‘
«Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է», — երեկ Երեւանում ընթացող ԵՄ Արեւելյան գործընկերության Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով, հայաստանյան իշխանությունները, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, սովոր են վարդագույն ակնոցով նայել մամուլի ազատության ոլորտում առկա իրավիճակին, չնայած որ միջազգային կազմակերպությունների զեկույցները այլ բանի մասին են վկայում:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պարբերաբար հրապարակում է զեկույցներ եւ տարեկան զեկույց, որտեղ երեւում է ե՛ւ ֆիզիկական բռնությունների քանակը, ե՛ւ լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների քանակը: Այն բավականին մեծ է, եւ հաշվի առնելով այդ իրողությունը՝ մենք մեր համաձայնությունն ենք արտահայտել միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Freedom House-ի գնահատականներին, ըստ որոնց՝ հայաստանյան մամուլը դեռեւս մնում է ոչ ազատների շարքում», -iLur.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը:
Այնուհանդերձ, նրա խոսքով՝ առցանց մամուլը Հայաստանում բավականին ազատ է, համենայնդեպս՝ ավելի ազատ, քան ավանդական մեդիան:
«Սա է իրողությունը, իսկ իշխանությունները սովորաբար շատ ավելի բարվոք իրավիճակ են փորձում ցույց տալ, ինչը որ չի համապատասխանում իրականությանը», — ասաց մեր զրուցակիցը:
‘