ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ բառը նշանակում է նույնանման առարկաներից, մարդկանցից, գաղափարներից եւ այլն, գերադասել-առանձնացնել մեկը, որը քեզ ավելի է դուր գալիս։ Քաղաքական կյանքում՝ նշանակում է քաղաքական կուսակցություններից, գործիչներից, նրանց ծրագրերից ընտրել այն, որն ավելի հոգեհարազատ է՝ քո արժանապատիվ ներկան ապահովելու եւ ապագան երաշխավորելու համար ավելի վստահություն ներշնչող։ Սա պայմանականորեն կոչենք՝ ԴՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ։
Հայաստանում 2018 թվականից ի վեր ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել։ Դրական հիմքով ընտրությանը փոխարինեց հակառակ՝ ՄԵՐԺՄԱՆ, ԲԱՑԱՌՄԱՆ հիմքով ընտրությունը։ Ն. Փաշինյանը երկրի ղեկավար դարձավ «Սերժին մերժելով»։ Նրա ստացած ձայների 99 տոկոսը ոչ թե իրեն վստահելու, իր ծրագրերն ընդունելու (նման բան նա ընդհանրապես չուներ, բացի արագաչափերը հանելու եւ փողոցներում «կարմիր գծերը» ջնջելու խոստումներից), այլ հասարակական ատելության օբյեկտ դարձած Սերժ Սարգսյանին բացառելու, մերժելու ՀԱԿԱքվեներն էին։ Սա էլ պայմանականորեն կոչենք՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ։
Խաղացած թատերական ներկայացմամբ (սա վաղուց արդեն տարածված կարծիք է) իշխանությունը Նիկոլին հանձնելուց հետո, արդեն քաղաքականապես մարած Սերժ Սարգսյանն այլեւս չէր կարող շարունակել «մերժման» օբյեկտ լինել Ն. Փաշինյանի համար։ Շատ լավ հասկանալով, որ դրական ընտրությամբ չի կարողանալու իշխանություն պահել, առավել եւս վերարտադրվել, Փաշինյանին մերժման, բացառման հասարակական ատելության նոր օբյեկտ, նոր թիրախ էր պետք։ Փնտրելու կարիք չկար. այդպիսին կարող էր լինել Ռ. Քոչարյանը։ Եթե Ս. Սարգսյանի նկատմամբ հասարակության վերաբերմունքն ավելի շուտ կարելի էր բնորոշել զզվանք բառով, ապա Ռ. Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը հստակ ատելությունն էր, ընդհուպ՝ արգահատանքը։ Հասարակական պատկերացումներում որպես համոզմունք նրա անվան հետ էր կապվում երկրի թալանը (ըստ 2010 թ. ռուսական կենտրոնական մամուլի հրապարակումների՝ շուրջ չորս միլիարդ դոլար), Մարտի 1-ի սպանդը, Հոկտեմբերի 27-ի ոճիրը։ Բայց կար խանգարող մի հանգամանք. Քոչարյանը, ամբողջ տասը տարի իշխանության մաս չլինելով ու քաղաքական կյանքին չմասնակցելով, այդ պահին մի կողմ քաշված, մարած քաղաքական գործոն էր, քաղաքական դիակ։ Մինչդեռ հասարակական ատելությունն ու արգահատանքը տասը տարվա ընթացքում չէր մարել, անթեղված մնացել էր։ Կրակը պետք էր բորբոքել, նրան պետք էր վերակենդանացնել եւ ստիպել քաղաքական դաշտ մտնել իր ողջ բացասական «բեռով»։
