Աշոտ Սարգսյան. Ես չեմ ուզում ինքնասպան խավի անդամ լինել

2304

Ներկայացնում ենք պատմաբան Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումները

Հայաստանի բարձր մտավորականությունն ասելիք չունի՞

Հասարակությունը կողմնորոշվելու կարիք ունի, նա չի ուզում սխալվել։ Հասարակությանը կողմնորոշելու կարիք կա։ Եւ հատկապես ճգնաժամային պահերին, որոշակի իմացություններ պահանջող ու ոչ դյուրընկալելի հարցերում։ Եթե որեւէ մեկը չի օգնում, նրան հեշտությամբ կարելի է էժանագին ձեռնածություններով խաբել ու աղետի հասցնել։

Նման դեպքերում կողմնորոշիչ «առաջին ջութակը», իհարկե, պետք է լինի մտավորականությունը, բարձր մտավորակությունը, որ անգամ տիտղոսներով՝ ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եւ այլն, արդեն իսկ բարոյական հեղինակություն է շատերի համար։ Նույն կերպ՝ տպավորություն թողնող հիմնարկների անունները՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Երեւանի պետական համալսարան, Գրողների եւ այլ միություններ եւ այլն։

Հիմա, արդեն քանի օր է՝ հասարակական քննարկման առաջին թեման իշխանության ամենաբարձր մակարդակը ներկայացնող պաշտոնյաների ՀԱՅՀՈՅԱԽԱՌՆ մեղադրանքներն են Հայ Առաքելական եկեղեցու հասցեին, Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ պահանջներն ու սպառնալիքները, արդեն նաեւ՝ սահմանադրախախտ գործնական քայլերի կոչերը։

Ավարտը չի երեւում։ Ավարտը կարող է նաեւ շատ վատ լինել։ Բոլորի համար։ Բոլորիս համար։ Երկրի, պետության եւ ազգի համար։

Մի քանի հայկական գաղթօջախներ իրենց խոսքն ասել են։

Հայաստանյան մտավորականությունը, բարձր մտավորականությունը ասելիք չունի՞։

Եւս մի անգամ նույն հարցի մասին

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի հրատարակած «Հայոց պատմության» վերջին բազմահատորյակը պատմաբանների հանրության աշխատանքի արդյունքն է։

Եթե փորձենք դրանում առանձնացնել ամենակարեւոր առանցքային գծերը, ապա դրանց մեջ առաջինը կլինի հետեւյալը. Հայ Առաքելական եկեղեցին է, որ ապահովել է մեր ազգային ինքնությունը, գոյությունը եւ հարատեւումը։

Հիմա այդ Եկեղեցու դեմ գրոհ է, ապօրինի, վարկաբեկիչ, հակասահմանադրական, անբարո։

Պատմաբանների հանրությունը, առաջին հերթին նույն ակադեմիական գիտնականների, Պատմության եւ հասարակագիտական այլ ինստիտուտները, Ակադեմիայի նախագահությունը ասելիք, անելիք չունե՞ն։

Գիտությունների ակադեմիան 60-ից ավելի ակադեմիկոս ունի։ Գիտությունների դոկտորների թիվը 1500-ից ավելի է, գիտությունների թեկնածուները՝ 6000-ից ավելի։ Մշակույթի, արվեստի, գիտության «վաստակավոր» եւ այլ գործիչները՝ մի քանի հարյուր։

Եկեղեցու դերի գիտակցման համար «նուրբ» գիտելիքներ պետք չեն, ինչպես «Ղարաբաղի հարցում», որ արդարանան, թե՝ տեղյակ չեն։ Ոչ էլ քաղաքական հարց է, որ ասեն՝ «քաղաքականությամբ չենք զբաղվում»։ Սահմանադրության, օրենքի, օրինականության հարց է։ Նաեւ բարոյականության ու քաղաքացիական կեցվածքի՝ երկուսն էլ մտավորականի, մտավորական «ընտրանու» առաջնային հատկանիշ ու պատասխանատվության ցուցիչ։

Հարցը կարեւոր է, իրավիճակը՝ վտանգավոր։ Չի կարելի չխոսել, չի կարելի լռել։ Լռելը նման դեպքերում մտավորական խավի, մտավորական երեւույթի, մտավորական անհատի ինքնասպանություն է, ինքնաոչնչացում։

Ես չեմ ուզում ինքնասպան խավի անդամ լինել։

Նախորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսը ցավակցում է
Հաջորդ հոդվածըՆարեկ Սարգսյան. Նպատակը մեր Հանրապետությունն է, որին ծառայել և ծառայում է առաջին նախագահը