1-ին մաս, 2-րդ մաս
«Թույլ օղակ» Անդրկովկասի անջատումը Ռուսաստանից
Ավելի քան բնական է, որ կայսրության թուլացման պահին դրա «թույլ օղակները» պիտի օգտվեին հնարավորությունից եւ անջատվեին (ինչպես Լեհաստանը, Ֆինլանդիան, Բալթյան երկրները եւ այլն)։
Որպես «թույլ օղակ» անջատվեց նաեւ Անդրկովկասը։
1918 թ. մայիսի վերջին այստեղ, ըստ հիմնական երեք ազգերի ու դրանց զբաղեցրած տարածքների, հռչակվեցին երեք հանրապետություններ` Վրացական, Ադրբեջանական, Հայկական, երեքն էլ իրենց հռչակագրերում սահմանների հստակեցում չանելով։
Ի տարբերություն առաջին երկուսի, որոնց Ազգային խորհուրդները անկախ հանրապետություններ հռչակեցին, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հռչակեց «հայկական գավառների» վրա իր «գերագույն և միակ իշխանություն» լինելը (այդ հայտարարության մեջ չկային «անկախություն», «հանրապետություն» բառերը)։ Ընդգծվածը, ինչպես տեսանք, բնակչության ազգային կազմով եւ անվանմամբ (հայկական) իրողություն էր դարձել որպես Ռուսական կայսրության՝ Անդրկովկասում վարած քաղաքականության ռազմավարական գծի հետեւանք-արդյունք, որ պաշտոնական գործածմամբ նաեւ օրինակարգություն էր ստացել 100 տարվա ընթացքում։
Կրկնենք, դա արվել էր հանուն կայսրության իշխանության եւ շահերի, ոչ թե հայկական պետականության հիմք ստեղծելու նպատակով։ Օբյեկտիվորեն, սակայն, հենց այս հիմքի վրա է, որ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Հարյուր տարի առաջվա ժողովրդագրական եւ իրավական վիճակը պահպանված լինելու դեպքում Հայոց Ազգային խորհուրդը, եթե անգամ կարող էր զուտ լայն պատմական առումով այդ տարածքները կոչել «հայկական գավառներ», սակայն գործնականում անհնար պիտի լիներ այդ հիմքի վրա Հայկական ազգային պետականություն ստեղծել 25% հայկական բնակչությամբ։
Կայսրության վերադարձը
Պատմությունը ցույց է տալիս, որ կայսրությունները, որպես կանոն, ձգտել են վերականգնել կորցրած ազդեցությունը կամ վերահսկողությունը։
Մոտ երկուսուկես տարի անց Ռուսաստանը Անդրկովկաս վերադարձավ անմիջապես, երբ դեռ մինչեւ վերջ չէր լուծել ներքին՝ քաղաքացիական պատերազմի, եւ արտաքին՝ Անտանտի (Արեւմուտքի) դեմ պայքարի ծանրագույն խնդիրները։ Վերադարձավ որպես Խորհրդային Ռուսաստան։
Մինչ այդ՝ ոգեւորված Սեւրի պայմանագրի հեռանկարով՝ Հայաստանը մերժել էր եղած սահմաններով (մոտ 65-70.000 կմ.քառ. տարածքով եւ Սեւ ծովի ափին նավահանգիստ ստանալու հիմքով) հաշտության պայմանագիր կնքելու Թուրքիայի առաջարկը։ Դա նույն 1920 թ. սեպտեմբերին հանգեցրել էր վերջինիս հետ պատերազմի։ Թուրքական զորքերը գրավել էին Կարսը եւ Արդահանը, նաեւ օկուպացրել Արեւելյան Հայաստանի մեծ մասը։ Նրանց, կարծես, ոչինչ չէր խանգարում դեպի Երեւան շարժվելու համար։ Խանգարեց արտաքին հանգամանքը՝ խորհրդային բանակի մուտքը Հայաստան, երկիրը խորհրդային հայտարարելը եւ դեպի Երեւան շարժվելը։ Կարմիր բանակի մուտքը դարձավ այն վճռորոշ գործոններից մեկը, որը փոխեց իրավիճակը և սահմանափակեց թուրքական հետագա առաջխաղացման հնարավորությունը։ Դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը՝ ինչով Հայաստանի կառավարությունը հրաժարվեց Սեւրի պայմանագրից, նաեւ կորցրեց Կարսը, Արդահանը, Սուրմալուն։
Իրավիճակն այսպիսին էր.
