(Ելույթ Լեւոն Տեր–Պետրոսյանի 80-ամյակին նվիրված գիտաժողովում)
Ժամանակակից գիտության արձանագրմամբ՝ Խորենացին իր ստեղծագործական աշխատանոցով, ուսումնասիրության մեթոդներով, ճշմարիտ պատմության վերհանման ձգտմամբ չի տարբերվում այսօրվա գիտնական պատմաբանից։
Սա պատմագիտական հարթության վրա նրան տրված բարձրագույն եւ արժանի գնահատական է։
Խորենացու գործը, սակայն, Հայաստանի ամբողջական քաղաքական պատմություն է։ Դրանում պետք է դրսեւորվեին հեղինակի նաեւ քաղաքական, քաղաքագիտական պատկերացումները, որոնք չէին կարող իրենց ներգործությունը չունենալ պատմագրական երկի վրա։
Քաղաքագիտական դիտանկյունով Խորենացու Պատմությանը նայելը մեզ հուշեցին տարաբնույթ երեք հանգամանք.
Առաջին. Պատմահոր գործում երկու առեղծված, որոնց լուծումը դժվար է գտնել պատմագիտական հարթության վրա։
Հեղինակըոգեւորության ու երանության բարձրակետում է Հայկազուն նահապետներից Պարույրի, որպես իր ազգակցի, թագավորության աստիճանի հասնելու առիթով։ Մինչդեռ անտարբեր է նրա վերաբերմունքը, երբ ազգակից այդ հարստությունը դադարում է։ Ոչ ազգակից, ծագումով օտար Արշակունիների թագավորության դեպքում հակառակն է. նա սառն է արձանագրում դրա սկիզբը, մինչդեռ ավարտը նշանավորում է դառնագին «Ողբով» ։
Յուրատեսակ մի այլ առեղծված, որն, ի տարբերություն առաջինի, վաղուց արձանագրված է. Խորենացին ամբողջական Հայոց պատմություն նախաձեռնելով՝ չի անդրադառնում իրեն քաջածանոթ՝ վերջին 4-5 տասնամյակին, որի ժամանակակիցն ու ականատեսն է ինքը։ Այս փաստը մղել է գիտնականներին փնտրելու նրա Պատմության շարունակությունը՝ Չորրորդ գիրքը։
Երկրորդ. Ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի (ում աշխատություններն արդի խորենացիագիտության ծանրության կենտրոնը կարելի է համարել) մի առիթով արած հորդորը՝ «Հայոց պատմության» գանձերը փնտրել ոչ թե շարադրանքի մակերեսին, այլ նրա ընդերքում։
Երրորդ. Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Կիլիկյան Հայաստանի պատմության պատմա-քաղաքագիտական դիտանկյունով արված ուսումնասիության մեթոդիկան («Խաչակիրները եւ հայերը»)։ Այստեղ պատմությունը ներկայացված է իշխանության քաղաքական խնդրիմաս կազմող՝ գահաժառանգության իրավունքի, իշխանության «լեգիտիմության»(օրինակարգության), քաղաքագիտական այլ հարցերի դիտանկյունից։
Բնական եւ անհրաժեշտ է, երբ քաղաքագիտական դիտանկյունից պատմությանը նայում է արդի գիտությունը։ Հաճելի անակնկալ կլիներ, եթե դա աներ միջնադարյան պատմիչը։
Խորենացին մատուցում է այդ անակնկալը։
Ստորեւ, շատ հակիրճ, Խորենացու հիմնական քաղաքագիտական պատկերացումների արձանագրման հիմքով կանդրադառնանք նախ՝ առաջին կետում նշված «առեղծվածներին», ապա, իշխանության օրինակարգության դիտանկյունից՝ նրա Պատմության երկու առանցքային՝ ժամանակագրական եւ նախարարական տների համակարգերին ։
Առեղծվածների լուծումը
Խորենացին Հայաստանի համար հստակ տարբերակում է ինքնիշխան պետականության միմյանց հաջորդած երկու՝ նահապետական եւ թագավորական մակարդակ կամ կարգավիճակ՝ երկրորդը բարձր առաջինից։
Թագավորության շրջանն իր հերթին բաժանվում է Հայկազունների եւ Արշակունիների հարստությունների շրջանների։
Նրա համար Հայաստանի պատմությունն իր նահապետական եւ թագավորական մակարդակներով ինքնիշխան պետականության անընդհատ պատմություն է՝ Հայկից մինչեւ վերջին Արշակունի, եւ սա նրա համար հիմնաքարային պատկերացում է։
Այս պատկերացման հիմքով, ահա, փորձենք տալ վերոնշյալ առեղծվածների լուծումը։
Քաղվածք Խորենացուց.
