‘Աշոտ Ադամյան. Ավազակապետությունը մեզ չի սազում’

2328

iLur.am-ի հարցերին է պատասխանում հայտնի դերասան Աշոտ Ադամյանը

Պարոն Ադամյան, Հայ Ազգային Կոնգրեսում տեղի են ունենում վերափոխումներ: Մասնավորապես, ՀՀՇն վերանվանվեց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության: Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում այդ գործընթացներին:

-Ինքս շատ վաղուց զգում էի, որ մի օր դա տեղի կունենա, քանի որ ՀԱԿ-ը կազմավորվել էր որպես, մեկ ընդհանուր Գերխնդրի շուրջ, բազմաթիվ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների միավորում: Երբ տարբեր շարժառիթներով այդ միավորումից սկսվեց «արտահոսք»՝ կազմակերպության ֆորմատի փոփոխումն անխուսափելի էր: Այդ հարցին վերաբերմունքս, բնականաբար, դրական է: Ինքս կուսակցության անդամ չեմ դառնում, քանի-որ երբեւէ մտադիր չեմ դառնալ կուսակցական:

Ձեր կարծիքով, ՀԱԿի` կուսակցության վերակերպումն ի՞նչ ազդեցություն կունենա ներքաղաքական դաշտի վրա:

-Ամեն դեպքում, ՀԱԿ-ը մնում է այն քաղաքական ուժը, որից սկիզբ առավ քաղաքականապես հասուն հասարակության ձեւավորումը: Հնգամյա պայքարի պտուղները, կարծում եմ, ակնհայտ են:

Կկարողանա՞ արդյոք ՀԱԿը հիմա ոչ թե որպես շարժում, այլ որպես կուսակցություն դոմինանտ դեր խաղալ ընդդիմադիր դաշտում:

— Որպես շարժում՝ նշանակում է վերկուսակցական հասարակական նպատակներով առաջնորդվող քաղաքական ուժ: Մնացածը պայմանավորված է գործունեության որակից, ձեռնարկվող որոշումներից եւ քայլերից:

Հետաքրքիր է` իսկ դուք որպես մտավորական, ինչո՞ւ եք որոշել այնուամենայնիվ, ներգրավվածություն ու մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին: Ի՞նչն է ստիպում մտավորականին, արվեստագետին հանդես գալ նաեւ քաղաքական դաշտում:

— Ես երբեք չեմ ծրագրել եւ չեմ երազել ապրել մի երկրում, որի ճակատագրի հանդեպ կլինեմ անտարբեր: Երբեք չեմ ցանկանա ապրել մի երկրում, որտեղ որեւէ մեկը կհավակնի լինել «ավելի բարձր», քան երկրի մյուս քաղաքացիները: Եվ չեմ ուզում, որ ինչ-որ մեկը, առավելեւս ցածրորակ գաղափարներ կրողը, ստիպի ինձ ապրել իր ցածրորակ «թայֆաբազական» բնազդածին դրվածքների ներքո:

Իսկ ձեր կարծիքով, անպայմա՞ն է, որ մտավորականը լինի ընդդիմադիր դաշտում, այսինքն մտավորականի համար սա կենսակե՞րպ է, թե՞` ոչ:

— Չեմ կարող ասել, թե ինչպես է եւ ինչ է մտավորական ասածը, եւ ինչով են այն ուտում: Իսկ յուրաքանչյուր մարդուց, անկախ իր նախասիրություններից, պահանջում եմ, որ երկիրը չափի ոչ թե իր, այլ ժողովրդի արշինով:

Եվ վերջո՞ւմի՞նչ կհավելեիք: 

— Ավազակապետությունը մեզ չի սազում: Ամոթ է: Հին իմաստուն ու մշակութային ավանդներով հարուստ ազգ ենք… բայց մեր ՀԻՆ պրոբլեմներից չենք կարողանում ձերբազատվել: Պիտի կարողանանք: Միայն այդպես մեր երկիրը նորից հրապուրիչ կդառնա իր զավակների համար ու ետ կբերի բոլոր պոկված բեկորները:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Փակ շուկան վերականգնելու որոշումը պիտի պաշտպանության նախարարությունը կայացներ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Հայբուսակի» ուսանողի ստուգման գրքույկը սիրիացի ապստամբները «ռուսական անձնագրի» տեղ են ներկայացնում (տեսանյութ)’