Աշոտ Սարգսյան. Բաց նամակ-դիմում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտին

1289

Վերջերս Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանն իր նախաընտրական հանդիպումներում, ելույթներում, հարցազրույցներում եւ այլուր պնդում է, որ՝

  1. «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր, մեզ համար լարված թակարդ» — https://www.facebook.com/reel/859024153901659 https://www.facebook.com/watch/?v=1610818986657374
  2. «Ղարաբաղը երբեք մերը չի եղել»  — https://www.youtube.com/watch?v=ia0JnlB6R9I
  3. «Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր առաջնորդությամբ հայ ժողովրդին ներքաշել այս ավանտյուրայի մեջ (նկատի ունի Արցախյան շարժման եւ Արցախի ինքնորոշման խնդրի հետապնդման)  https://www.facebook.com/reel/1469482794972742
  4. «Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք է՞ր Շուշին» https://www.youtube.com/watch?v=nJRCsOzajWM ։
  5. Վաղուց մեր ազգային խորհրդանիշ Արարատ լեռան պատկերը ամեն տեղից ջնջելու արշավ է սկսել — https://www.facebook.com/reel/1161568799428983

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը Հայոց պատմության ուսումնասիրման առաջատար հիմնարկն է։ Նրա ոչ միայն պարտականությունը, այլեւ կոչումն է պայքարել նաեւ մեր պատմության դեմ ոտնձգությունների, կեղծիքների դեմ։ Գիտակցելով, որ օբյեկտիվ պատմությունը նաեւ տվյալ ժողովրդի ազգային ինքնությունը եւ արժանապատվությունը սնող կարեւորագույն աղբյուրն է, նրա գոյատեւման հիմնասյունը, ինստիտուտն այդ գործը տասնամյակներ շարունակ կատարել է՝ մասնավորապես ընդդեմ պատմության թուրքական եւ ադրբեջանական կեղծարարների։

Պատմության ինստիտուտը զբաղվում է նաեւ մեր նորագույն (ետխորհրդային) շրջանի պատմությամբ, այդ շրջանին վերաբերող գիտական – ակադեմիական բազմաթիվ հոդվածներ եւ աշխատություններ է հրապարակել։ Նույն կերպ նրա պարտականությունն ու կոչումն է պայքարել, առնվազն արձագանքել նաեւ այդ շրջանի պատմությանը վերաբերող կեղծիքներին ու խեղաթյուրումներին, որոնք, բնականաբար, շատ ավելի վտանգավոր են, քան հին եւ միջնադարյան շրջանների դեպքում։

Իրերի բերմամբ ավելի մոտ ծանոթ լինելով ետխորհրդային, այն է՝ Ղարաբաղյան շարժմամբ սկսվող մեր պատմության նորագույն շրջանին ու դրան վերաբերող աշխատություններին, վստահորեն ասում եմ, որ ՀՀ վարչապետի վերոբերյալ մտքերը (որ նա կրկնում է ամենուր) ոչ մի աղերս չունեն իրականության, նաեւ գիտական աշխատություններով արձանագրված փաստերի, եզրահանգումների ու գնահատականների հետ։

Վաղուց հայտնի է, որ պատմությունն ակտիվ քաղաքական գործոն է, օբյեկտիվորեն ազդում է ազգի, ժողովրդի, անհատի ինքնապատկերացման վրա (տե՛ս Մովսես Խորենացու «Հայոց պատմության» առաջին գլուխները), օգնում ճիշտ եւ անվտանգ կազմակերպել ներկան եւ երաշխավորել ապագան։

Արդեն իսկ վտանգավոր է, երբ ազգի պատմությունը կեղծում են օտարները։ Տասնապատիկ վտանգավոր է, երբ այդ պատմությունը կեղծում է յուրայինը, այն էլ՝ պետական ամենաբարձր պաշտոն ունենալու պայմաններում։ Իսկ 5 կետերով վերը բերված արձանագրումները շատ ավելին են, քան սովորական կեղծիք. դրանք, ըստ էության, մեր ժողովրդի, նրա պատմությանը, այդ պատմության օբյեկտիվության համար պատասխանատու առաջատար հիմնարկի, Հայաստանի քաղաքացու հասցեին հայհոյանքներ են։ Ընդ որում՝ մեր պատմության տվյալ շրջանի մասին նման գնահատականներ չեք գտնի ո՛չ թուրքական, ո՛չ ադրբեջանական պատմագրության մեջ։

Վստահ եմ, որ Հայոց պատմության համար առաջնային պատասխանատվություն ունեցող, դրա համար նույն այդ ժողովրդից (հայաստանյան հարկատուի) վճարվող հիմնարկը՝ ՀՀ ԳԱ Պատմության ինստիտուտը, իր վերաբերմունքը կհայտնի, հրապարակավ իր խոսքը կասի ակնհայտ վտանգներով հղի ու նաեւ վիրավորական այս երեւույթի առիթով։ Դա ինստիտուտի ոչ միայն կոչումն է, այլ նաեւ իր գործատուի՝  Հայաստանի հարկատու- քաղաքացի-ընտրողի առջեւ ուղիղ պարտականությունը։

Աշոտ Սարգսյան, պատմական գիտությունների թեկնածու, «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989թթ.» (Երեւան, Անտարես, 2018, 639 էջ), «Հայաստանի անկախության վերականգնումը. 1990-1991թթ.» (Երեւան, Անտարես, 2020, 573 էջ) աշխատությունների հեղինակ

12.05.2026

Նախորդ հոդվածըՍևան Ղազարյան. Եթե վերջին 8 տարում վարչապետ չունենայինք, մի՞թե Հայաստանը ավելին կկորցներ, քան արդեն կորցրել է
Հաջորդ հոդվածըԼևոն Տեր-Պետրոսյան. Իշխանության 4 օղակների աշխատանքի գնահատականը (տեսանյութ)