‘Աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը քրեական գործով տուժող է ճանաչվել’

3250

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ նրա եղբայր, ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը տուժող են ճանաչվել մայիսի 7-ին իրենց վրա կատարված հարձակման գործով: Այս մասին այսօր վերաքննիչ դատարանում, նույն գործով աղբյուրի բացահայտման պահանջի բողոքարկման դատաքննության ժամանակ հայտարարեց դատախազ Հայկ Պետրոսյանը, փոխանցում է iLur.am-ի թղթակիցը: Ընդ որում՝ ըստ դատախազի, գործով մեղադրյալներ առայժմ ներգրավված չեն:

Հիշեցնենք, որ, ըստ iLur.am-ի հավաստի աղբյուրների, այս տարվա մայիսի յոթին Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը անսթափ վիճակում զենքով սպառնացել է Ալեքսանյան եղբայրներին եւ ատրճանակի կոթով հարվածել է Ռաֆայել Ալեքսանյանին:

Դեպքի մասին գրեցին այլ լրատվամիջոցներ եւս, մասնավորապես՝ «Հրապարակ» օրաթերթը:

Ոստիկանությունը մեր հրապարակումից անմիջապես հետո հերքեց տեղեկատվությունը, iLur.am-ը պնդեց, որ լուրը հավաստի է, եւ Գյումրիում դրա մասին գիտեն բոլորը: Դեպքի մասին դատապարտող հայտարարություններով հանդես եկան գյումրեցի պատգամավորներ (այդ թվում՝ ՀՀԿ-ական), հասարակական մի շարք գործիչներ: Դատախազության պահանջով հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց պարտավորեցնել iLur.am-ին եւ «Հրապարակ» օրաթերթին՝ բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Լրատվամիջոցները վերաքննիչ բողոք ներկայացրին՝ առաջին ատյանի կայացրած ակտը համարելով հակաիրավական: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը:

Ոստիկանության կամայականությունները, բարեբախտաբար, չխանգարեցին ճանաչված ըմբիշների հաջողություններին. մասնավորապես, Արթուր Ալեքսանյանը սեպտեմբերի 14-ին փայլուն ելույթ ունեցավ Տաշքենդում եւ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:  

Նախորդ հոդվածը‘Սերժի 2 ճակատագրական խնդիրները. Իշխել եւս 10 տարի ‘
Հաջորդ հոդվածը‘UNIDO-ի նոր ծրագիրը ՀՀ-ում. արդիականացնել նորաձևության և մոդելավորման ոլորտի տեխնիկական ներուժը ‘