‘Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի պահանջները. Օմբուդսմենի զեկույց 2012’

831

Հրապարակվել է Օմբուդսմենի տարեկան զեկույցի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հատվածը, որտեղ ասվում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները.

  • Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների հայեցողական գնահատման հետևանքով բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել:
  • Նախարարությունը նույնիսկ ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատված չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ թիվ 1050 որոշման պահանջները, որոնք վերաբերում էին լիազորագրով կենսաթոշակ ստանալուն:
  •  «Պետական կենսաթոշակների  մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները կիրառել է սեփական մեկնաբանությամբ, չնայած Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չէ մեկնաբանել օրենքը, այն էլ ի վնաս քաղաքացիների:
  • Չեն լուծվել թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հայտնաբերելու և ապաստան տրամադրելու խնդիրները:
  • Մշակված չեն եղել անհրաժեշտ համալիր միջոցառումներ և ծրագրեր, որոնք կհանգեցնեն մանկատների բեռնաթափմանը:
  • Առկա է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն` խնամակալության և հոգաբարձության ինստիտուտի կարգավորման, ինչպես նաև խնամակալների և հոգաբարձուների մասնագիտական պատրաստվածության և վերջիններիս գործունեության թափանցիկության բացակայության վերաբերյալ:
  • Ընդունելով երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշումը՝ ՀՀ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային  ծրագիրը, ինչը վկայում է երեխաների պաշտպանությանն ուղղված ռազմավարական ծրագրերի նախատեսված ժամկետների սահմաններում իրականացման հետևողականության բացակայության մասին:
  • Չեն ձեռնարկվել արդյունավետ միջոցառումներ՝ ուղղված արհեստակցական միությունների կայացմանը:
  • Գրանցվել են կնքված աշխատանքային պայմանագրի օրինակն աշխատողին չտրամադրելու մի շարք դեպքեր:
  • Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը:
  • Արձանագրվել են բողոքներ գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, անձանց աշխատանքի ընդունելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու վերաբերյալ:
  • Կարգավորված չէ ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, որտեղ ընդգրկված չեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության բնագավառի աշխատողները:
  • Թեև մշակվել է հայեցակարգ, սակայն շարունակում են չլուծված մնալ աշխատանքի վայրում  դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման խնդիրները, ինչպես նաև նրանց կարգավորումը:
  • 2012 թվականին առկա են եղել բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերել են գործատուների կողմից անձանց արտադրական խեղման համար վնասի փոխհատուցման ոչ իրավաչափ դադարեցմանը, և ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից այդ խնդրի կապակցությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:

 

Արձանագրված դրական զարգացումները

  • Եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում Նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ:
  • Ներդրվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների/ԲՍՓՀ/ կողմից կայացված որոշումների բողոքարկման եռաստիճան համակարգ:
  • Իրականացվել է մոնիթորինգ և վերահսկողություն բնակչության սոցիալական պաշտպանության որոշ բնագավառներում արձանագրված չարաշահումների դեպքերը բացառելու և/կամ կանխարգելելու նպատակով:
  • Ձևավորվել և գործարկվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» կենտրոնացված տեղեկատվական շտեմարանը:
  • Հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
  • Մշակվել է նախագիծ, որը նախատեսում է թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբի ստեղծումը:  
  • 2012 թվականին պատրաստվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջին զեկույցը:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանի առաջին օգնականը ազատվել է պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյո. Գնացքը հեռացել է’