‘
Աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, երկրորդ թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը « խոսել է կարիերան ավարտելու և հետագա անելիքների մասին՝ ընդգծելով, որ Մոսկվայում մենամարտ կար նախատեսված աշխարհի գործող չեմպիոնի հետ, սակայն անհասկանալի պատճառներով դեռևս ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել.
«Այս պահին սպասում եմ մի մենամարտի, որը պետք է կայանա աշխարհի գործող չեմպիոնիհետ (անունը չի նշում, խմբ.), սակայն դեռ պատասխան չկա: Նրանք պետք է մեկ ամիս առաջ կապ հաստատեին ինձ հետ, սակայն դեռևս ոչ մի զանգ չի եղել:
Նախորդ տարվա մարտ ամսից այլևս չեմ զբաղվել բռնցքամարտով, սակայն ինձ զանգահարեցին և տեղեկացրին, որ ռուս աշխարհի չեմպիոններից մեկը շատ է ցանկանում մենամարտել ինձ հետ: Ես նույնպես ցանկանում էի, քանի որ 3-4 տարի հետևում էի նրան: Այնուհետև ես նրանց ուղարկեցի իմ վերջին մենամարտի տեսագրությունը թալիանդացի բռնցքամարտիկի հետ, որում նոկաուտով հաղթանակ էի տարել: Դրանից հետո նրանք մենամարտի օրը նշանակեցին սեպտեմբերի 10-ին և այլևս չվերադարձան: Կարծում եմ՝ նրանք փոշմանել են, քանի որ մենամարտը պետք է լինի Մոսկվայում և նրանք չեն ուզում չեմպիոնի գոտին կորցնել: Ինձ թվում է, որ այլևս մենամարտ չի լինի և ես կավարտեմ կարիերաս:
Ավարտելուց հետո կցանկանամ հայ մարզիկներին օգտակար լինել, կցանկանամ նրանց հետ մեկնել մրցումների, եթե կարողանամ ինչ-որ բանով օգնեմ, քանի որ անունս աշխարհում շատ հայտնի է, և տեսնելով ինձ նրանց կողքին՝ մեր տղաների նկատմամբ անարդարություններ չեն լինի»,- նշել է 41-ամյա մարզիկը:
‘