‘
1. Կենսագործելով Անկախության հռչակագրի դրույթները՝ Հայաստանը սկզբից ևեթ օրենսդրական և գործնական քաղաքական քայլերով սկսեց գործել որպես ինքնիշխան պետություն։ Մոսկվայի հետ հարաբերություններում Հայաստանի իշխանությունը մերժեց ինչպես առճակատման գնալու, այնպես էլ ենթակայի վիճակում մնալու քաղաքականությունը։ Հետևողական քաղաքական աշխատանքով, ճկուն դիվանագիտությամբ, նաև բնավորության ցուցադրմամբ նոր իշխանությունն այդ հարաբերությունները տեղափոխեց գործընկերային հարաբերությունների հարթություն։ Հորիզոնական կապեր հաստատվեցին ԽՍՀՄ այն հանրապետությունների հետ, որոնք ընթանում էին ժողովրդավարության և անկախության ճանապարհով։ Ակտիվ դիվանագիտական աշխատանք ծավալվեց այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Արտաքին քաղաքականության մեջ հաջողությամբ հետապնդվում էր Հայաստանը փաստական և իրավական առումով միջազգային հանրության լիիրավ անդամ դարձնելու խնդիրը։
2. Նոր իշխանությունը ստանձնեց Սահմանադրությամբ իրեն վերապահված բոլոր իրավունքները և լիազորությունները, վերացվեց հանրապետական իշխանության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների վրա կուսակցական մարմինների վերահսկողության խորհրդային պրակտիկան։ Ապահովվեցին ժողովրդավարության արմատավորման կարևոր հիմքերը. հասարակությունն ազատվեց որևէ գաղափարախոսության պարտադրանքից, ապաքաղաքականացվեցին իրավապահ մարմինները և զինված ուժերը։ Հիմնարկներում և կազմակերպություններում արգելվեց կուսակցական կազմակերպությունների գործունեությունը, նրանց թույլատրվեց կազմակերպական կառույցներ ունենալ միայն տարածքային սկզբունքով։ Օրենսդրորեն կարգավորվեց պետական անվտանգության կարևորագույն հիմքերից մեկը՝ երկրի քաղաքական դաշտը և քաղաքական կազմակերպությունների գործունեության ոլորտը։ Արգելվեց պետական կառույցներից և արտասահմանից կուսակցությունների ֆինանսավորումը, նրանց ղեկավար մարմնի՝ հանրապետությունից դուրս գտնվելը, նրանց կազմում օտարերկրյա քաղաքացիներ ունենալը և այլն։ Իշխող քաղաքական ուժը՝ ՀՀՇ-ն, սեփական օրինակով արդեն իսկ մինչ այդ կտրուկ մերժել էր ՀՀ-ի տարածքից դուրս կառույցներ ունենալու գայթակղությունն ու ավանդույթը, թեև ուներ դրա լիակատար հնարավորությունը, և բազմաթիվ էին առաջարկները։ Հաստատված բազմակուսակցական համակարգում քաղաքական ընդդիմությունն ստացավ գործունեության լիակատար ազատություն։ Գործնականում ապահովվեց, ապա նաև օրենսդրորեն կարգավորվեցին խոսքի, մամուլի, խղճի ու կրոնական դավանանքի, քաղաքական գործունեություն ծավալելու և ժողովրդավարական մյուս ազատությունները եւ իրավունքները։
3. Ձևավորվեց նոր իշխանության քաղաքական ընդդիմությունն իր երկու՝ հակաանկախական և «արմատական» թևերով։ Հիմնական՝ անկախության ուղեգծի հարցում, ընդհուպ մինչև հանրաքվե, համառ պայքար էին մղում կոմունիստները և դաշնակցությունը, որոնց ծրագրերի կամ գաղափարախոսությունների հիմքում դրված էր Հայաստանը ԽՍՀՄ-ի (կամ Ռուսաստանի) կազմի մեջ լինելու պարտադիր պայմանը։ Նույն հարցում «արմատականները» (ԱԻՄ-ի գլխավորությամբ) ներկայացնում էին մյուս ծայրահեղությունը՝ պահանջելով ԽՍՀՄ օրենքների անտեսմամբ և Կենտրոնի