‘Աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53- րդ-ն է’

861

Հայաստանն աշխարհի երջանիկ երկրների ցուցակում 53-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բրիտանական հետազոտությունների ինստիտուտի «Նոր տնտեսագիտական հիմնադրամի» վերլուծության վերջին տվյալներով`աշխարհի 151 երկրների ցանկում Հայաստանը ամենաերջանիկներից 53-րդ-ն է: «The Happy Planet Index» (HPI)  ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքներով` մեր երկրի երջանկության ցուցանիշը կազմում է 46.0:

HPI-ն, հանդիսանալով կայուն բարեկեցության չափման աշխարհի առաջատար ծրագիրը, ցույց է տալիս, թե որքանով են աշխարհի երկրները կարողանում երկար, երջանիկ և կայուն կյանք ապահովել իրենց բնակիչների համար: Երկրների դասակարգման ցուցանիշը կազմվում է` հիմնվելով երեք չափանիշերի վրա`բնակիչների կյանքի սպասվելիք միջին տևողություն, բարեկեցություն և այսպես կոչված էկոլոգիական «հետք» (մարդկային ազդեցությունը կրի էկոհամակարգերի վրա):

Հայաստանն աչքի է ընկել համեմատաբար բարձր կյանքի սպասվելիք միջին տևողությամբ:

Ամենաերջանիկ երկրներ են ճանաչվել Կոստա Ռիկան, Վիետնամը, Կոլումբիան, Բելիզը և Էլ Սալվադորը, իսկ ոչ երջանիկ երկրների շարքում են Բոցվանան, ապա`Չադը, Քաթարը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Մալին:

2012 թվականի HPI այս զեկույցում ընդգրկվել են 151 երկրներ: «Երջանկության ցուցանիշ»-ը երրորդ անգամ է հրատարակվում:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Ուղերձային ծաղկաքաղ՝ ԼՂ հիմնախնդրի ակնարկներով ‘