‘
Սեպտեմբերի մի քանի օրերի ընթացքում ավելի քան 140 ներգաղթյալ է ժամանել Կիպրոսի հունական հատված:
Տեղի կառավարության տվյալներով՝ վերջին ութ ամիսների ընթացքում կղզի-պետությունն ստացել է մոտավորապես 4 հազար դիմում՝ ապաստան տրամադրելու խնդրանքով: Դա 55 %-ով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում:
Կիպրոսի կառավարությունը եվրոպական պետություններին կոչ է արել օգնել լուծելու այդ խնդիրը:
«Փախստականները Մերձավոր Արևելքից ժամանում են այստեղ՝ լավ կյանքի հույսով: Նրանց համար շատ դժվար է Հունաստան հասնել Թուրքիայով, դրա համար էլ նրանք այլ ճանապարհներ են որոնում, որոնցից մեկն էլ Կիպրոսն է»,- ասել է փորձագետ Ջորջ Ցոգոպուլոսը:
Կղզի-պետությունը նախկինում երբեք չի բախվել ներգաղթյալների զանգվածային հոսքի խնդրին:
2018 թ. եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Իտալիան և Հունաստանը, խստացրել են միգրացիոն քաղաքականությունը, ինչն էլ, թերևս, ազդել է ներգաղթյալների ընտրության վրա՝ հօգուտ Կիպրոսի:
Փոխանցում է euronews-ը:
‘