‘
Քրիստոնյաներից և մուսուլմաններից հետո՝ աշխարհում ամենաբազմամարդ խումբը կազմում են աթեիստները՝ ավելի քան մեկ միլիարդ մարդ: Նման եզրակացություն է պարունակում «Համաշխարհային կրոնները և նրանց տարածումը» զեկույցը, որը պատրաստել է վերլուծական Pew ընկերությունը, հաղորդում է Росбалт-ը:
Փորձագետների տվյալներով՝ ամենատարածված կրոնն աշխարհում քրիստոնեությունն է՝ այն ունի 2,2 միլիարդ հետևորդ, կամ Երկրի բնակչության 31,5 տոկոսը: Նրանց մոտավորապես կեսը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են, բողոքականները կազմում են 37 տոկոսը, ուղղափառները՝ 12 տոկոսը:
Տարածվածությամբ երկրորդ կրոնն աշխարհում իսլամն է: 2010 թ.նրա հետևորդների թիվը կազմել է 1,6 միլիարդ մարդ՝ երկրագնդի բնակչության 23 տոկոսը: Նրանց մեծ մասը սուննիզմի հետևորդներ են, շիա մահմեդականներն ընդհանուր թվի 10-13 տոկոսն են կազմում:
Ոչ մի կրոնի չհետևողների թիվը, ըստ վերլուծաբանների հաշվարկների, 1,1 միլիարդ է, որից 700 միլիոնն ապրում է Չինաստանում, 72 միլիոնը՝ Ճապոնիայում, և ավելի քան 50 միլիոնը՝ ԱՄՆ-ում:
Երկրագնդի բնակչության թվից 405 միլիոնը տեղական հավատալիքների հետևորդներ են: Նրանց մեծ մասն ապրում է Աֆրիկայում, ՉԺՀ-ում և Ավստրալիայում:
‘