‘Աշխարհի ոչ մի սահմանադրություն վարչապետի նվազագույն տարիքը չի սահմանում’

805

Այն բանից հետո, երբ Վրաստանում վարչապետի պաշտոնում հայտարարվեց Իրակլի Գարիբաշվիլիի թեկնածությունը, սոցիալական ցանցերում հարցեր հայտնվեցին՝ նոր վարչապետի անհամեմատ երիտասարդ տարիքի հետ կապված: Մասնավորապես, սոցիալական ցանցերի օգտատերերին հետաքրքրում էր, թե Վրաստանի սահմանադրության համաձայն՝ վարչապետի լիազորություններն ընդլայնվել են, սակայն չի սահմանվել այդ պաշտոնին հավակնողների նվազագույն տարիքը: Մինչդեռ իր լիազորություններով շատ ավելի սահմանափակ նախագահի պարագայում հստակ արվում է այդ սահմանափակումը՝ 35 տարեկան:

Ինչպես հաղորդել է «Медианьюс»-ը, մեկնաբանելով այդ հարցը՝ Վրաստանի սահմանադրության հեղինակներից մեկը՝ Ավթանդիլ Դեմետրաշվիլին, նշել է, որ վարչապետի նվազագույն տարիք չի սահմանվում աշխարհի ոչ մի սահմանադրությամբ, քանի որ վարչապետը ոչ թե պետության ղեկավարն է, այլ դրա մի ճյուղի: Վարչապետի նվազագույն տարիք չի սահմանվում ճիշտ այնպես, ինչպես չի սահմանվում նաև խորհրդարանի նախագահի նվազագույն  տարիքը: Որպես կանոն՝ վարչապետն ընտրվում է խորհրդարանի անդամներից, այսինքն՝ ցանկացած դեպքում նա մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, իսկ խորհրդարանականների համար տարիք սահմանված է: Որպես նախագահի նվազագույն տարիք՝ գրեթե ամենուրեք սահմանվում է 35 տարեկանը, իսկ վարչապետը փոփոխման ենթակա պաշտոնյա է, պարզաբանել է Դեմետրաշվիլին՝ հավելելով, որ ընդլայնվել են ոչ թե վարչապետի, այլ կառավարության լիազորությունները:

Վրաստանի վարչապետի ապագա հավանական թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին 31 տարեկան է, փոխանցում է Грузия-Online-ը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի ընդդիմությունը սպառնում է բոյկոտել Ժնևի կոնֆերանսը’
Հաջորդ հոդվածը‘«Վալենսիան» պատրաստ է 7 մլն £ առաջարկել Դեմբա Բայի համար’