Խորհրդային Ռուսաստանը եւ Քեմալական Թուրքիան ունեին նույն արտաքին հակառակորդը՝ Անտանտան, եւ այդ հողի վրա, միմյանց կարիքն ունենալով, սերտ բարեկամներ, դաշնակիցներ էին։
Հայաստանը Անտանտայի «կրտսեր դաշնակիցն» էր (ոչ պաշտոնապես), դրանով՝ երկուսի էլ հակառակորդը (Դաշնակցական կառավարությունը Ռուսաստանի քաղաքացիական պատերազմում նաեւ «սպիտակների» հետ էր)։
Կարմիր բանակի մուտքից եւ Հայաստանը խորհրդային հռչակելուց հետո թուրքական զորքերի հետագա առաջխաղացումը դեպի Երեւան արդեն կնշանակեր հակամարտություն Ռուսաստանի հետ։ Թուրքիան, բավարարվելով 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմների հետեւանքով կորցրած հայկական տարածքները ետ ստանալով, կանգնեցրեց առաջխաղացումը՝ իր շահերի համար ավելի կենսական համարելով Ռուսաստանի հետ այդ պահին ունեցած բարեկամության պահպանումը։
Ռուսաստանի պահանջով թուրքական զորքերը դուրս եկան Արեւելյան Հայաստանից ամբողջությամբ՝ անցնելով Ախուրյան գետը։ Ռուսաստանը կարող էր պահանջել նաեւ 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմների արդյունքում ձեռք բերած տարածքները, սակայն դա էլ կնշանակեր զինված հակամարտություն Թուրքիայի դեմ։ Այդ պահին, նույն կերպ, Ռուսաստանն իր շահերի համար ավելի կենսական համարեց Թուրքիայի հետ բարեկամության պահպանումը։
Կարսի եւ Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրերով (1921 թ.) տարածքային առումով ամրագրվեց նույն վիճակը, ինչ Ալեքսանդրապոլում։ Բայց նաեւ Հայաստանն ազատվեց այդ պայմանագրով նախատեսված ռազմական խիստ սահմանափակումներից եւ նվաստացուցիչ այնպիսի պարտավորություններից, որոնք ժամանակի ընթացքում պիտի հանգեցնեին պետականության փաստացի վերացմանը։ Չլիներ հայ-թուրքական պատերազմի եւ Հայաստանի ռազմական պարտության փաստը, որեւէ այլ հիմք չէր պարտադրի Ռուսաստանին զիջելու 19-րդ դարում միջազգային պայմանագրերով իրեն անցած Կարսը, Արդահանը, Սուրմալուն։ Այսինքն՝ Հայաստանը խորհրդային կդառնար իր ունեցած 70 հազար կմ. քառ. տարածքով, եւ դա ամբողջությամբ կբխեր Անդրկովկասի նկատմամբ վերահսկողության ապահովման Ռուսաստանի՝ Անդրկովկասում «երրորդ խաղացող» ունենալու արդեն շուրջ հարյուրամյա քաղաքականության նույն ռազմավարությունից։ Եւ դա՝ առանց Թուրքիայի հետ այդ պահին ցանկալի բարեկամությունը վտանգելու։ Հենց այդպես եղավ Վրաստանի խորհրդայնացման դեպքում, որը Թուրքիայի դեմ պատերազմի եւ պարտության հանգամանք չուներ. 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքված պայմանագրով Թուրքիան հրաժարվեց Բաթումից եւ Աջարիայի հյուսիսային մասից հօգուտ Վրաստանի։ Խորհրդային Ռուսաստանի՝ Անդրկովկասին վերատիրելու գործողությունների այս դրվագի հետեւանք-արդյունքը, օբյեկտիվորեն, եղավ հայ-թուրքական պատերազմով հոգեվարքի հասած Հայաստանի, որպես պետականության վերակենդանացումը՝ թեկուզ Առաջին Հանրապետության ունեցած տարածքի կեսի վրա։
Խորհրդային շրջան
Խորհրդային Ռուսաստանը, ըստ կարողության, ունեցած կորուստներից վերականգնեց վերահսկողությունը նախ այն տարածքների նկատմամբ, որոնք առավել կենսական նշանակություն ունեին իր ռազմական, տնտեսական եւ քաղաքական կայունության ու հեռանկարի համար։ Դրանց թվում էր Անդրկովկասը։