Դժվար չէր. բացվեցին դատական գործեր, այդ թվում` ամենահնչեղ Մարտի 1-ի գործը։ Քոչարյանը կալանավորվեց, տեւական շրջան անազատության մեջ էր։ Հավաքված հսկայածավալ նյութը՝ վկայությունները, ցուցմունքներն ավելի քան բավարար էին ամենածանր մեղադրանքով դատավճռի կայացման համար։ Ու հանկարծ՝ ամեն ինչ ավարտվեց նույն Ն. Փաշինյանի «վերակազմած» Սահմանադրական դատարանի մի որոշմամբ, որով Ռ. Քոչարյանն ազատվում էր պատասխանատվությունից։ Բայց նա ինքնապաշտպանական ռեֆլեքսով, իր հսկայական ֆինանսական կարողությամբ արդեն ակտիվ քաղաքականության մեջ էր, — դա էր գոյատեւման նրան թողնված միակ ճանապարհը։ Քաղաքականության մեջ էր այնպես եւ այնքան, որ նրա նորից իշխանության հասնելու «վտանգը» կարող էր սարսափեցնել ընտրողին։ Ու սարսափեցրեց։
Սա մի ԾՈՒՂԱԿ էր ընտրողի համար՝ Փաշինյան — Քոչարյան պարտադրված յուրատեսակ տանդեմով հյուսված ծուղակ։ Որքան էլ տարօրինակ՝ սա կենսականորեն ձեռնտու էր երկուսին էլ։ Քոչարյանին հիմնական ընդդիմադիր ուժ դարձնելով՝ Փաշինյանը նրա հարյուր հազարավոր ՀԱԿԱքվեների շնորհիվ իշխանություն էր պահում։ Քոչարյանը, ճիշտ է, մեկ-մեկ քաշքշվում էր դատարաններում ի տես հասարակության, սակայն հիմնական հանցանքների գործով անպատիժ էր մնում, անգամ իր բիզնեսը զարգացնելու հնարավորություն ունենում։
Այս ծուղակում հայտնված լինելու արդյունքում էր ահա, որ Հայաստանում տեղի ունեցավ անհեթեթության հասնող աներեւակայելին. իր գործողություններով եւ հռետորաբանությամբ պատերազմ հրահրած, այդ պատերազմում ծանրագույն պարտություն կրած, հինգ հազար անտեղի զոհ տված Փաշինյանը 2021 թվականին ընտրություններում նորից «հաղթեց»։ Հաղթեց՝ շնորհիվ Ռ. Քոչարյանի ունեցած ՀԱԿԱքվեների։ Իսկ Քոչարյանը, ըստ այդ «հաղթանակում» իր ներդրման չափի՝ Ազգային ժողովում ստացավ երկրորդ տեղը։
Նախորդ ընտրությունների հաջողված փորձը 2026-ի այս ընտրություններում կրկնելու համար ոչ մի խոչընդոտ չկար. ամեն ինչ ընթանալու էր նույն ձեւով եւ ավարտվելու էր նույն արդյունքով։
Քաղաքական դաշտում Սամվել Կարապետյանի ուժի անակնկալ ի հայտ գալը փոխեց իրավիճակը։ Ռ. Քոչարյանն այլեւս չէր կարող կատարել «հիմնական ընդդիմություն», կամ որ միեւնույն է՝ Նիկոլի փրկօղակ լինելու պարտադրված դերը։ Ահա թե ինչու, ՔՊ-ական քարոզչամեքենան կաշվից դուրս է գալիս, միջոցների մեջ խտրություն չի դնում Քոչարյանին այս նոր ուժի հետ կապելու, նույնացնելու համար` ընդհուպ տարածելով, թե այս ուժի վարչապետի իրական թեկնածուն հենց Ռ. Քոչարյանն է։ Կհաջողվի՞ դա արմատավորել հասարակական պատկերացումներում՝ Փաշինյանը կհաղթի։ Չի՞ հաջողվի, Փաշինյանի պարտությունն անխուսափելի է։
Կուզե՞ր Ռ. Քոչարյանն ազատվել Փաշինյանի իշխանություն ապահովող գործիքը լինելու ամոթալի դերից, ասենք՝ այս ընտրությանը չմասնակցելով։ Պայմանականորեն ենթադրենք՝ այո։ Ինչպե՞ս դրան կվերաբերեր Ն. Փաշինյանը։ Միանգամից կբացեր Քոչարյանի գլխին կախված, սառեցված, «կիսափակ» ծանրագույն դատական գործերից մի քանիսը։
Քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար չի կարելի հաշվի չնստել օբյեկտիվ իրողությունների հետ, նույնիսկ՝ անկախ այդ իրողությունները ծնող հանգամանքներից, նույնիսկ՝ արդար կամ անարդար լինելու սուբյեկտիվ պատկերացումներից։