«Որովհետեւ մեր թագավորների մեջ ինձ այս մարդիկ են սիրելի, իբրեեւ բնիկներ, արյունակիցներ եւ իսկական հարազատներ։ Ես շատ կփափագեի, որ ա՛յն ժամանակ Փրկիչը եկած եւ ինձ գնած լիներ, որ նրանց ժամանակ ես աշխարհ եկած լինեի, նրանց տերությամբ զվարճանայի եւ այժմյան վտանգներից խուսափած լինեի»։
Ցնծալի այս պոռթկումը Հայկի սերնդից, իր ազգակից Պարույրի թագավորական աստիճանի հասնելու առիթով է։
Պատմահոր ըմբռնմամբ այդ պահից ի վեր Հայաստանի թագավորություն լինելու կարգավիճակը միջազգայնորեն ճանաչված եւ անկապտելի իրավունք է — սա նրա երկրորդ հիմնաքարային պատկերացումն է։
Այսպես.
Ալեքսանդր Մակեդոնացու դեմ ապստամբած եւ սպանված Հայկազուն վերջին թագավոր Վահեից հետո ավելի քան մեկ դար Հայաստանում անիշխանական, խառնակ վիճակ է։ Դրանից օգտվելով է, որ «դիւրամուտ ի Հայս լեալ Արշակ Մեծ՝ թագաւորեցուցանէ զեղբայր իւր զՎաղարշակ ի վերայ աշխարհիս Հայոց»։
Պարթեւ Արշակ Մեծի համար օգտագործած «դիւրամուտ լինել» (հեշտությամբ մտնել) բառն առանցքային է եւ ակնհայտ քաղաքական հաշվենկատությամբ ընտրված։ Արշակ Մեծը չի շրջանցում (կամ չի կարող շրջանցել) Հայաստանի՝ թագավորություն լինելու ճանաչված կարգավիճակը կամ իրավունքը։ Ուստիեւ՝ ոչ թե «նվաճում» է Հայաստանը, կցում իր երկրին եւ այստեղ «կողմնակալ», «վերակացու» կամ նման մի պաշտոնյա նշանակում, այլ՝ նպաստավոր պայմաններում «դյուրամուտ» լինելով, թագավոր է կարգում իր եղբորը (Բ. ԿԸ, 204)։
Այսինքն՝ առաջին «առեղծվածի» բացատրությունը կլինի.
Խորենացին երանություն է ապրում իր ազգակից Հայկազունների թագավորության աստիճանի հասնելու առիթով։ Ցնծության բուն հիմքը, սակայն, Հայաստանի՝ ինքնիշխանության բարձրագույն՝ թագավորության կարգավիճակ ստանալն է։
Ուստիեւ՝ նա անտարբեր է Հայկազունների հարստության բարձման փաստի առիթով, քանի որ դրանով ցնծության բուն հիմքը՝ Հայաստանի թագավորություն/պետականությունը չի ավարտվում, այն շարունակվում է Արշակունի գահակալներով։
Նա դառնագին ողբում է ոչ ազգակից, օտար Արշակունիների գահազրկման առիթով, որովհետեւ այս դեպքում դա նշանակում էր Հայաստանի՝ թագավորության, անընդհատ պետականության ավարտ։
Նույն հիմքով լուծում է ստանում նաեւ երկրորդ «առեղծվածը»՝ թե ինչու ամբողջական Հայոց պատմություն ստեղծող հեղինակը չի ներկայացրել իրեն ժամանակակից ու քաջածանոթ 4-5 տասնամյակները։
Այս դեպքում էլ բանալին մեր շեշտած՝ Խորենացու հիմնաքարային պատկերացումն է Հայաստանի՝ անընդհատ ինքնիշխան պետականության պատմություն լինելու մասին ՝ Հայկից մինչեւ վերջին Արշակունի։
Գագիկ Սարգսյանը համոզիչ ցույց է տվել, որ Խորենացու «Ողբը» ոչ թե իր ժամանակի իրողությունների նկարագրություն է, այլ մարգարեություն։ Բայց ինչո՞ւ այսքան հոռետեսական ու հուսահատ։ Դրա համար հիմք չէին կարող լինել ո՛չ իր իսկ շարադրած նախընթաց հերոսական պատմությունը, ոչ էլ 5-րդ դարի իր շրջանցած՝ 40-70-ական թվականների իրողությունները։
Իրական հիմքը պետք է լիներ Հայկ նահապետից մինչեւ վերջին Արշակունի ձգված անընդհատ պետականության կորուստը։
Հայտնի է Խորենացու արձանագրած պատմագիտական հստակ սկզբունքը. «չկա հավաստի պատմություն առանց ժամանակագրության»։ Այս խոսքի նմանությամբ կարելի է ձեւակերպել նրա նույնքան հստակ քաղաքագիտական սկզբունքը. չկա ազգի պատմություն առանց ինքնիշխան թագավորություն/պետականության։ Ըստ այդմ էլ՝ վերջակետ է դրել այնտեղ, որտեղ ավարտվել է այդ պետականությունը։ Եւ ողբացել է ա՛յդ առիթով։
