1-ին մաս
Պատմագիտական ելակետային դրույթներ
«Պատմագիտական հետազոտության հիմքը ստուգելի փաստերն են, նպատակը՝ պատմության հնարավորինս անաչառ վերակառուցումն ու մեկնաբանությունը։
Միջպետական հարաբերությունները տրամագծորեն տարբեր են մարդկային հարաբերություններից. այստեղ որեւէ դեր չեն խաղում զգացումներն ու զգացմունքները։ Եթե ելնենք միջազգային հարաբերությունների ռեալիստական մոտեցումից, ապա պետությունների վարքագծի հիմնական շարժառիթը պետական շահն է։ Որդեգրված գաղափարախոսություններն ու հռչակված արժեհամակարգերն ընդամենը այդ շահերն ապահովող գործիքներ են։
Այսինքն՝ միջպետական այդ հարաբերությունները նույն կերպ կոշտ են, ինչպես «ջունգլիների օրենքը»։ Դրանցում «օգնություն», «բարեկամություն», «փրկել» «դավաճանել», «համակրանք», «հակակրանք», «անշահախնդիր», «արդար», անարդար», «բարոյական», «անբարոյական» որեւ բան լինել չի կարող։ Եթե այս հասկացությունները պատմագիտության մեջ են օգտագործվում, դա գիտություն չէ, այլ՝ էսսե։ Քաղաքագիտության, քաղաքական հռետորաբանության մեջ նման եզրույթները ծառայում են հասարակական վերաբերմունք ձևավորելուն և կարող են քարոզչական գործառույթ ունենալ հանուն ինչ-որ գաղափարախոսության, անձնական, դասային կամ կուսակցական շահի։ Երկու դեպքում էլ հաշվարկի ելակետը երկրի, ազգի, պետության շահը չէ։ Մարդկության ողջ պատմության մեջ, անգամ բացառությունների տեսքով, դժվար է պետությունների հարաբերություններում շատ թե քիչ էական հարցերում զգացումներով առաջնորդվելու օրինակներ գտնել։ Հին աշխարհից սկսած, անգամ դինաստիական ամուսնությունները նշանակություն չեն ունեցել այս հարցում եւ տեղի են տվել պետական շահի առջեւ։
Եթե անգամ տվյալ հիմնադրույթներում չափազանցություն ու անվերապահություն կան, ստորեւ հենց այս չոր ելակետերով դիտարկենք հայ-ռուսական հարաբերությունների հիմնական դրվագները՝ ամբողջությամբ մի կողմ թողնելով ինչպես խորհրդային պատմագրության Ռուսաստանին վերագրած «փրկչական», այնպես էլ հետխորհրդային շրջանի պատմագրության մեջ հանդիպող (իսկ վերջին տարիներին պետականորեն քարոզվող) «դավաճանական» ելակետերը։ Երկուսն էլ հավասարապես վտանգավոր են ու վնասակար որպես «պատմության դասեր» նկատի ունենալու, վարքագծի հիմք դարձնելու համար։ Երկու մոտեցումներն էլ պատմությունը գնահատում են բարոյական կատեգորիաներով, այլ ոչ պետական շահերի բախման տրամաբանությամբ։
Կայսրությունները կամ հզոր տերությունները իրենց պատմության մեծ մասում ձգտել են տարածքային ընդարձակման, ազդեցության ոլորտների մեծացման, ընդհուպ՝ համաշխարհային ուղղակի տիրապետության կամ քաղաքական ազդեցության, սկսած Հին Ասորեստանից, Աքեմենյան Պարսկաստանից, Հռոմից եւ մինչեւ այսօր։ Անգամ մենք ենք նման տասնամյակներ ունեցել Տիգրան Մեծի շրջանում։ Դրան հասնելու գործիքակազմը ժամանակի ընթացքում մասամբ փոխվել է, մասամբ նույնն է մնացել։ Պետությունների համար այդ մղումն ընդհուպ կարելի է համարել բնազդական մակարդակի, պետության «բնազդի» դրսեւորում։
Այս առումով Ռուսաստանը բացառություն չի կազմել եւ հիմնականում գործել է այն նույն ուժային քաղաքականության տրամաբանությամբ, որը բնորոշ է եղել մյուս խոշոր տերություններին։
Անդրկովկասի գրավումը
