15-րդ դարի պատմագիր, ուսուցչապետ Թովմա Մեծոփեցին իր պատմագրական երկն սկսում է հետեւյալ տողով. «Եւ վարդապետաց եկեղեցւոյ պիտոյ է վասն անցելոյն պատմել, վասն ներկային խոսել, վասն ապագային իմանալ եւ զգուշացուցանել» (թարգմ. «Եկեղեցու վարդապետները պարտավոր են անցյալի մասին պատմել, ներկայի մասին խոսել եւ ապագայի մասին իմանալ եւ զգուշացնել»։
Վարդապետները միջնադարի գիտնականներն էին, ավելի լայն նշանակությամբ՝ ազգի մտավորականությունը։ Այդպես էր ողջ միջնադարում։ Նոր ժամանակների ու նաեւ այսօրվա համար բնական ու անվիճելի մնացած այս պահանջն ամբողջությամբ վերաբերելի է ազգի այդ խավին։ Եւ սա միայն պահանջ չէ, այլ տվյալ խավի՝ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ պարտավորությունը, առաքելությունը, կոչումը։
***
Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում ծրագրված էր նախապես։ Սա գիտականորեն ապացուցված փաստ է։ Դրա իրականացման համար բարենպաստ պայմաններ ստեղծեց Առաջին համաշխարհային պատերազմը։ Բայց անգամ համաշխարհային այդ պատերազմի թոհուբոհում, Թուրքիան, մինչեւ ցեղասպան գործողությունները ծավալելը, հարկ համարեց նախ ձերբակալել եւ ոչնչացնել արեւմտահայ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ։
Ինչո՞ւ։
Հայտնի է նաեւ այս «ինչո՞ւ» հարցի գիտական պատասխանը. վնասազերծել այն խավին (գիտնական, գրող, բանաստեղծ, հոգեւորական եւ այլն), որը կարող էր խոչընդոտներ առաջացնել։ Սրանք ոչ զորք ունեին, ոչ զենք։ Բայց, կատարելով ազգի մտավորականը լինելու իրենց պարտքը, կարող էին աղմուկ բարձրացնել (նաեւ միջազգային), կողմնորոշել, կազմակերպել, նաեւ առաջնորդել վտանգված ժողովրդի դիմադրական պայքարը։
Թուրքական իշխանությունը վստահ էր, որ դա կլինի, դրա համար էլ առաջինը նրանց կոտորեց։
***
1988-90-ին, երբ վտանգված էր Արցախը, հարյուրավոր ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ, մտավորական հիմնարկների (գիտահետազոտական ինստիտուտներ, բուհեր եւ այլն) նամակներ, ելույթներ, բողոքներ, «տեղեկանքներ»՝ թռուցիկներ դարձած՝ տասնյակ ու հարյուր հազարներով ծակում էին ողջ Հայաստանի տարածքը, բառիս բուն իմաստով «ռմբակոծում» տեղական ու միութենական իշխանության բոլոր ինստանցիաները։
Չէին վախենում։ Իր բռնապետական բնույթով ու պատժիչ մեքենայով աշխարհում ամենահայտնի Խորհրդային իշխանության պայմաններում չէին վախենում։
***
1988-90-ին վտանգված էր Արցախը։
Հիմա նույն չափով վտանգված է Հայաստանը։
Այսօր բոլորիս աչքի առաջ առարկայացել է երեք-չորս հազարամյա հայկական Արցախի կորուստը, Հայաստանի սահմաններից էական կորուստներ ունենք, «Սյունիքի հարց» է շրջանառում, Բաքուն Հայաստանը «Արեւմտյան Ադրբեջան» է հռչակում եւ 300.000 «փախստականներ» վերադարձի հարց է բարձրացնում։ Դատելով անցած 7-8 տարվա փորձից եւ գործող իշխանության վարքագծից՝ այս ամենի դեմ արգելափակոց չի լինելու։ Ընդհակառակը, ադրբեջանական այս հավակնությունների հիմնավորումներն են տալիս։
Պատմական աղետները սովորաբար սկսվում են այն պահին, երբ հասարակությունը դրանք դեռ անհավանական է համարում։
Հայաստանի` որպես ազգային պետության գոյության ապագան, մեղմ ասած, վտանգված է։
Վտանգված է նույնքան, որքան 1988-90-ին՝ Արցախինը։
Այո, 1915-ի յաթաղանը չի լինի, բռնի տեղահանություն դեպի Դեր-Զոր չի լինի։ Կլինի ադրբեջանական ներգաղթ, հայության զանգվածային «ինքնակամ» արտագաղթ, սահուն ընթացքով ժողովրդագրական այնպիսի փոփոխություն, որ Հայաստանը նախ դե-ֆակտո, ապա գուցե դե-յուրե, իրոք, կվերածվի «Արեւմտյան Ադրբեջանի»։
Սա անհավատալի է թվում ճիշտ այնքան ու ճիշտ այնպես, ինչպես մի տասը տարի առաջ անհավատալի էր թվում Արցախի այսօրվա իրողությունը։
Եւ այս ամենին դիմակայելու Հայաստանի ռեսուրսներն ու կարողությունները չեն խնդիրը։ Խնդիրը եղած իշխանության որակն ու էությունն է։
