‘
iLur.am-ի զրուցակիցն է հայտնի դերասան Աշոտ Ադամյանը
— Պարոն Ադամյան, հետաքրքիր էր իմանալ ձեր տեսակետը՝ այս օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:
-Հիսուն դրամը շատ շատերի համար զգալի ծանրություն էր առանց այն էլ խղճուկ ընտանեկան բյուջեի համար: Սակայն համաժողովրդական ընդվզումը կապել դրա հետ, ճիշտ չէ: Չեմ ուզում թվել թանկացումների հսկայական ցանկը: Դրանք բոլորը նույնքան ծանր են, որքան եւ տրանսպորտի այս ակնհայտ, աննախադեպ ու անակնկալ, ավազակային թանկացումը, որը թանկացումների շղթայում հիմնական դրդիչներից է: Մարդկանց մեջ հասունացել է բողոքը ավազակային համակարգի կամային վարքագծի հանդեպ: Մարդիկ չեն ուզում լինել «անլեզու հայվան»: «Իշխանությունը» անշուշտ, կձեռնարկի «կոսմետիկ» քայլեր, որոնց ժողովուրդը վաղուց ընտելացել է եւ գիտի, որ դրանք կարվեն ավազակային բուրգի պահպանման մտահոգությամբ միայն…
-Տրանսպորտի ուղեվարձի իջեցման մասին հայտարարությունը կարելի՞ է արդյոք համարել հաղթանակ:
-Չեմ պատկերացնում այն «խելացիին» ով, տրանսպորտի գինը «փրկելուց» հետո, կհայտարարի, որ արդարությունը հաղթանակեց: Դա հաղթանակ չի, այլ մի փոքրիկ դրվագ, որը պիտի լցվի արդարության ձգտող ժողովրդի ՄԵԾ անելիքի գանձարանը, որի անունն է՝ փրկվել ավազակներից եւ ընտրել արդար ու ողջամիտ կառավարողներ (իմա՝ ծառաներ): Եվ միայն այդպես կարելի է ուղղել ծռված մեջքն ու դուրս պրծնել խեղճ ու կրակի պատյանից:
‘