‘Աշխարհի ամենատարեց բնակչուհին նշում է իր 115-ամյակը’

812

Աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Միսակո Օկավան, այսօր նշում է իր 115-ամյակը, հաղորդում է France-Presse գործակալությունը: Օսակա քաղաքի տարեց բնակչուհին TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, թե երբեք չի մտածել, որ այսքան երկար կապրի, բայց դա իրեն հաջողվել է «բոլորի շնորհիվ»: Միսակո Օկավան ծնվել է 1898 թ. Օսակա քաղաքում, կիմոնո պատրաստող վարպետի ընտանիքում: Նա ունեցել է երեք զավակ, որոնցից երկուսը ողջ են և արդեն նշել են իրենց 90-ամյակները: Օկավան ունի նաև չորս թոռ և վեց ծոռ: Նա աշխարհի ամենատարեց կինն է ճանաչվել Gerontology Research Group-ի կողմից դեռևս հունվարին, երբ 115 տարեկան հասակում վախճանվեց նախորդ ռեկորդսմենուհին՝ դարձյալ Ճապոնիայի բնակչուհի Կոտո Օկուբոն: Փետրվարի վերջին Օկավայի անունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Մոլորակի ամենատարեց տղամարդը ևս ճապոնացի է՝115-ամյա Կումիրան: Աշխարհում ապրած մարդկանցից ամենատարեցը պաշտոնապես համարվել է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանը, որը 1997 թ. մահացել է 122 տարեկան հասակում: Ամենամեծ թվով մարդիկ, ում տարիքն անցնում է 100 տարուց, բնակվում են Ճապոնիայում (գրեթե 51 հազար) և ԱՄՆ-ում (մոտավորապես 53 հազար), հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 5-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘«Ժառանգության» թավշյա վարագույրը կփակվի ԲՀԿ-ի ձեռքով. Մամուլ’