‘Աշխարհի գավաթ. Արոնյանը դժվարին պայքարում հաղթեց Դուբովին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ’

1564

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում երեկ կայացան 1/8 եզրափակչի պատասխան պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ուժերն էր չափում ռուսաստանցի Դանիլ Դուբովի հետ: Պարտիան երկար ընթացք ունեցավ և ավարտվեց 97-րդ քայլին: Սպիտակներով խաղացող Արոնյանը ստիպեց Դուբովին ընդունել իր պարտությունը: Եվ քանի որ երեկ կայացած առաջին պարտիան ոչ-ոքի էր ավարտվել, հետևաբար 34-ամյա հայ գրոսմայստերը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի ուկրաինացի փորձառու շախմատիստ Վասիլի Իվանչյուկը:

Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից պայքարը շարունակում են նաև Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ալեքսանդր Գրիշչյուկը: Նշված շախմատիստները, սակայն, դեռևս քառորդ եզրափակչի ուղեգիր չեն նվաճել և վաղը կխաղան թայ-բրեյքում: Վաշիե-Լագրավն ու Գրիշչյուկը մրցում են միմյանց դեմ, իսկ Սոյի մրցակիցը վրացի Բաադուր Ջոբավան է:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին Հայաստանը ներկայացնող ևս երկու շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը, սակայն նրանք մեկնարկային՝ 1/64-րդ եզրափակիչ փուլից դուրս էին մնացել պայքարից:

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն չի պատժի Իգուաինին անպարկեշտ ժեստի համար ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է, թե երբ կկայանա հավակնորդների մրցաշարը’