‘Աշխարհի առաջնություն – 2014. Հայաստան–Իտալիա, եւ մյուս հետաքրքիր հանդիպումների մասին’

834

Այսօր Եվրոպայում ֆուտբոլային մեծ օր է: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Եվրոպայում տեղի կունենա 24 հանդիպում, այս թվում՝ Հայաստան – Իտալիա խաղը: Ամենահետաքրքիրը, մեզ համար, իհարկե, Հայաստանի մրցավեճն է Եվրոպայի գործող փոխչեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի ընտրանու հետ: Բերեզովսկին ընդդեմ Բուֆոնի, Մխիթարյանն ընդդեմ Պիրլոյի, Մովսիսյանն ընդդեմ Բալոտելիի… չնայած, ոչ, Բալոտելին արդեն պարտվել է այս միկրոմենամարտը եւ մրսածության պատճառով չի խաղալու: Տեսնենք, թե դա Իտալիայի համար ինչ կարժենա:

Սակայն բացի երեւանյան հանդիպումից, այսօր մի շարք այլ՝ ուշագրավ եւ դիտարժան հանդիպումներ են սպասվում:

A խումբ
22։30 Սերբիա – Բելգիա
22։30 Մակեդոնիա – Խորվաթիա
22։45 Ուելս – Շոտլանդիա

Այստեղ ուշադրության է արժանի Սերբիա – Բելգիա հանդիպումը: Սերբերին առանձնապես ներկայացնելու կարիք չկա, իսկ ահա Բելգիայի հավաքականը վերջին 25-30 տարվա ընթացքում թերեւս ամենաուժեղ կազմն ունի. Կուրտուա, Վերմալեն, Կոմպանի, Վերտոնգտեն, Դեմբելե, Վիտցել, եւ իհարկե՝ Էդեն Ազար: Պակասում է միայն Մարուան Ֆելայինին: Ժամանակն է, որ այս թիմը ցույց տա իր ողջ ներուժը:

B խումբ
20։00 Չեխիա – Մալթա
21։00 Հայաստան – Իտալիա
22։00 Բուլղարիա – Դանիա

Այստեղ բացի մեր խաղից, կա նաեւ Բուլղարիա – Դանիա մրցավեճը: Տեսնենք, թե ինչպես են դանիացիները պատասխանելու բուլղարացիների կոպիտ խաղին եւ սադրանքներին:

C խումբ
20։00 Ֆարերյան կղզիներ – Շվեդիա
20։00 Ղազախստան – Ավստրիա
22։45 Իռլանդիա – Գերմանիա

Իռլանդացիները երբեք հեղինակություններ չեն ճանաչում, եթե դա նույնիսկ Գերմանիայի հավաքականն է: Մարտական հանդիպում է սպասվում:

D խումբ
21:30 Թուրքիա – Ռումինիա
22:30 Էստոնիա – Հունգարիա
22:30 Հոլանդիա – Անդորրա

Չնայած Հոլանդիայից կրած պարտությանը, Թուրքիայի հավաքականը բավական լավ տպավորություն թողեց: Այժմ ուղեգրերի համար պայքարից դուրս չմնալու համար նրանք պարտավոր են հաղթել ռումինացիներին, որոնք հոլանդացիների հետ միասին այս խմբի առաջատարն են:

E խումբ
21:30 Ալբանիա – Իսլանդիա
22:30 Շվեյցարիա – Նորվեգիա
22։45 Սլովենիա – Կիպրոս

Զայրացնելու չափ թույլ  խումբ է, նույնիսկ մեկնաբանելու բան չկա:

F խումբ
19:00 Ռուսաստան – Պորտուգալիա
23։00 Լյուքսեմբուրգ – Իսրայել

Ֆաբիո Կապելոյի օրոք Ռուսաստանի հավաքականը ամբողջովին կերպարանափոխվել է: Կազմից դուրս են մնացել թիմի երբեմնի առաջատարները՝ Արշավինը, Պոգրեբնյակը, Պավլյուչենկոն, սակայն նրանց փոխարինած երիտասարդները առայժմ գերազանց են իրենց դրսեւորում: Բավական մոբիլ եւ կարգապահ թիմ է դարձել: Բայց մրցակիցը Կրիշտիանու Ռոնալդուի անվան հավաքականն է, որը Պաուլու Բենտուի օրոք ահեղ մրցակից է ցանկացած՝ այդ թվում Իսպանիայի հավաքականի համար: Այս հանդիպումը եզրափակիչի կարգավիճակ է ձեռք բերել:

G խումբ
21:30 Լիխտենշտեյն – Լիտվա
22։15 Սլովակիա – Լատվիա
22։45 Հունաստան – Բոսնիա եւ Հերցոգովինա

Սա E խմբից ավելի թույլ է:

H խումբ
22:00 Մոլդովա – Ուկրաինա
23:00 Անգլիա – Սան Մարինո

Այստեղ անակնկալներ չեն սպասվում:

I խումբ
19:30 Ֆինլանդիա – Վրաստան
22:00 Բելառուս – Իսպանիա

Որ Բելառուսի հավաքականի միջուկը կազմող ԲԱՏԵ-ն «Բավարիային» հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսպանացիները պետք է որ իմանան, եւ անհրաժեշտ հետեւություններ անեն:

Նախորդ հոդվածը‘Հայ քաղաքագետները կոչ են անում ինտեգրվել Ռուսաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Թուրինջի չափի ակնախնձոր. գիտնականները փնտրում են տիրոջը ‘