հետ առճակատմամբ հապշտապ և ցուցադրական քայլեր։ Լեռնային Ղարաբաղի խնդրում «արմատական» քաղաքական ընդդիմությունը հենվում էր պահանջատիրության, պատմական իրավունքի վրա՝ պահանջելով ինչպես Մոսկվայի, այնպես էլ Ադրբեջանի դեմ շարունակել առճակատման քաղաքականությունը։ Ընդդիմության հակաանկախական թևը Ղարաբաղի խնդրի լուծումը կապում էր միութենական պայմանագիրն ստորագրելու եւ անկախությունից հրաժարվելու հետ։ Ժողովրդավարական նորմերի ներդրմանն ու արմատավորմանը, տնտեսական վերափոխումներին ուղղված բարենորոգումների դեմ սոցիալիզմի գաղափարական հիմքերի վրա պայքարում էին կոմունիստները և դաշնակցությունը։ Որոշ դեպքերում ընդդիմության «արմատական» և հակաանկախական թևերը սերտորեն համագործակցում էին։
4. Հայաստանում առաջինն ընդունվեցին սեփականության բոլոր ձևերի իրավահավասարության, ազատ շուկայական հարաբերությունների անցման, համակարգային արմատական վերափոխումների համար հիմք հանդիսացող օրենքները, և կատարեցին առաջին արմատական բարեփոխումները։ Հատկապես համարձակ, բայց, մյուս կողմից՝ լիովին արդարացված էր գյուղատնտեսության բնագավառում իրականացված բարեփոխումը։ Գյուղացիությանը տրվեց հողի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունք: Փաստորեն՝ ամբողջ գյուղացիությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում իրացրեց հողի սեփականաշնորհման՝ իրեն տրված հնարավորությունը՝ մերժելով կոլտնտեսությունների ու պետական տնտեսությունների առկա համակարգը։ Հողի, գյուղատնտեսական տեխնիկայի և անասնագլխաքանակի սեփականաշնորհումը կանխեց այս ասպարեզի վնասաբերությունը, անվերահսկելի դարձող վատնումները և թալանը, հետագա դժվարին տարիներին հանդիսացավ սննդամթերքի դեֆիցիտը մեղմելու, կարելի է ասել՝ անխուսափելի սովը կանխելու կարևորագույն ներքին ռեսուրս։
5. Նկատի ունենալով նոր իրողությունները, իրավիճակի որակական փոփոխությունները և քաղաքական գործընթացների զարգացման ուղղությունը՝ նոր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի խնդրում սկզբից ևեթ որդեգրեց հետագա առճակատումներից խուսափելու և համաձայնությամբ ու փոխզիջումներով հարցը կարգավորելու քաղաքական ուղեգիծ։ Դրա նպատակն էր խնդիրը դուրս բերել փակուղուց, վերականգնել մարզի օրինական հայկական իշխանությունը, ապահովել բնակչության անվտանգության երաշխիքները և թույլ չտալ, որ անկախության գնացող Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար կենտրոնական իշխանությունը Լեռնային Ղարաբաղն օգտագործի որպես հարվածի թիրախ։ Թեև հետևողական ջանքերի շնորհիվ հաջողվեց կանխել կենտրոնական իշխանության և Ադրբեջանի խուսանավումները և ոչ մեկ անգամ հասնել նախնական պայմանավորվածությունների, սակայն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում որոշ ներքին ուժերի, ինչպես նաև Մոսկվայում որոշ պաշտոնյաների հարուցած խոչընդոտների պատճառով այս ծրագիրը հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առավել հնարավոր դարձրեց 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Մոսկվայի և Ադրբեջանի բացահայտ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ռազմավարությունն, այսպիսով, որդեգրվել է 1990 թ. օգոստոսից և անխաթար հետապնդվել ՀՀՇ-ի ամբողջ իշխանության շրջանում՝ անկախ այդ ընթացքում պարտադրված պատերազմից:
6. Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շարունակեց իրականացնել պետական անկախության ձեռքբերման՝ ՀՀՇ Ծրագրում ամրագրված դրույթը: Այդ ընթացքում նա տեղի չտվեց ո՛չ իր քաղաքական ընդդիմության «արմատական» թևին, որը պահանջում էր անմիջական անկախության հռչակում՝ առանց հաշվի առնելու ԽՍՀՄ օրենքները, ո՛չ էլ հակաանկախական թևին, որը պարտադրում էր հրաժարվել այդ ուղեգծից և ստորագրել նախապատրաստվող միութենական նոր պայմանագիրը։ Անկախության հռչակագրի ընդունումից հետո, հաջորդ քայլով, 1991 թ. մարտին Հայաստանը հրաժարվեց մասնակցել ԽՍՀՄ պահպանման խնդրով կենտրոնական իշխանության կազմակերպած հանրաքվեին և նշանակեց անկախության սեփական հանրաքվեն՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին: Հայաստանը միակ հանրապետությունն էր, որ անկախության իր գործընթացը տանում էր սահմանադրական ճանապարհով՝ կատարելով հենց ԽՍՀՄ համապատասխան օրենքով նախատեսված քայլեր:
7. Մոսկվայի և Ադրբեջանի համատեղ ռազմական գործողություններով ծրագրված էր Ղարաբաղի հայ բնակչության տեղահանում դեպի Հայաստան։ Ադրբեջանը հույս ուներ այդ կերպ «լուծել» Լեռնային Ղարաբաղի հարցը, Մոսկվայի նպատակն էր այդ միջոցով հանրապետությունում խորացնել սոցիալական լարումը, իշխանությունների նկատմամբ անվստահություն ստեղծել, դրանով հասնել անկախության գործընթացի խափանմանը և ստիպել Հայաստանին ստորագրել միութենական նոր պայմանագիրը։ Այս որոշման կայացման քաղաքական հաշվարկների հիմքում նկատի էր առնվել այն հանգամանքը, որ Հայաստանում կային քաղաքական ուժեր (ինչպես կոմկուսը և ՀՅԴ-ն) և հասարակական շերտեր (ինչպես՝ կուսակցական և մտավորական նախկին նոմենկլատուրան և հայաստանաբնակ ղարաբաղցիների մեծագույն մասը), որոնք իրենց գաղափարախոսությունների կամ պատկերացումների թելադրանքով անվերապահորեն դեմ էին Հայաստանի անկախությանը։
8. 1991թ. ապրիլի վերջերից սկսված, այսպես կոչված՝ «Կոլցո» ռազմական գործողությանը հակադրվեց Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանից գործուղված կամավորականների հերոսական ինքնապաշտպանությունը՝ զուգակցված Հայաստանի իշխանության ակտիվ դիվանագիտական աշխատանքի և գրագետ քաղաքական միջոցառումների հետ։ Կենտրոնական իշխանության դրված խնդիրը վերջին հաշվով տապալվեց։ Դրան մեծապես նպաստեց ինչպես Ռուսաստանի և այլ հանրապետությունների ժողովրդավարական ուժերի, այնպես էլ միջազգային հանրության լայն և գործուն օժանդակությունը։ Հայաստանի իշխանությունների քաղաքական ձեռնարկումների և դիվանագիտական աշխատանքի շնորհիվ վերջիններիս հնարավոր էր եղել համոզել, որ այդ գործողություններն իրականում ուղղված են Հայաստանում սկսված արմատական ժողովրդավարական գործընթացները և օրինական ճանապահրով ընթացող նրա անկախության գործընթացը խափանելուն։ Կարևոր նշանակություն ունեցավ նաև այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղն ընդունեց առճակատման քաղաքականությունից խուսափելու և խնդիրը փոխզիջումների հիմքի վրա ԽՍՀՄ Սահմանադրության շրջանակներում կարգավորելու՝ իր նախապես մերժած ծրագիրը: Հաջողությամբ հաղթահարվեցին նաև ներքին քաղաքական ընդդիմության հարուցած խոչընդոտները՝ ինչպես հակաանկախական ուժերի, այնպես էլ կեղծ-ազգայնական ու կեղծ-հայրենասիրական պատկերացումների հետևորդների ձեռնարկումները։ Այդ ձեռնարկումների նպատակն էր խաթարել հանրապետության ձեռք բերած ժողովրդավարական վարկանիշը, նրան կանգնեցնել շատ ավելի լայնածավալ պատերազմական գործողությունների փաստի կամ վտանգի առջև, խափանել նշանակված Անկախության հանրաքվեն, ստիպել ստորագրել միութենական պայմանագիրը։
9. Հայաստանի քաղաքական իշխանությունը կարողացավ ամուր կանգնած մնալ իրատես-քաղաքականության իր որդեգրած ելակետի վրա։ Նա չտրվեց իրադարձությունների խաբկանքին, կարողացավ Ճիշտ գնահատել ծավալվող քաղաքական գործընթացների ուղղվածությունը և իր մարտավարությունն ու ռազմավարությունը կառուցեց վերջինիս վրա։ Ներքին քաղաքականության մեջ դա արտահայտվում էր ժողովրդավարական սկզբունքների, տնտեսական հարաբերություններում՝ ազատականության և ազատ շուկայական հարաբերությունների ներդրմամբ։ Անկախության գործընթացում իշխանությունը զերծ մնաց գայթակղիչ ցուցադրականությունից, բայց նաև թույլ չտրվեց անկախության ուղեգծից որևէ նահանջ, կատարվեցին ինքնիշխանության ամրապնդման հետևողական քայլեր։ Որպես անկախության գնացող երկիր հակադրվելով հանդերձ կենտրոնական իշխանությանը՝ Հայաստանը կարողացավ հասնել նրա հետ գործընկերային հարաբերությունների հաստատման։ Նույն իրատես քաղաքականության և ճշգրիտ քաղաքական հաշվարկների շնորհիվ հաջողվեց, մի կողմից՝ թույլ չտալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դարձվի Հայաստանի անկախության գործընթացի կասեցման միջոց, մյուս կողմից՝ խափանել ու չեզոքացնել հայկական մարզը բռնագաղթի ենթարկելու՝ Մոսկվայի և Ադրբեջանի համատեղ ծրագրերը: Ի տարբերություն Ադրբեջանի, որը, գայթակղվելով Կենտրոնի հետադիմական ուժերի հետ համագործակցությամբ, կանգնած մնաց կոմունիստական ռեժիմի պահպանման և միութենական պայմանագրի ստորագրման ջատագովի դիրքերում, Հայաստանի ժողովրդավար իշխանությունը քաղաքական հեռատեսությամբ գնաց ճիշտ հակառակ ճանապարհով՝ ապահովելով առաջիկա իրադարձություններում իր հաջողությունների հիմքերը:
10. Մոսկվայում հետադիմական ուժերի կողմից կազմակերպված պետական հեղաշրջման (ԳԵԿԱՉԵՊԵ) վտանգաշատ օրերին Հայաստանի իշխանությունները կարողացան հաջողությամբ լուծել երեք կարևոր խնդիր։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում չհաստատվեց նախատեսված հատուկ դրության ռեժիմը, չտրվեց պատժիչ գործողությունների դիմելու առիթ, միաժամանակ՝ հնարավոր օժանդակությունը ցուցաբերվեց Ռուսաստանի ժողովրդավարական ուժերին, որոնք և կարողացան ձախողել պետական հեղաշրջման փորձը։ Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենագործուն ու վճռական անձնական մասնակցությունն ունեցավ կենտրոնական իշխանությանը երկրորդ շնչառություն տալու փորձերը կանխելուն, ԽՍՀՄ փլուզումը կարգավորված ու անվտանգ կազմաքանդման վերածելու կառուցողական գործընթացին՝ դառնալով դրա ճարտարապետներից մեկը։
11. Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, մինչև վերջ հավատարիմ մնալով անկախության ձեռքբերման իր որդեգրած ճանապարհին, ստիպված էր հաղթահարել ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքական ընդդիմության բազմաթիվ խոչընդոտներ: 1991թ. սեպտեմբերի 21-ին իրականացվեց Անկախության համաժողովրդական հանրաքվեն, որը գործնականում միաձայն հաստատեց անկախ պետություն ունենալու՝ Հայաստանի ողջ բնակչության վճռական որոշումը։ ՀՀ գերագույն խորհուրդը հանրաքվեի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն։ Հայաստանը՝ ԽՍՀՄ հանրապետություններից միակը, իր անկախությունը հռչակեց գործող միութենական օրենքների սահմաններում և միջազգային չափանիշներին համապատասխան՝ դրանով իսկ ապահովելով իր անկախության ամենաանխոցելի իրավական հիմքը։
12. Ըստ էության՝ երկրորդ մի հանրաքվեի նշանակություն ունեցավ նաև հոկտեմբերի 16-ին անցկացված նախագահական ընտրությունը։ Չմասնակցելով պաշտոնական նախընտրական արշավին և բավարարվելով բազմիցս իր ներկայացրած քաղաքական ծրագրերին և գործունեությանը հասարակության տեղեկացվածությամբ, Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահության վեց թեկնածուների մեջ ստացավ ձայների ավելի քան 83%-ը և անվիճելի հաղթանակ տարավ։ Ինչպես անկախության հանրաքվեի, այնպես էլ նախագահական ընտրությունների արդյունքները վկայում էին, որ Հայոց համազգային շարժման և նրա առաջնորդի ծրագրերի ու գործունեության նկատմամբ վստահությունը մնում էր անխաթար։ Սա՝ ինչպես Խորհրդային Միության հանրապետությունների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի երկրների մեջ այն եզակի դեպքն էր, երբ կոմկուսին հաղթած ժողովրդավարական ուժն ավելի քան մեկ տարի իշխանություն ունենալուց հետո շարունակում էր հասարակության մեջ պահպանել իր անվիճելի հեղինակությունը և արժանանում անվերապահ վստահության։
13. Ընդունված է ասել, թե բոլոր կայսրությունները դատապարտված են կործանման։ Եւ նույն կերպ սպասվում էր նաև խորհրդային կայսրության կործանումը։ Սակայն բոլոր կայսրությունները կործանվել են հենց այդ կայսրությունների կազմում անազատ և ճնշված վիճակում գտնվող ժողովուրդների ազատագրական պայքարների շնորհիվ։ Այս առումով ԽՍՀՄ փլուզումը ներկայացնել որպես միայն նրա ոչ արդյունավետ տնտեսական և քաղաքական համակարգի հետևանք, որպես ինքն իր մեջ գնացող գործընթաց՝ պատմականորեն սխալ է։ ԽՍՀՄ-ը փլուզվեց ժողովրդավարական շարժումների հզոր հարվածների տակ, և այդ հարվածներից առաջինը նրա հիմքերին հասցրեց Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական Շարժումը։ Ամբողջ կես տարի՝ միայնակ, իսկ այնուհետև՝ ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում ծայր առած ժողովրդավարական շարժումների առաջատար, նա ամենավճռական դերը խաղաց ԽՍՀՄ փլուզման գործում՝ նվաճելով սեփական անկախությունը և կարևորագույն վաստակ ունենալով մյուս ժողովուրդների անկախությունների ձեռքբերման գործում։ Որպես այդպիսին՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ծավալված ժողովրդավարական շարժումը միջազգային չափանիշներով կարևոր գործոնն էր 1988-1991թթ. համաշխարհային պատմության մեջ։
ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ
‘