‘Աշխատանքից ազատվել է ատոմակայանի տնօրենը, փոխտնօրենը կալանավորված է. «Հրապարակ»’

3238

Օրերս աշխատանքից ազատվել է ՀԱԷԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Արդեն մի քանի օր է, ինչ Մեծամորի ատոմակայանի տնօրենի պարտականությունները կատարում է Մովսես Վարդանյանը, որը նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար: Նախկինում նա ատոմակայանի գլխավոր ճարտարագետն էր: Կադրային փոփոխությունները, «Հրապարակի» տեղեկություններով, առնչվում են ազգային անվտանգության խնդիրներին: Հետաքրքիր է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ոչ մի պաշտոնական հայտարարություն այս մասին չի տարածել, կարծես ոչ թե մեր գլխավոր ռազմավարական օբյեկտի տնօրենն է փոխվել, այլ գյուղական մասնաճյուղի մի էլեկտրիկ:

Պարզեցինք, որ գործից ազատվել են նաև ատոմակայանի երկու փոխտնօրենները, որոնցից մեկը կալանավորված է: Այս տեղեկությունները մասամբ հաստատեց ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մովսես Վարդանյանը: «Գագիկ Մարկոսյանը մի քանի օր առաջ ազատվել է»,- ասաց նա»։

ՀԱԷԿ պաշտոնյաներից մեկի կալանավորման մասին լուրը հաստատեցին ԱԱԾ-ում: «Կալանավորվել է ՀԱԷԿ ՓԲԸ կոմերցիոն գծով նախկին փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը: Դատարանը հաստատել է նրա կալանքի որոշումը: Ընթանում է նախաքննություն»,- հայտնել է ԱԱԾ լրատվական կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը, սակայն չհայտնեց, թե ինչ մեղադրանք է առաջադրվել ՀԱԷԿ նախկին փոխտնօրենին:

Վարկածներից մեկը, որը շրջանառվում է էներգետիկ շրջանակներում, այն է, որ ՀԱԷԿ պաշտոնյաներին կասկածում են խոշոր գումարների յուրացման, ֆինանսական կոպիտ խախտումների մեջ, որոնց պոչերը չեն երևում: Երկրորդ վարկածի համաձայն, քրեական հետապնդումը կապված է Ռուբիկ Մովսիսյանի գործունեության հետ: Ըստ որոշ տեղեկությունների, նրա մյուս զբաղմունքն ադամանդի բիզնեսն է, որի մեջ նա այնքան է խորացել, որ նույնիսկ համապատասխան մականուն է վաստակել՝ Բռլյանտ Ռուբիկ: Ի դեպ, այս նույն անձնավորությանն ԱԱԾ-ն կալանավորել էր նաև 2000 թվականին: Ասում են՝ այն ժամանակ քննությունը կարճ է տևել, և Բռլյանտ Ռուբիկին շուտով ազատել են:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Իշխանությունները ծրագրել են ահաբեկել ժողովրդին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնանկության և քրեական գործի փոխարեն՝ նկատողություն Երանոսյանին. «Ժողովուրդ»’