Այս հիմքով էլ կարելի է անել «Ողբի» իմաստավորման հաջորդ քայլը. Այն քաղաքագետի մտահոգությամբ յուրատեսակ մի ուղերձ-ահազանգն է ժամանակակիցներին թե սերունդներին — թագավորություն/պետականություն չունեցող ազգը ենթակա է այլասերման, աղետների ու արհավիրքների։
Այսինքն, եթե պատմագիտական հարթության վրա տրամաբանական էր փնտրել Խորենացու Պատմության Չորրորդ գիրքը, ապա նրա քաղաքագիտական պատկերացումների հարթության վրա անտրամաբանական կլիներ դրա գոյությունը։
Հիմա անցնենք Խորենացու Պատմության երկու առանցքային համակարգերին՝ իշխանության օրինակարգության տեսանկյունից։ Նախ՝ ժամանակագրականին, ավելի ճիշտ՝ դրա առանցքը կազմող հայ թագավորների շարքին, ապա՝ նախարարական տներին։ Հիշենք, որ այդ ամենը խաթարված ու խառնիխուռն վիճակից վերականգնում եւ յուրատեսակ մի «Սահմանադրությամբ» հաստատում է առաջին Արշակունի Վաղարշակը։
Գահաժառանգման իրավունքը եւ թագավորական իշխանության օրինակարգությունը
Արշակունիների՝ շուրջ վեցդարյա թագավորության ընթացքում ամենայն բծախնդրությամբ է ներկայացված գահաժառանգման կարգը։
Դրա օրինակարգության ապահովման համար գործում են մանրամասն մշակված օրենսդրական մեխանիզմներ, նաեւ հատուկ մի կառույց՝ ի դեմս թագադիր-ասպետի գործակալության։
Ըստ սահմանված կարգի, ամփոփ պատկերն այսպիսին է.
Ա) Անխաթար գործում է գահի անցումը անդրանիկության սկզբունքով (16 դեպք)։
Բ) Թագավորի անժառանգության բերումով գահն անցնում է նրա հաջորդ եղբորը (4 դեպք՝ Արշամ, Տիրան, Տիգրան Վերջին, Վռամշապուհ)։
Գ) 3 անգամ գահը անցնում է այլ Արշակունու, եւ դա, տվյալ դեպքերում օրինական է համարվում (Սանատրուկ, Վարազդատ, Խոսրով Երրորդ)։
Խորենացին նույնպիսի բծախնդրությամբ ներկայացնում է նաեւ այդ ամբողջ ընթացքում սահմանված կարգի խախտման կամ նման փորձերի (Երվանդ, այլ մի Սանատրուկ, Մերուժան Արծրունի եւ այլն), անիշխանության, այլ խոտորումների մանր ու մեծ բոլոր դեպքերը։
Մանրամասն ուսումնասիրելով Խորենացու Պատմության ժամանակագրական համակարգը՝ Գագիկ Սարգսյանը այն որակում է հետեւյալ բառերով. «անթերի, ներքին հակասություններից զերծ, կուռ ու սլացիկ»։ Եւ դա բնորոշում է օբյեկտիվ պատմությանը հետամուտ, բարձրակարգ ու խստապահանջ պատմագետ Խորենացուն։
Նույն շրջանի համար, ահա, Հայաստանի թագավորների գահաժառանգման կարգի եւ իշխանության օրինակարգության խնդրի մանրակրկիտ ու հետեւողական ներկայացմամբ, Հայաստանի գահակալների ժամանակագրական գծին զուգահեռ, հառնում է մի նոր՝ նույնքան անթերի ու ներքին հակասություններից զերծ, նույնքան կուռ ու սլացիկ, նույնպիսի խնամքով կառուցված մի այլ՝ գահաժառանգման կարգի եւ իշխանության օրինակարգության համակարգ, ինչը բարձրակարգ պատմագետի կողքին բնորոշում է նույնքան բարձրակարգ ու խստապահանջ քաղաքագետ Խորենացուն։
Օրինակարգության խնդիրը նախարարական տների համակարգի հիմքում
Նախարարությունների մասին նյութը պատմագիտական տեսանկյունից մանրակրկիտ ուսումնասիրել են նախ՝ Նիկողայոս Ադոնցը, ապա՝ Գագիկ Սարգսյանը։
Երկու դեպքում էլ մինչեւ վերջ չլուծված հարց է մնացել Պատմահոր ընտրության այն չափորոշիչը, որով նախարարական այս կամ տոհմը մտել է նրա «Հայոց պատմություն»։ Խնդիրն այն է, որ Խորենացու Պատմության մեջ ներկայացված են 50 նախարարական տոհմեր, մինչդեռ նրան հայտնի են եղել դրանից մի քանի տասնյակ ավելին։
