‘
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր կայանում են 1/64 եզրափակիչ փուլի պատասխան պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս անգամ արդեն սև խաղաքարերով էր մրցում Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դանիել Քաուդերիի հետ: Ինչպես և առաջին խաղում, այստեղ կրկին հաղթեց Արոնյանը և 1/32 եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց:
Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը դեռևս չեն կարողացել 1/32 եզրափակչի ուղեգիր նվաճել, քանի որ երկու պարտիաների արդյունքում հավասար հաշիվ է գրանցվել: Նրանք սեպտեմբերի 5-ին արագ շախմատի պարտիաներ կանցկացնեն, ինչից հետո պարզ կդառնա նրանց ճակատագիրը:
Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է նոքաութ համակարգով, այսինքն՝ պարտվողը լքում է մրցաշարը: Յուրաքանաչյուր փուլում շախմատիստները անցկացնում են դասական շախմատի երկու պարտիա: Հավասար արդյունքի դեպքում՝ կանցկացվեն կարճեցված ժամանակով պարտիաներ: Միայն եզրափակիչ խաղում շախմատիստները դասական շախմատի 4 պարտիա կանցկացնեն:
‘