Դեպի Կովկաս եւ Անդրկովկաս Ռուսաստանի ձգտումները 18-րդ դարում տարածքային ընդարձակման նախագծի ձևավորման եւ գործնական փորձարկումների ժամանակաշրջան էր։ Այստեղ նա պետք է բախվեր Օսմանյան Թուրքիային եւ Պարսկաստանին։ Հայտնի է, որ նույն շրջանում հայ քաղաքական միտքը նույն այդ երկրների տիրապետության տակ գտնվող հայության համար ռուսական առաջխաղացումը համարում էր ազգային ազատագրման միջոց։
19-րդ դարի սկզբին Ռուսաստանին միացվեց Վրաստանը։ Հայկական տարածքների (Լեռնային Ղարաբաղ, Զանգեզուր եւ այլն) տիրապետման առաջին շոշափելի ձեռքբերումն արձանագրվեց 1804–1813 թթ. ռուս-պարսկական առաջին պատերազմի արդյունքով կնքված Գյուլիստանի պայմանագրով։
1826-28 թթ. ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանի տիրապետության տակ անցավ Արևելյան Հայաստանը (Երևանի և Նախիջևանի խանությունները, Օրդուբադի և Սուրմալուի գավառները)։ Պարսկաստանի հետ սահմանը հիմնականում դարձավ Արաքս գետը, բացառությամբ Սուրմալուի գավառի (Մեծ եւ փոքր Մասիսներով), որ Արաքսի աջ ափին էր։
Ռուսաստանի համար հաղթական էր նաեւ Թուրքիայի դեմ 1828-1829 թթ. պատերազմը. կովկասյան ճակատում գրավվեցին ընդարձակ հայաբնակ տարածքներ։ Սակայն դրանց մեծագույն մասը (Էրզրում, Արդահան, Բայազետ, Ալաշկերտ, Կարս) Արեւմտյան պետությունների ճնշմամբ ստիպված եղավ վերադարձնել Թուրքիային (Ադրիանապոլիսի պայմանագիր)։
Զիջելով գրաված տարածքները, Ռուսաստանը չզիջեց մի հարցում. նրա պահանջով պայմանագրում ամրագրվեց հատուկ հոդված՝ կամավորության սկզբունքով բնակչության մի երկրից մյուսը տեղափոխման իրավունք։ Նույնական մի մի հոդված էր ամրագրված նաեւ նախորդ՝ Պարսկաստանի հետ կնքված Թուրքմենչայի պայմանագրում։ Ինչպես Պարսկաստանի, այնպես էլ Թուրքիայի դեպքում խնդիրն, ըստ էության, վերաբերում էր այդ երկրներում ապրող հայ բնակչության՝ ռուսական նոր գրավված տարածքներ տեղափոխվելու, գաղթելու ազատ հնարավորությանը։
Ի՞նչն էր Ռուսաստանի նպատակը՝ ծախսատար այս խնդիրները դնելով (վերաբնակվողները վեց տարով ազատվում էին բոլոր հարկերից, նոր բնակավայրերում հիմնավորվելու համար նրանց զգալի պետական աջակցություն էր տրամադրվում)։ Բնականաբար՝ ո՛չ հումանիզմը, ո՛չ քրիստոնեական համերաշխությունը կամ գթասրտությունը, ո՛չ հայությանը «ֆիզիկական բնաջնջումից փրկելու» առաքելությունը, ո՛չ հայկական ինքնավարության, առավել եւս՝ պետականության համար հիմքեր ստեղծելը (ինչն ակնկալում էր հայ քաղաքական միտքը), ո՛չ էլ, ինչպես ասում են՝ հայերի «սիրուն աչքերը»։
Պատմագիտության մեջ այս հարցի հետ կապված արձանագրված է երկու հանգամանք-պատճառ (տե՛ս «Հայ ժողովրդի պատմություն», հ. 5, Երեւան 1974, էջ171-175)։
Առաջին. Անդրկովկասը որպես «թույլ օղակ»՝ նվաճված տարածք, կարիք ուներ նոր սահմանների պաշտպանության եւ կայսրության հետ օրգանական կապի ստեղծման։ Սա նախապես հայտնի խնդիր էր, ինչը լուծելու համար ծրագրված էր Ռուսաստանից շուրջ 80 հազար կազակներ վերաբնակեցնել նոր սահմանների երկայնքով։ Ռուսաստանում վաղուց հայտնի էին հայության բացառիկ ջերմ վերաբերմունքը եւ սպասումները (նման բազմաթիվ դիմումներ էին եղել 18-րդ դարում)։ Երկու պատերազմների ընթացքում, ի դեմս հայկական կամավորական ջոկատների խաղացած էական դերի, դրան որպես փաստ ավելացավ հայ բնակչության ռազմունակությունը որպես ազգի հատկանիշ։ Այսինքն՝ թե՛ վստահելիության, թե՛ ռազմունակության առումով նրանք կարող էին կատարել նույն գործառույթը, ինչ նախատեսվում էր կազակների՝ շատ ավելի մեծ ծախսեր պահանջող վերաբնակեցման ծրագրի համար։
