‘Աշգաբադում քննարկվել է ԱՊՀ հեռուստառադիոընկերությունների գործունեությունը ‘

630

Դեկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Աշգաբադում կայացած Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Խորհրդի օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարցեր դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովին պետությունների ղեկավարների քննարկմանը ներկայացվելիք փաստաթղթերի, ԱՊՀ տարածքում բազմակողմ համագործակցության առանցքային ուղղությունների վերաբերյալ:
ԱԳ նախարարները մասնավորապես քննարկեցին գործող թուրքմենական նախագահության կողմից նախաձեռնած ԱՊՀ-ում համակողմանի համագործակցության հետագա զարգացման մասին հռչակագրի նախագիծը, որը ներառվեց Համագործակցության անդամ երկրների ղեկավարների խորհրդի օրակարգում:

Նախարարների խորհրդում անդրադարձ եղավ նաև հումանիտար, բնապահպանական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերին: 
Մասնավորապես՝ նիստի ընթացքում քննարկվեցին գալիք տարի «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» միջպետական ծրագրի և 2013-2014թթ. ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջոցառումների ծրագրի իրականացման հարցերը: 

Քննարկվեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման վերաբերյալ որոշման նախագիծը։ 
Նախարարական հանդիպման ուշադրության կենտրոնում էր նաև ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմինների աշխատանքը: Մասնավորապես՝ արտգործնախարարներն անդրադարձան ԱՊՀ մասնակից երկրների պետական և հասարակական հեռուստառադիոընկերությունների ղեկավարների խորհրդի գործունեությանը։ Աշգաբադում կայացավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը 2013թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին վերջերս կայացած հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը։ 

Նախարարներ Նալբանդյանն ու Գրիշչենկոն անդրադարձան դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին։

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը իրավիճակը քաղաքներում բարելավերու ուղղությամբ հանձնարարականներ է տվել’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Մաքշեյն – Արոնյան. Ուղիղ’