Ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 200 միլիոնից։ Ընդ որում՝ վերջերս Դելտա տարբերակի պատճառով Covid-19-ի տարածման տեմպերն զգալիորեն արագացել են։
Փորձագետներն ասում են, որ զանգվածային իմունացումը դանդաղեցնում է համավարակը և օգնում է կանխել մահացությունը, սակայն պատվաստանյութերը բոլորին չեն հերիքի։
Ինչպես նշել է Reuters գործակալությունը, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է Երկրի բնակչության առնվազն 2,6 %-ը։ Եթե բոլոր հիվանդները հավաքվեին մի երկրում, ապա այդ երկիրը բնակչության թվով աշխարհում ութերորդ տեղում կլիներ։
Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն իր հաշվարկներում օգտագործում է պաշտոնական վիճակագրությունը, տեղեկացրել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 4,2 մլնից ավելի մարդ։ Մինչդեռ այս տարվա մայիսին Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտարարեցին, որ մահացության թվերն աշխարհում կրկնակի նվազեցված են։
Փոխանցում է BBC-ն։