Երկրորդ. Հայության՝ որպես որակյալ աշխատուժ (առեւտրական, արհեստավոր, հողագործ), ըստ այդմ՝ ցանկացած պետության համար որոնելի տնտեսության զարգացման գործոն լինելը։
Այս երկու հանգամանքները լուծում էին սահմանների պաշտպանության եւ տնտեսության զարգացման ռեսուրսի հարցերը։
Եղել է նաեւ երրորդ, շատ ավելի կարեւոր հանգամանք, որը, սակայն, իմ տեղեկություններով, պատմագիտական գրականության մեջ բավարար ուշադրության չի արժանացել։
Երրորդ «խաղացողի» ստեղծում
«Թույլ օղակ» լինելն ուներ երրորդ բաղադրիչ։
Այնպես չէ, որ Անդրկովկասը, որպես ամբողջություն, անվերապահ պիտ փարվեր Ռուսական կայսրությանը որպես ազատարարի։ Այդպիսին չի եղել որեւէ կայսրություն կամ գերտերություն, եւ Ռուսաստանն էլ այդպիսին լինել չէր կարող։ Նրա մղումները եւ քաղաքականությունը, ինչպես որ դա հատուկ է ու բնական բոլոր կայսրություններին, նույնպես գաղութատիրական էին՝ սկսած տնտեսական շահագործումից, տեղական վերնախավերին ճնշելուց եւ իրավազրկելուց, մինչեւ ձուլման քաղաքականություն։ Ըստ այդմ էլ՝ դա պետք է ստանար տեղաբնիկ ազգերի նույնքան բնական հակազդեցությունը։
Հակառակ վրացական սպասումների՝ Վրաստանի թագավորությունը չպահպանվեց գերադասելի համարվող ռուսական հովանավորության տակ, այլ վերածվեց ռուսական վարչակազմով կառավարվող «Վրացական գավառի»։ Հիասթափված ազգային տոհմական- ընտրանին մի քանի անգամ ապստամբություն բարձրացրեց թագավորության վերականգնման համար եւ վրացական ազնվականության ու եկեղեցու իրավունքների սահմանափակման դեմ (1804 թ., 1812 թ., 1819-1820 թթ. 1832 թ.)։
Տարբեր մակարդակներում իշխանությունը կորցրած մահմեդական (թաթարական) նախկին վերնախավը եւս չհամակերպվեց մինչ այդ իր ունեցած իշխանության եւ դիրքի կորստյան հետ, տեւական հակառուսական շարժումները տեւեցին տասնամյակներ (1803-1830 թթ. 1863 թ.) եւ ձգտում էին դեպի Պարսկաստան։
Հայ քաղաքական միտքը, ճիշտ է, ինչ-որ տեղ հիասթափված էր, որ չեն իրականանում Հայաստանի թագավորության վերականգնման՝ Ռուսաստանի հետ կապված իրենց հույսերն ու սպասումները (չնայած՝ Ռուսաստանից նման խոստում չէր էլ եղել)։ Հայոց եկեղեցին նույնպես երբեմն ճնշումների էր ենթարկվում եւ պայքարում իր իրավունքների համար։ Վրացական եւ մահմեդական տարրերի հետ համեմատության մեջ, սակայն, հայկական տարրի վերաբերմունքը կայսրության նկատմամբ լոյալության առումով հստակ առանձնանում էր։ Կայսրության դեմ հայկական զինված կամ քաղաքական բնույթի շարժում չի ձևավորվել։ Եղել են միայն գյուղացիության տեղական բնույթի բողոքներ ընդդեմ կալվածատերերի։ Մինչդեռ Թուրքիայի եւ Պարսկաստանի դեմ բոլոր պատերազմների ժամանակ էական է եղել ռուսական զորքին հայ բնակչության ինքնաբուխ օժանդակությունը եւ կամավորական միավորումների զինական լուրջ աջակցությունը։ Թուրքական եւ պարսկական տիրապետության համեմատ ռուսական տիրապետությունը, այնուամենայնիվ, շատ ավելի թեթեւ էր բնակչության համար, իսկ հայ քաղաքական միտքը շարունակում էր Ռուսաստանը դիտել ոչ միայն որպես ազգի անվտանգության, գոյատեւման կարեւոր հենարան, այլ նաեւ Արեւմտյան Հայաստանի ազատագրման միջոց եւ հույս։
Ըստ այսմ՝ արտաքուստ թվում է, թե կայսրության վերաբերմունքն էլ, համապատասխանաբար, դրականորեն տարբերվում էր հայերի նկատմամբ։
Իրականում այլ էր խնդիրը.