1920 թ. Կարմիր բանակը մտավ Ադրբեջան եւ ապրիլի 27-28-ին այդ երկիրը հայտարարեց խորհրդային։ Հայաստանը խորհրդային հռչակվեց նույն թվականի նոյեմբերի 29-ին, Վրաստանը՝ 1921 թ. փետրվարի 25-ին։
Երեք հանրապետություններից խորհրդայնացմանը ամենաթույլ դիմադրությունը ցուցաբերեց Ադրբեջանը։ Վրաստանում եւ Հայաստանում լուրջ դիմադրություն եղավ։ Հայաստանում դա 2021 թ. փետրվարյան ապստամբությունն էր եւ խորհրդային իշխանության ժամանակավոր տապալումը։ Խորհրդային իշխանության դեմ ապստամբություն եղավ նաեւ հայկական Լեռնային Ղարաբաղում։ Հնարավոր է, որ հակախորհրդային այս վարքագիծը, Թուրքիայի հետ այդ պահին Ռուսաստանի բարեկամության հանգամանքից զատ, որոշակի դեր խաղաց սահմանների ճշտման (Լեռնային Ղարաբաղ եւ Նախիջեւան) գործում ի վնաս Հայաստանի։
1922 թվականի մարտի 12-ին Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծվեց Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի կազմով՝ որպես հավասարազոր միավորներ։ Անդրֆեդերացիայի ստեղծումը առաջին շրջանում անհրաժեշտ էր մի շարք խնդիրների, մասնավորապես վիճելի մնացած սահմանների անցնցում կարգավորման համար։ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին, երբ կազմավորվեց ԽՍՀՄ-ը, Անդրկովկասյան ֆեդերացիան դարձավ դրա հիմնադիր չորս սուբյեկտներից մեկը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի հետ միասին։
Ավելի ուշ՝ «թույլ օղակ» Անդրկովկասի նկատմամբ վերահսկողության առավել վստահելի լծակներ ունենալու համար նպատակահարմար համարվեց սա տրոհել առանձին միութենական հանրապետությունների՝ ընդդեմ միասնական իշխանությամբ Անդրկովկասի հնարավոր կենտրոնախույս ձգտումների։ 1936 թ. ԽՍՀՄ Սահմանադրությամբ Անդրկովկասյան ֆեդերացիան լուծարվեց, եւ նրա երեք միավորները ԽՍՀՄ կազմի մեջ մտան որպես առանձին, հավասարազոր միութենական հանրապետություններ։
Ետպատերազմյան շրջանում՝ 1946-48 թթ. ԽՍՀՄ-ը պետական մակարդակով կազմակերպեց արտասահմանում ապրող շուրջ 100.000 հայերի մեծ հայրենադարձություն (ավելի փոքր չափերի ներգաղթեր եղել էին նաեւ դրանից առաջ եւ եղան դրանից հետո)։ Դա էականորեն լրացրեց պատերազմի ժամանակ հայ բնակչության կորուստները, բարելավեց հանրապետության ժողովրդագրական վիճակը։
Կրկնենք. Ռուսաստանը Անդրկովկասին մշտապես մեծ կարեւորություն է տվել եւ իր տիրապետության տակ թե ազդեցության ոլորտում պահելու համար որպես քաղաքական ռազմավարություն աշխատել է այստեղ ունենալ երեք միավոր։ Երրորդ միավորը եղել է Հայաստանը։ Դա արվել է հանուն սեփական շահերի, սակայն օբյեկտիվորեն, որպես ռազմավարական այդ գծի հետեւանք-արդյունք գոյացրել է հետեւյալ շղթան.
- Իրեն միացված Արեւելյան Հայաստանում հայկական տարրի մեծամասնության ապահովում.
- Այդ հիմքի վրա Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծում.
- Այդ հիմքի վրա Հայաստանի երկրորդ՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետություն.
