‘Աշխատատեղերի ստեղծման համար ՀԲ-ն Հայաստանին $75 մլն վարկ է տրամադրել’

870

Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտներում նախատեսվող բազմաբնույթ բարեփոխումների համար: Սա երեք ԶՔԳ-ների շարքի երկրորդ ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին  իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է: Ինչպես ասվում է ՀԲ մամուլի հաղորդագրության մեջ, «այս ԶՔԳն նպատակ ունի նպաստել տնտեսական աճին և կայունությանը` օգնելով Հայաստանին կրճատել աղքատությունն ու խթանել ընդհանուր բարեկեցությունը, — ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, — Աշխատատեղերի ստեղծումն այստեղ` Հայաստանում հույժ կարևոր է: Ծրագիրը նպատակ ունի հասնել աշխատատեղերի ստեղծման` մրցունակության ամրապնդման և հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության մեծացման միջոցով»:

ԶՔԳ-ի ներքո աջակցություն կցուցաբերվի այն բարեփոխումներին, որ Կառավարության կողմից    իրականացվում են հինգ հիմնական նպատակների ուղղությամբ.

1) Գործարար միջավայրի ամրապնդում տնտեսվարողների համար տեսչական ստուգումների բեռը նվազեցնելու, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների համար մեկ պատուհանի մոտեցման կիրառման և ավիացիայի ոլորտում վերահսկողության նոր ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու միջոցով, որը կմեծացնի թափանցիկությունը և կբարելավի հաշվետվողականությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում.

2) Վարկային ռեսուրսների հասանելիության բարելավում ստեղծելով ժամանակակից դաշտ գրավով ապահովված գործառնությունների համար, որը թույլ կտա շարժական գույքն օգտագործել որպես գրավ` դրանով իսկ մեծացնելով վարկային ռեսուրսների հասանելիությունը.

3) Քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավում կատարողական գործունեության գնահատման համակարգի ամրապնդման և էլեկտրրոնային կառավարման համակարգերի օգտագործման ընդլայնման միջոցով.

4) Սոցիալական պաշտպանության ընդլայնում բժշկական հաստատություններում համավճարի պահանջի չկիրառումը տարածելով Ընտանեկան նպաստի համակարգում ներառված տնային տնտեսությունների վրա.

5) Հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում հիմնական հարկային ծախսերի վրա հարկային մուտքերի ազդեցության նախնական հաշվետվությունների ներկայացման, խմելու ջրի հետ կապված ոլորտային բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացման, այդ թվում` նոր համապետական վարձակալության պայմանագրի, շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատման օրենքի ընդունման ու ընդերքի օգտագործման իրավունքների մասով բնապահպանական ու սոցիալական ուղենիշներին համահունչ «մեկ պատուհանի» մոտեցման կիրառման միջոցով:

«Զարգացման քաղաքականության այս գործառնության ներքո աջակցություն է ցուցաբերվում բարեփոխումների այնպիսի մի փաթեթի, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը ոչ կայուն ներհոսքերի ու ոչ արտահանելի ոլորտների վրա հիմնվելու փոխարեն  անցում կատարել արտահանելի ճյուղերին ու ապահովել աշխատատեղերի ստեղծման ավելի բարձր ցուցանիշ, ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ուլրիխ Բարթչը, — Տնտեսության մրցունակությունը և  ինքնաբավությունը մեծացնելու միջոցով՝ մենք օգնում ենք Հայաստանի կառավարությանը տնտեսությանը նոր լիցք հաղորդելու հարցում»:

Երկրորդ ԶՔԳ ներառում է 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է  2.036.73 մլն ԱՄՆ դոլար գումար:

Նախորդ հոդվածը‘Հայկական ուղղաթիռի խոցման խրոնիկան’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Ադրբեջանը կարող էր փորձել կապ հաստատել հայկական ուղղաթիռի հետ’