Անդրկովկասում վրացական եւ մահմեդական-թաթարական ազգային հիմնական միավորները, լինելով ռուսական տիրապետությունից դժգոհ, ինչ-որ պահի կարող էին միավորվել եւ արտաքին շահագրգիռ ուժերի օգնությամբ «թույլ օղակ» Անդրկովկասը անջատել Ռուսական կայսրությունից։ Դա Անդրկովկասի «Աքիլլեսյան գարշապարն» էր ի սկզբանե։ Դրա դեմ Ռուսական կայսրությունը ռազմավարական ծրագրի, գծի կարիք ուներ։
Առկա փաստերը համադրելով՝ հնարավոր է տեսնել, որ ռազմավարական նման մի ծրագիր մտահղացվել էր նախապես, իսկ դրա գործնական իրականացման սկիզբն, ահա, Թուրքմենչայի եւ Անդրիանապոլսի պայմանագրերով ամրագրված վերոհիշյալ երկու նույնական հոդվածներն էին բնակչության ազատ տեղաշարժի իրավունքի մասին։ Դրանց իրագործմամբ, հակառակ ոչ միայն պարսկական եւ թուրքական իշխանությունների խուլ դիմադրության, այլ նաեւ Արեւմտյան տերությունների հարուցած խոչընդոտների, Պարսկաստանից եւ Թուրքիայից կազմակերպվեց շուրջ 200.000 հայություն վերաբնակեցումը Արեւելյան (այսօրվա) Հայաստան. հայ բնակչության տեսակարար կշիռն այստեղ մինչպատերազմյան 25%-ից բարձրացավ ու դարձավ գերակշռող մեծամասնություն։ Այսինքն՝ Արեւելյան Հայաստանում վերականգնվեց դարերի ընթացքում կորսված՝ հայության ազգային կրիտիկական զանգվածը։
Կայսրությունը չէր ստեղծում հայկական պետականության հիմքեր, այլ լուծում էր իր կայսերական խնդիրը՝ Անդրկովկասում առկա երկու ազգ-քաղաքական գործոնների կողքին ստեղծում էր երրորդ ազգ- գործոնը. պատմական արդյունքը չպետք է շփոթել քաղաքական նպատակի հետ։
Նույն` հայկական տարրի մեծացման նպատակին էր ուղղված ռուս-պարսկական պատերազմից անմիջապես հետո (1828 թ.) գրաված տարածքներում «Հայկական մարզի» ստեղծումը եւ այդ անվան ներմուծումը Ռուսաստանի ցարի պաշտոնական տիտղոսի մեջ։ Սա ազգային ինքնավարություն չէր, սակայն պաշտոնականացված որոշակի կարգավիճակ էր ազգի անունով՝ օժտված ձգողական ուժով։ Երբեւէ ո՛չ պարսկասկան, ո՛չ թուրքական տիրապետության տակ գտնվող պատմական հայկական տարածքներում «հայկական» անվանմամբ վարչական միավոր չէր եղել։ Այդպես Վրաստանն էր կոչվում ազգի անունով՝ «Վրացական նահանգ», որը, սակայն, պայմանավորված էր Վրաստանի՝ մինչ Ռուսաստանին միացումը (1801 թ.) թագավորություն լինելու հանգամանքով, այսինքն՝ նրա կարգավիճակն իջել էր։ «Հայկական մարզի» դեպքում նման հիմք գոյություն չուներ. միացման պահին ազգային («հայկական») անվանմամբ ադմինիստրատիվ որեւէ միավոր չկար՝ պարսկական խանություններ էին։ Այսինքն, այս դեպքում տեղի ունեցավ մի տեսակ՝ ազգի կարգավիճակի բարձրացում։ Ճիշտ է՝ ժամանակավոր էին ե՛ւ «Հայկական մարզը», ե՛ւ «Վրացական նահանգը» (1840 թ. երկուսն էլ վերացվեցին, եւ գավառները կոչվեցին քաղաքների անուններով), սակայն Ռուսաստանի ցարի տիտղոսի մեջ մինչեւ վերջ շարունակեց մնալ «Հայկական հողեր» կամ «Հայկական նահանգներ/տարածքներ» (армянские области, армянские земли) անվանումները։
Այլ ազգերի անունով (ասենք՝ «Թաթարական մարզ») վարչական միավոր Ռուսական կայսրությունում չստեղծվեց։
Այսինքն՝ Ռուսաստանի վերոհիշյալ ռազմավարական գիծը հետեւյալն էր.
