‘Աշոտ Սարգսյան. Բալլադ բանվոր եւ ծրագրավորող պողոսների մասին’

2054

Երեւան։

Աստաֆյան փողոց։

Փողոցի մեջտեղով, ահա,

Մտքերի տակ ծանր կքած՝

Անցնում է մի բանվոր-

 Պողոս։

Ե. Չարենց

«Պարտադիր կուտակայինի» դեմ պայքարի շրջանակներում համացանցում եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածվեց Էմիլ Ստեփանյանի ֆեյսբուքյան մի գեղեցիկ գրառում`«Հարց՝ բա էշ չի՞ Պողոսը» վերնագրով։ Նման դիպուկ խոսքը երբեմն ավելի մեծ դեր է խաղում, քան տասնյակ կարգախոսներ, ու հենց միայն դրա համար, նախ, արժե եւս մեկ անգամ մեջբերել։

«Իսկ հիմա`մաթեմատիկական խնդիր (ես եմ հորինել) 
ԽՆԴԻՐ
Պողոսի ամսական անվանական աշխատավարձը 1.4 մլն ՀՀԴ է: Զուտ աշխատավարձը մոտ 1 մլն դրամ է: 
Հունվարի 1-ից նա համաձայնվել է ամեն աստծո ամիս 115,000 դրամ փոխանցել ինչոր կառավարչի տնօրինմանը` 30 տարի հետո բարեկեցիկ ապրելու նպատակով: 
Բարեկեցիկ ծերություն ապահովելու համար նա կարող էր նաև հիպոտեկով գնել 20,000$ արժողությամբ անշարժ գույք, քանի որ 20.000$-ի մայր գումարի և բանկային տոկոսադրույքի հանրագումարը կազմում է հենց 115,000 դրամ: 10 տարուց հետո նա դառնում է այդ գույքի լիարժեք սեփականատեր և նորից է գույք գնում: 30 տարի հետո նա ունենում է 3 հատ գույք, որոնց արժեքը ՀԱՍՏԱՏ կհամապատասխանի այդ ժամանակների  կենսամակարդակին: 
Պողոսը կարող է վաճառել կամ վարձով տալ այդ գույքը և երաշխավորել իր բարեկեցիկ ծերությունը: 
Սակայն Պողոսը որոշում է ամսական 115,000 դրամ փոխանցել ինչոր ֆոնդերի՝ ինչոր սուբյեկտիվ երաշխիքների հավատալով, որպեսզի դրանք ՓՈՂԻ ՏԵՍՔՈՎ ստանա 30 տարի հետո…. կամ էլ չստանա 
ՀԱՐՑ` ԲԱ ԷՇ ՉԻ՞ ՊՈՂՈՍԸ։

Հ. Գ. Ժողովո՛ւրդ, իրականում այդ խնդիրը գրել եմ նրա համար, որ ոմանք չզարմանան, թե ինչու է ստեղծվել «ԴԵՄ ԵՄ» շարժումը: «ԴԵՄ ԵՄ» շարժման ստեղծման պատճառը ոչ միայն ներկայիս ԽՈՒԼԻԳԱՆ իշխանավորներին չհավատալն է, այլև այն, որ այս «զոռբա» նախագիծը իրոք որ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ ՍԵՓԱԿԱՆ ՔՐՏԻՆՔՈՎ բարձր աշխատավարձ ստացող և ոչ մի քաղաքացու: Այդ քաղաքացիներն են մեր ապագա հույսն ու հավատըայդ քաղաքացիների 99%-ն այժմ պայքարի մեջ է և ՉԻ՛ԶԻՋԵԼՈՒ»։

