‘
Քառյակի՝ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը, որպես իշխանափոխության ընդհանուր օրակարգն իրականացնող քաղաքական գործընթացի մաս, նախորդի համեմատ առաջընթաց գրանցեց։
Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Աշոտ Սարգսյանը: Նրա խոսքով, «բացի ոստիկանությունից, հանրահավաքի մասնակից «շրջիկ փորձագետներից» սկսած մինչեւ ոչ լոյալ լրատվամիջոցներն արձանագրում են, որ այն 30-50%-ով ավելի բազմամարդ էր»։
«Դա սպասելի էր արդեն հանրահավաքից ժամեր առաջ. տարածքային կառույցների ներկայացուցիչները, միաձայն արձանագրում էին, որ ավելացել են «անծանոթ» եւ «առաջին անգամ» հանրահավաք եկածները։ Սա նշանակում է, որ հիմնական խնդրի լուծմանը միտված՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքով սկիզբ առած Շարժումը հասարակության նորանոր շերտերի մեջ լուրջ «շարժ» է առաջացրել։ Հանրահավաքում վերջնականապես ձեւակերպվեց ռազմավարական խնդիրը, այն է՝ համաժողովրդական այս շարժումը, գիտակցելով երկրի ու ժողովրդի ճգնաժամային վիճակը, իր առջեւ նպատակ է դնում ՇՈՒՏԱՓՈՒՅԹ իշխանափոխության՝ ԱՐՏԱՀԵՐԹ ընտրությունների մեխանիզմով։ Այսինքն՝ ի դերեւ եղան այն վերջին «կասկածները», թե ոմանք փորձելու են «ձգել» մինչեւ հերթական ընտրություններ։
Գործնական իմաստով հայտարարվեց հանրապետությունով մեկ «շտաբների» ստեղծման մասին։ Այս խնդիրի արագ լուծումը դյուրանում է ընդդիմադիր ուժերի արդեն իսկ առակա տարածքային կառույցների հիմքի վրա։
Եւ այսպես, կարելի է վստահ ասել, որ հանցավոր ռեժիմից ազատվելու քաղաքական գործընթացի հետագա ընթացքի, արագության, միջոցների ու ճանապարհների ընտրության համար հանրահավաքներն իրենց քանակական ու էներգետիկ դրսեւորումներով դառնում են վճռորոշ գործոն»,- նշեց Աշոտ Սարգսյանը։
‘