Անդրկովկասում առկա երկու հիմնական էթնիկ եւ կրոնական միավորների (վրացիներ, մահմեդական-թաթարներ) կողքին ունենալ դրանց համարժեք ԵՐՐՈՐԴ հակակշիռ միավոր-«խաղացող»՝ ինքնուրույն դերակատարմամբ օժտված երրորդ ուժ՝ ի դեմս հայության։ Համարվել է, որ այդպես ավելի հեշտ ու ապահով կլիներ տարածաշրջանը իր ենթակայության կամ վերահսկողության տակ պահելու խնդիրը լուծելը։
1877-78 թթ. Ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո, Սան-Ստեֆանոյի պայմանագրով Թուրքիայից Ռուսաստանին անցան Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայազետը։ Ռուսաստանի վերոհիշյալ ռազմավարական գծի արտացոլումը կարելի է համարել այդ պայմանագրի 16-րդ հոդվածը, ըստ որի՝ Թուրքիային մնացած հայկական տարածքներում (պայմանագրում որպես աշխարհագրական անուն հենց «Հայաստան» էր կոչվում) Թուրքական կառավարությունը բարեփոխումներ պետք է կատարեր անմիջապես, ռուսական օկուպացիոն զորքերի ներկայությամբ։ Ակնհայտ էր, որ ռուսական վերահսկողությամբ այդ բարեփոխումները պետք է ծառայեին հայկական նաեւ այդ գավառներին («Հայաստանին») հետագայում հարմար առիթով տիրանալու խնդիրը դյուրացնելուն։
Արեւմտյան պետությունների ճնշմամբ, սակայն, 1877-78 թթ. պատերազմի արդյունքները վերանայվեցին Բեռլինի կոնգրեսում։ Եւ, ի վնաս Ռուսաստանի, մի շարք փոփոխությունների թվում փոփոխվեց նաեւ 16-րդ հոդվածը (դարձավ 61-րդ հոդված)։ Տեքստից հանվեց «Հայաստան» բառը, ռուսական զորքերը պետք է անհապաղ դուրս գային, իսկ բարենորոգումներ կատարելու վերահսկողությունը դրվեց նաեւ Արեւմտյան պետությունների վրա՝ դրանով իսկ, ըստ էության, զրկելով գործնականում դա իրականացնելու հիմքից։
Անդրկովկասի նկատմամբ զուտ կայսերական շահերից բխող ռազմավարական այս գծի իրականացումը օբյեկտիվորեն ունեցավ երկու փաստական հետեւանք-արդյունք.
- Դե-յուրե՝ Ռուսաստանի կայսեր տիտղոսում որոշակի տարածքի (Արեւելյան Հայաստան՝ ավելի ուշ ընդարձակված Կարսով եւ Արդահանով) «հայկական» անվամբ պաշտոնականացում- լեգիտիմացումը։
- Դե-ֆակտո՝ նույն այդ տարածքներում հայ բնակչության թվական գերակշռության ապահովումը։
Այս հանգամանքները կարեւոր դեր պիտի խաղային մեր հետագա ճակատագրում։
Շարունակելի
