կռիվ, ռազմական գործողություններ, մյուս կողմից՝ Սովետական բռնապետություն և երկրաշարժ… 
Խեղճ իմ հայրենիք, դու ճնշված էիր,  դու նվազ էիր, ու քեզ ազատագրել էր պետք: Շարժումը շարունակվում էր, ազգը պայքարում։ Ազատության հրապարակ՝ բուռն կրքեր, հաղթական տրամադրություն, ոգի, շունչ, եռանդ, մահապարտների գունդ, քաջարի տղերք, մեծ հերոսներ, դասադուլներ, գործադուլներ:

Ու շեփոր։ Շեփոր, որը ոգեշնչում էր, որն անբաժան ուղեկիցն էր Ղարաբաղյան շարժման։

1991 թվականի օգոստոս՝ շեփորը հնչեց, 1991 թվականի 21 սեպտեմբերի՝  Արամ Մանուկյանը կարդում է՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՌՉԱԿՎՈՒՄ Է ԱԶԱՏ և ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»։ 1994 թվական, շեփորը հնչեց՝ զինադադար։ 1998 թվականին ես արդեն 9 տարեկան էի, հեռուստացույց էի նայում, մի ֆիլմ էին ցուցադրում՝ «Ինչու է աղմկում գետը», նայում էի այդ ֆիլմը թախծոտ աչքերով, հանկարծ շեփորը հնչեց,  ու պապս սկսեց պատմել ղարաբաղյան շարժման ու շեփորի մասին: Ինձ շատ ոգեշնչեց այդ պատմությունը, չեմ մոռանում պապիիս խոսքերը. «Դուք արդեն ազատ, անկախ երկրում եք, մնում ա՝ ապրեք»։ Պապի, դու էլ չկաս՝ արդեն 15 տարի, բայց իմ երկիրը՝ իմ հայրենիքը նորից ազատագրելու կարիք ունի, նորից պիտի ազատագրենք։ Ու սպասում եմ, ու ազգս է սպասում շեփորի կանչին։ Անցել է 25 տարի ղարաբաղյան շարժումից՝ նորից կանգնել ենք կործանման շեմին: Շեփորի կանչը ոտքի կհանի մեր ժողովրդին։ ՇԵՓՈՐՆ Է ԿԱՆՉՈՒՄ, ԱՌԱ՜Ջ…»:

 

Նախորդ հոդվածը‘Կրթաթոշակային ծրագիր. Իսրայել’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է Բուխգալտերի եւ Զանյերի հետ’