Իսկ Ռ. Քոչարյանի նկատմամբ հասարակության շատ մեծ մի մասի անտեղիտալի ատելությունը, որեւէ կերպ, որեւէ պաշտոնում նրա վերադարձի նկատմամբ վախն օբյեկտիվ իրողություն է։ Ճիշտ նույն կերպ՝ օբյեկտիվ իրողություն է Փաշինյանի ճարտարապետությամբ, Քոչարյանի կամա թե ակամա համաձայնությամբ (այս դեպքում դա կարեւոր չէ) ստեղծված ծուղակը, որ Փաշինյանի իշխանության գրավականն է եղել եւ կարող է լինել։
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ այս ծուղակից կազատվի՞ հայաստանյան ընտրողը, եթե, ասենք, Ռ. Քոչարյանը հիմա հայտարարի ընտրապայքարից դուրս գալու եւ ապագայում որեւէ պաշտոնի չհավակնելու մասին։ Չի ազատվի։ Նրան չեն հավատա (ժամանակին նման խոստում, երդման տեսքով, տվել էր նրա հաջորդ Սերժ Սարգսյանը եւ… դրժել)։
Կարո՞ղ է այդ ծուղակից հայաստանյան ընտրողին ազատելու լուծումը լինել Սամվել Կարապետյանի խոսքը՝ որ Ռ. Քոչարանի հետ որեւէ համագործակցություն չի լինելու, իր հաղթանակի դեպքում էլ նա որեւէ պաշտոն չի ստանալու։ Կարող է՝ եթե այդ խոսքը ձեւակերպվի եւ մատուցվի այնպես ու այնքան, որ անվերապահ վստահություն ու հավատ ներշնչի։
Դա կլինի ամենաարդյունավետ քայլը։ Դա բեկում կլինի, արմատական բեկում։ Այդպիսի մի քայլով «Ուժեղ Հայաստանի» ձայները կավելանան մի քանի հարյուր հազարով. եւ դա՝ Քոչարյանի այն ՀԱԿԱքվեների հաշվին, որ տրվելու էին Փաշինյանին։
Բայց` ոչ միայն։ Դա կունենա նաեւ երկրորդ արդյունքը։ Ահա թե ինչու։
Փաշինյանի ձայների երկրորդ աղբյուրը հասարակության ստորին շերտն է, հատակը, որ ունեն բոլոր հասարակությունները (այս դեպքում կրթական ցենզը դեր չունի)։ Այդ շերտը ստանդարտ պայմաններում իր տեղում՝ հատակին հանգիստ նստած է լինում։ Քաղաքական գործիչները, որպես կանոն, իրենց արժանապատվությունից ցածր են համարում դրան իրենց քաղաքական հենարան դարձնել։ Դա իրենց թույլ չեն տվել անգամ Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, ամենաշատը՝ ընտրությունների շրջանում մի քանի հազար դրամով նրանց ձայներն են գնել։ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե փարված է այդ շերտին. «պիռաշկի», սուջուխ, եգիպտացորեն «կռծելու» ու խաշած կարտոֆիլ «խեղդելու» հերոսական տեսարանները, հիստերիկ բղավոցներն ու հայհոյանքները, սպառնալիքները հասարակության այս շերտի «հոգեւոր կերակուրն» են, որ նրան տրվում է ամենօրյա ռեժիմով եւ առատորեն։ Եւ սրանք հաճախ պարզ ասում են. «Նիկոլը մեզնից մեկն է»։ Ու նաեւ ագրեսիվանում են՝ իրենց մարդատեղ են դրել, իրենք են իշխանությունը։
Այս պայմաններում, ահա, երբ քաղաքական կյանքն ու պայքարը վերածվում է հայհոյախառն «քուչի կռվի», հասարակության միջին, ամենածանրակշիռ, արժանապատիվ շերտը այդ ամենից զզված մի կողմ է քաշվում։ Պատահական չէ բոլոր հարցումներում գրանցված «չկողմնորոշվածների» հսկայական տոկոսը։ Ահա, «Ուժեղ Հայաստանի» այսպիսի մի հայտարարությունը կքանդի ԲԱՑԱՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ծուղակը։ Ընտրության նկատմամբ վստահության հույս կարթնանա, էականորեն կվերականգնվի ԴՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ հնարավորությունը, ինչով «չկողմնորոշվածների» հսկայական այդ զանգվածից նույնպես նա մի քանի հարյուր հազար ձայն կստանա։
