«Աշխարհի ամենավտանգավոր մարդը» մահացել է

139

Covid-19-ի հետևանքներից Պակիստանում վախճանվել է միջուկային ֆիզիկոս Աբդուլ Կադիր Խանը՝ մի մարդ, որին համարում էին պակիստանյան միջուկային ծրագրի հայրը։

Արևմտյան հատուկ ծառայությունների աշխատակիցները նրան անվանում էին աշխարհում ամենավտանգավոր մարդկանցից մեկը, քանի որ նա ատոմային ռումբի ստեղծման տեխնոլոգիաները փոխանցել էր Հյուսիսային Կորեային, Իրանին և Լիբիային։

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հայտարարել է, որ երկիրը կորցրել է «ազգային հերոսի»։

85-ամյա Աբդուլ Կադիր Խանը ավելի վաղ հիվանդանոց էր տեղափոխվել կորոնավիրուսի կապակցությամբ։

ԿՀՎ նախկին տնօրեն Ջորջ Թենեթը Խանին անվանել է «համենայն դեպս՝ նույնքան վտանգավոր, որքան Ուսամա բեն Լադենը»՝ 2001 թ․ սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի վրա ահաբեկչական հարձակման կազմակերպիչը և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը։

2004 թ․ Խանը ձերբակալվել էր միջուկային տեխնոլոգիաները ապօրինի կերպով Իրանին, Լիբիային և Հյուսիսային Կորեային փոխանցելու համար։ Հեռուստատեսային ուղերձում նա այն ժամանակ հայտարարել էր, որ «խորապես զղջում է և անկեղծորեն ներողություն է խնդրում»։ Պակիստանի այն ժամանակվա նախագահ Փերվեզ Մուշարաֆը ներում էր շնորհել Խանին, բայց ֆիզիկոսը մինչև 2009 թ․ տնային կալանքի տակ էր։

Հայրենիքում Խանը ազգային հպարտության խորհրդանիշ է։ «Նա մեզ օգնել է զսպման միջուկային միջոցներ ստանալ, որոնք փրկել են մեր երկիրը։ Երախտապարտ ժողովուրդը երբեք չի մոռանա նրա վաստակը»,- հայտարարել է Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻնչ է կատարվում Վրաստանում
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Ինչու պետք չէ գործ ունենալ Ուկրաինայի հետ