‘
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ այսօր կայացել են 1/32 եզրափակչի պատասխան պարտիաները:
Հայ գրոսմայտեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 2-րդ պարտիան անընդմեջ ոչ-ոքի խաղաց կանանց շախմատի աշխարհի չեմպիոն Հու Յիֆանի հետ:
Քանի որ առաջին պարտիայում նույնպես ոչ-ոքի արդյունք էր գրանցվել, այդ պատճառով հաջորդ փուլի ուղեգրի համար կողմերը կարճեցված ժամանակով պարտիաներ կանցկացնեն:
Մրցաշարի եզրափակչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին:
Հիշեցնենք, որ մրցաշարը անցկացվում է նոքաութ համակարգով, այսինքն՝ պարտվողը լքում է մրցաշարը: Յուրաքանաչյուր փուլում շախմատիստները անցկացնում են դասական շախմատի երկու պարտիա: Հավասար արդյունքի դեպքում՝ անցկացվում են կարճեցված ժամանակով պարտիաներ: Միայն եզրափակիչ խաղում շախմատիստները դասական շախմատի 4 պարտիա կանցկացնեն:
‘