***
Անհնար, վիրավորական է մտածել, պատկերացնել, որ այս ամենը չի տեսնում հայ մտավորականությունը։
1992-ին, երբ Արցախի համար ճակատագրական խնդիր առաջացավ, մի քանի օրում «Մահապարտների գունդ» ստեղծվեց, գնացին, խնդիրը լուծեցին։ Գնացին գիտակցված մահվան 18-35 տարեկան երիտասարդներ։ Չվախեցան մահից։
Հիմա 50-60+ տարիքի գիտնականներ, գիտական հիմնարկների ղեկավարներ, ի՞նչ ունեն կորցնելու։ Փաշինյանը հրահանգելու է դիմում գրել՝ ազատվել աշխատանքից։ Ամենաշատը։ Ինչպես մի քանի ամիս առաջ արեց գիտական հիմնարկներից մեկի՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։ Եւ դա համեմեմատելի՞ է այն կորստի հետ, որ արդեն կա եւ դրանից շատ ավելի մեծի հետ, որ ուրվագծվում է։
***
Հիմա առջեւում ընտրություններ են։ Ամենահարմար ու անվտանգ հնարավորությունը՝ ազատվելու մի վարչախմբից, որի 8-ամյա իշխանության քաղաքական արդյունքները երբեմն աներեւակայելի թվացող աղետների մի ամբողջ շարք է։ Ազատվելու մի իշխանությունից, որի բերելիք աղետները դրանից շատ ավելին են լինելու ու կարող են դառնալ Հայաստանի ավարտը։ Հայոց պատմության ավարտը։ Առանց չափազանցության։
Առջեւում ընտրություններ են, իսկ նախընտրական պայքարի որակը՝ խայտառակ ցածրակարգ։ Խայտառակ ցածրակարգ դարձված՝ ծրագրված։ Դա է նմանօրինակ իշխանության վերարտադրման միակ ուղին։
Եւ խայտառակ այդ «քաղաքական» ցեխակռվի բնական հետեւանքն է, որ հսկայական մի զանգված՝ հասարակության կեսից ավելին, հարցումներին պատասխանում է կա՛մ «չեմ կողմնորոշվել», կա՛մ «չեմ մասնակցելու», կա՛մ՝ «հրաժարվում եմ պատասխանել»։
Մինչդեռ դա հասարակության միջուկը, ծանրության կենտրոնն է։ Նրանք քաղաքական ցեխակռվի մեջ մտած ուժերին չեն վստահում, իրոք չեն կողմնորոշվում, դժվարանում են «բաժանել թացը չորից»։ Նրանք «երրորդ», իշխանության համար չպայքարող, չեզոք դատավորի՝ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻ ուղղորդող ու ոգեւորող խոսքի կարիքն ունեն։ Սպասում են, որ մտավորականությունը, Թովմա Մեծոփեցու խոսքով՝ «կպատմի անցյալի մասին, կխոսի ներկայի մասին եւ կզգուշացնի ապագայի մասին», այսինքն՝ ճանապարհ ցույց կտա։
Լռությունը պատմության մեջ նույնպես պատասխանատվություն է, քանի որ հատկապես ճակատագրական նման պահերի վերածվում է քաղաքական գործոնի։ Այս պահին եթե այդ լռությունը շարունակվի, մեծապես օգնելու է այսօրվա իշխանության վերարտադրմանը։
————————————-
Հ. Գ. Որպեսզի խոսքս անհասցե չլինի, խնդրեցի Արհեստական բանականությանը տալ Հայաստանի առաջատար գիտական հիմնարկների, ուսումնական հաստատությունների եւ ստեղծագործական միությունների մի ցանկ՝ յուրաքանչյուրը 10-ական միավորով։
Ահա դա.
- Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա
- Մատենադարան
- Պատմության ինստիտուտ
- Արևելագիտության ինստիտուտ
- Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
- Մաթեմատիկայի ինստիտուտ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և ավտոմատացման խնդիրների ինստիտուտ
- Գրականության ինստիտուտ
Համալսարաններ.
- Երևանի պետական համալսարան
- Հայաստանի ամերիկյան համալսարան
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
- Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
- Երևանի պետական բժշկական համալսարան
- Ֆրանսիական համալսարան Հայաստանում
- Ռուս-հայկական համալսարան
- Շիրակի պետական համալսարան
Ստեղծագործական միություններ.
- Հայաստանի գրողների միություն
- Հայաստանի նկարիչների միություն
- Հայաստանի կոմպոզիտորների միություն
- Հայաստանի ճարտարապետների միություն
- Հայաստանի կինոգործիչների միություն
- Հայաստանի ժուռնալիստների միություն
- Թատերական գործիչների միություն
- Դիզայներների միություն
- Լրագրողների ստեղծագործական միություններ
- Երաժշտական գործիչների միություններ