***

«Բա էշ չի՞ Պողոսը» հարցն այս խնդրի, այսպես ասենք՝ «քաղաքացիական» հարց-տարբերակն է։ Եվ առաջին հայացքից թվում է, թե հարցը բխում է շարադրված «մաթեմատիկական» խնդրից։ Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե խոսքը վերաբերեր Պողոսի ազատ ընտրությանը։ Անցած տարիներին, երբ կար այդ ազատ ընտրության հնարավորությունը` 250.000 պողոսներից ընդամենը 100 հոգի է նման որոշում կայացրել։ Շատ չի։ Բայց այլ են այսօրվա իրականությունն ու իրողությունները։ Հիմա Պողոսն իր կամքով չէ, որ մտածում է կամ պիտի մտածի իր աշխատավարձի 6-13 տոկոսը մուծել կենսաթոշակային ֆոնդ՝ 30 տարի հետո ստանալու համար։ Նրան ստիպու՛մ են անել դա։ Ինչպես ցանկացած մաթեմատիկական խնդիր, սա` նույնպես, եթե հարցը ճիշտ չի կազմված, անլուծելի է։ Նույն այս խնդրի ճիշտ հարցը կլինի.«Էս էշի տե՞ղ են դրել Պողոսին»։ Եւ սա կլինի խնդրի քաղաքական հարց-տարբերակը։

Հարցի «քաղաքացիական» տարբերակը (կամ` ընկալումը) այսօր Պողոսին որեւէ ճանապարհ չի հուշում։ Իսկ եթե հուշում է, ապա ոչ ավելի, քան՝ «ես էլ կթողնեմ էս երկրից կգնամ»-ը՝ որպես ելք, բայց ոչ`որպես խնդրի լուծում։

Հարցի քաղաքական տարբերակը (կամ` ընկալումը) Պողոսի մարդկային արժանապատվությունն է արթնացնում, «ո՞նց թե, սրանք ո՞վ են, որ…» հարցադրմամբ նրան քաղաքացիական կեցվածքի, հակադրվելու, հակազդելու ակտիվ գործողության է մղում, որը եւ կարող է խնդրի լուծման հանգեցնել։

Հարյուր տարի առաջ Երեւանի Աստաֆյան (հիմա՝ Աբովյան) փողոցով ճիշտ այսպես՝ «մտքերի տակ ծանր կքած»՝ անցնում էր «էշի տեղ դրված» բանվոր Պողոսը։ Հարյուր տարի առաջ նա ընտրեց ոչ թե՝ «ես էլ կթողնեմ էս երկրից կգնամ»-ը՝ որպես ելք, այլ «ո՞նց թե, սրանք ո՞վ են, որ…»-ը` որպես լուծման տարբերակ։ Նա քաղաքական ընկալում ունեցավ, առաջնորդվեց մարդկային արժանապատվությամբ եւ դրսեւորեց քաղաքացիական կեցվածք։ Նայեց չորս կողմը, գտավ իր վիճակում հայտնված գյուղացի Պետրոսին, արհեստավոր Մարտիրոսին, ուսուցիչ Կիրակոսին… Հետո հավաքվեցին ու օգնեցին նրանց, ովքեր վաղուց պայքարում էին բոլորին «էշի տեղ դնող» իշխանության դեմ։ Լուծեց իր խնդիրն ինչպես կարողացավ, ինչքան հասկացավ, ինչպես դա հնարավոր էր եւ ընդունված հարյուր տարի առաջ։

Դա հարյուր տարի առաջ էր, դա ունեզուրկ ու անգրագետ բանվոր Պողոսն էր։

Հիմա, հարյուր տարի անց, Աբովյան (նույն Աստաֆյան) փողոցով «մտքերի տակ կքած»՝ անցնում է նույն խնդրի առջեւ կանգնած ծրագրավորող Պողոսը, որն անգրագետ չէ՝ նախանձելի կրթություն ունի, ունեզուրկ չէ՝ մեկուկեսմիլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Բայց, ահա, հարյուր տարի անց` հիմա էլ նրան են «էշի տեղ դրել»։

Ինչպե՞ս կվարվի այսօրվա Պողոսը

 

Հ.Գ. Այս խնդիրը «քաղաքականացրի» նրա համար, որ լուծում ստանա։ Խնդրի հեղինակ Էմիլ Ստեփանյանի հետգրությունն էլ այս ուղղությամբ հույս է ներշնչում…

 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը անդրադարձավ «Որոտան» կասկադի վաճառքին . Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ ոչ իշխանական կուսակցությունները չեն մասնակցի Գալուստ Սահակյանի առաջարկած հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին’