‘Աշխարհի գավաթ. Արոնյանը պարտվել է, հաղթողը կորոշվի թայ-բրեյքում. Կարլսենը լքել է մրցաշարը’

1864

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ այսօր կայանում են 1/16 եզրափակչի պատասխան պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ուժերն էր չափում ռուս Մաքսիմ Մատլակովի հետ: Երեկ կայացած առաջին պարտիայում հայ գրոսմայստերը սպիտակներով հաղթանակ էր տարել և այսօր 1/8 եզրափակիչ դուրս գալու համար բավարար կլիներ նաև ոչ-ոքին, սակայն Մատլակովը 27-րդ քայլին ստիպել է հանձնվել Արոնյանին: Արդյունքում, այս զույգի հաղթող կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքի պարտիաներում, որոնք անցկացվում են արագ և կայծակնային շախմատի կանոններով:

Այնուամենայնիվ, 1/16 եզրափակչում արդեն մեծ անակնկալ է գրանցվել: Չինացի գրոսյմայստեր Բու Քսյանջին պայքարից դուրս է թողել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին: Երեկ Քսյանջին սևերով պարտության էր մատնել նորվեգացուն, իսկ այսօր սպիտակներով կարողացել է ոչ-ոքի ավարտել պարտիան և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին Հայաստանը ներկայացնող ևս երկու շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը, սակայն նրանք մեկնարկային՝ 1/64-րդ եզրափակիչ փուլից դուրս էին մնացել պայքարից:

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ Նեյմարը որոշեց «Բարսելոնա»-ից տեղափոխվել ՊՍԺ’
Հաջորդ հոդվածը‘Սլոան Սթիվենսը՝ US Open-ի կանանց մրցաշարի հաղթող (տեսանյութ)’