‘Աշոտ Ադամյան. Պետությունն ունի պետություն դառնալու պահանջը, որը, ցավոք սրտի, իրենք չեն կարողացել ապահովել’

712

Ես միանշանակ համաձայն չեմ այդ հայտարարությանը, որովհետև վերջին 5 տարիների ընթացքում անկում է ապրել տնտեսությունը, սոցիալական բոլոր հարաբերությունները, արտագաղթն ահագնացել է, բոլոր խնդիրները բարձրացել են ջրի երես, և, բնականաբար, ժողովուրդն ընդվզում է: Ռեժիսոր Աշոտ Ադամյանը iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանի այն հայտարարության վերաբերյալ, թե իրենց հաջողվել է «կայունացնել և բացել քաղաքական համակարգը, անհրաժեշտ մակարդակով խորհրդարանական ընտրություններ անցկացնել»:

«Պետությունն ունի պետություն դառնալու պահանջը, որը, ցավոք սրտի, իրենք չեն կարողացել ապահովել: Իրենք ապահովել են ընդամենը անվանումը՝ Հայաստան պետություն: Ինչպես ասում են՝ անունը կա, ամանումը չկա: Հետևաբար, եթե այդ խնդիրները ոչ մի կերպ չեն նահանջում, նշանակում է, որ պետություն կառուցելու գործը եթե անգամ սկսվել է, ապա ընթացք չի ստացել: Ինչ վերաբերում է նրան, թե քաղաքական դաշտը կայունացրել են, ապա տեղի է ունեցել հետևյալը. ամեն ինչը, ինչպես ասում են, պահածոյացվել է: Այդ կրիմինալ համակարգը, որը սերտաճած է այս կառավարման հետ, թույլ չի տալիս, որ անգամ լավագույն ցանկությունները նորմալ ընթացք ստանան»,- նշեց Ադամյանը:

Նրա կարծիքով՝ եթե այս ընթացքում փոփոխություններ եղել են, ապա դեպի բացասականը: Նաև պետք է նկատի ունենալ, թե փոփոխություն ասելով՝ ինչ նկատի ունենք:

«Փոփոխությունն ամեն ինչին կարող է վերաբերել, բայց փոփոխություն ասելով՝ մենք ի՞նչ նկատի ունենք:  Եթե հիմա ջերմաստիճանը 15 է, հետո՝ 20, դա էլ է փոփոխություն, բայց ոչինչ չի փոխվել, չէ՞: Թերությունները գնալով ավելի ու ավելի սարսափելի են դառնում: Էլ չեմ խոսում արտագաղթի մասին»,- ասաց ռեժիսորը:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանի կարծիքով՝ ոստիկանությունը բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Վերջ դրեք պատանդների առեւտրի այս խայտառակ քաղաքականությանը ‘