- Այդ հիմքի վրա Հայաստանի Երրորդ Հանրապետություն։
Քաղաքական եզրահանգում
Հայ քաղաքական միտքը երկու հարյուր տարի, որքան ավելի սթափ՝ այնքան ավելի մեծ օգուտ է ստացել Ռուսաստանի՝ ի դեմս Հայաստանի Անդրկովկասում «երրորդ խաղացող» ունենալու ռազմավարությունից (ամբողջ 19-րդ դար)։ Հակառուսական դիրքավորման դրվագներում (Առաջին հանրապետության շրջան) կորցրել է ունեցածից կամ չի իրացրել պատմական տվյալ պահի պատեհությունից օգտվելու, ավելին ունենալու իրական հնարավորությունները։
Նախկին գաղութատեր տերությունները, մեծ մասամբ հաջողությամբ, այսօր էլ փորձում են պահել իրենց ազդեցությունը անկախացած նախկին գաղութների վրա։
Ռուսաստանը բացառություն լինել չի կարող։ Նրա համար, սակայն, ազդեցությունը պահելու խնդրից առաջ կա իր հարավային սահմանի անվտանգության ավելի կարեւոր հարցը։ Դա ակնհայտորեն կվտանգվի, եթե Անդրկովկասյան երկրները դառնան իր հակառակորդի դաշնակից եւ նրա համար պլացդարմ։ Նման փորձ արդեն մի անգամ արել է Վրաստանը եւ պատժվել (2008 թ.)։ Ադրբեջանը նման փորձ դեռ չի արել, սակայն դրա հնարավորությունները ավելանում են՝ կապված Թուրքիայի հանգամանքի, նրա հետ Հայաստանով չվերահսկվող միջանցք ստանալու հեռանկարի հետ։ Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքական շրջադարձը մեծացնում են Ռուսաստանի հարավային սահմանը վտանգվածությունը, եւ նա դա չի կարող հանդուրժել։
Ինչպես ցարական, խորհրդային, այնպես էլ ետխորհրդային Ռուսաստանի համար Անդրկովկասը, «թույլ օղակ» լինելով հանդերձ, նույն արժեքն ու նշանակությունը ունի։ Դա մեր կամքից անկախ օբյեկտիվ իրողություն է, փոխելը՝ մեր հնարավորություններից դուրս։
Անդրկովկասը պահելու հարցում (նախ` որպես մաս, որպես ազդեցության ոլորտ, հիմա՝ առնվազն որպես չեզոք, անվտանգ հարեւան) Ռուսաստանի 200-ամյա ռազմավարության մեջ Հայաստանը ԳՈՐԾՈՆ է՝ այս տարածաշրջանում ներքին հավասարակշռությունը պահելու համար։ Դա հաշվի առանք 1990-ականներին, քաղեցինք հնարավոր օգուտները, դիմակայեցինք ծանրագույն մարտահրավերների, կործանումից փրկեցինք Արցախը։ Դուրս եկանք այդ իրողության դեմ (2018-ից այս կողմ)՝ ստացանք նոր մարտահրավերներ, կորցրինք Արցախը։ Կկարողանանք հաշվի առնել օբյեկտիվ, մեր կամքից անկախ գոյություն ունեցող այդ իրողությունը՝ դեռ ինչ-որ բան կարող ենք շտկել ու պահել։ Կշարունակենք արհամարհել օբյեկտիվ իրողությունները եւ շարունակել արկածախնդրությունը՝ կունենանք նոր կորուստներ։
Նույն 200 տարում, ինչպես ցույց են տալիս պատմական փաստերը, հավաքական Արեւմուտքի խնդիրն է եղել Անդրկովկասը ռուսական ազդեցության ոլորտից հանելը։ Հայաստանն այս դեպքում նրանց համար ընդամենը մի ԳՈՐԾԻՔ է եղել։ Այդպես էր Առաջին հանրապետության շրջանում՝ իր ողբալի հետեւանքով, այդպես է 2018-ից առ այսօր։
ԳՈՐԾՈՆԸ եւ ԳՈՐԾԻՔԸ տարբեր բաներ են.
Գործոն լինել միջազգային մասշտաբով մենք չենք կարող. այդպիսին կարող ենք լինել այն անվտանգային համակարգի ներսում, որը մեր կարիքն ունի եւ որպես այդպիսին՝ երկարաժամկետ է։ Իսկ դա ենթադրում է շահագրգիռ կողմի քաղաքականության բարենպաստման ռեժիմ, ինչից եւ կարելի է օգտվել՝ պահպանելով նաւ արժանապատիվ անկախությունը։
Գործիք լինելը ենթադրում է մեկանգամյա օգտագործմամբ որոշակի խնդրի լուծում։ Այս դեպքում օգտագործողը որեւէ մտահոգություն կարող է չունենալ, թե այդ ընթացքում դա կարող է ոչ միայն մաշվել, այլեւ ջարդվել։