Ադոնցը փորձում է հարցի պատասխանը գտնել «Գահնամակի» եւ «Զորանամակի» ետնախորքում Խորենացու նյութի քննությամբ։ Նա համարում է, որ ընտրություն կատարելիս Խորենացին դուրս է թողել այն նախարարությունները, որոնք «կա՛մ խախտում են գահերի գծի հաջորդականությունը (նկատի ունի՝ ըստ «Գահնամակի»),կա՛մ ունեն 300-ից պակաս հեծյալ զինվոր(նկատի ունի «Զորանամակի» թվերը) ։
Գագիկ Սարգսյանը մերժում է Ադոնցի այս մոտեցումը, քանի որ այդ դեպքում մնում են տվյալ սկզբունքներից շեղվող բացառությունների մի ամբողջ շարք։ Նա որպես Խորենացու կատարած ընտրության հիմք այլ մի չափորոշիչ է առաջարկում, այն է՝նախարարական տների «արժորոշման» (ռեյտինգի) սկզբունքը։
Այս մոտեցմամբ բացառությունները պակասում, սակայն չեն վերանում։ Հենց Գ. Սարգսյանի արձանագրմամբ՝ առնվազն վեց նախարարական տոհմ, որ, ըստ ռեյտինգի, պիտի լինեին, չկան Խորենացու մոտ։
Ամեն ինչ իր տեղն է ընկնում, բացառությունները եւ խոչընդոտները վերանում են, երբ հարցը պատմագիտական հարթությունից տեղափոխում ենք քաղաքագիտական հարթություն, այսինքն՝ նախարարական տների ընտրության հիմքում դնում ենք իշխանության օրինակարգության սկզբունքը։ Նման օրինակարգություն Խորենացին համարել է՝
ա) թագավորների կողմից նախարարական տների պաշտոնական ճանաչումը,
բ) թե ինչ հիմքերի վրա են նրանք դա արել։
Սկիզբը, բնականաբար, Արշակունի հարստության հիմնադիր Վաղարշակն է, որ նորոգել-վերականգնել էր նաեւ խաթարված նախարարական համակարգը։
Այսպես՝
Խորենացու հիշատակած 50 նախարարական տոհմերից Վաղարշակի անվան հետ են կապվում 41-ի կա՛մ ճանաչումը, կա՛մ հիմնումը։
Հաջորդ գահակալները նույնպես ունեցել են նոր նախարարական տոհմեր հիմնելու կամ ճանաչելու իրավունք։ Նման տոհմեր են հիմնել Արտաշես Ա-ն (1), Արտաշես Բ-ն (4), Տիգրան Վերջինը՝ (1) եւ Տրդատը` (3), ընդամենը՝ 9։ Ընդհանուր թիվը դառնում է 50 (41+9). բացառություններ չեն մնում։
Խորենացին իր հիշատակած բոլոր նախարարական տոհմերի ճանաչման համար մատնանշում է նաեւ այն հիմքերը, որոնցով թագավորները առաջնորդվել են։
Առաջին նման հիմքը եղել է Հայկից ծագումը. 50 տոհմերից 23-ը սերում են Հայկից։
Երկրորդ հիմքը նույնպես արյան սկզբունքով է՝ այլ երկրներից Հայաստանում հաստատված ազնվազարմ ծագում ունեցողներ։ Նման նախարարությունների թիվը 11 է։
Նախարարական 3 տոհմ թագուհիների ազգականների գծով են, որ հիմնել են Արտաշես Բ-ն, Տիգրան Վերջինը եւ Տրդատը։
Ոչ արյան հիմքով պայմանավորված՝ նախարարական տների երկու կատեգորիա կա. 8 տոհմերի համար որպես հիմք եղել է նրանց կա՛մ անձնական բացառիկ քաջությունը, կա՛մ ձեռքի տակ էական ռազմական ուժ ունենալու հանգամանքը, կա՛մ թագավորին մատուցած ծառայությունը։ Մյուս այդպիսի հիմքը եղել է թագավորի կողմից հանձնարարված պաշտոնը։ Նման նախարարությունների թիվը 5 է։ Բոլորը միասին՝ 27։
Ընդհանուր թիվը կրկին դառնում է 50 (23+27)։
Այս դեպքում եւս բացառություններ չկան։
Այսպիսով, նախարարական տների ընտրության առկախ մնացած հարցի պատասխանը նույնպես քաղաքագիտական հարթության վրա է եւ հետեւյալն է. Խորենացին ընտրել եւ իր Պատմության մեջ ներկայացրել է այն նախարարական տները, որոնց համար գտել է օրինակարգության վերոհիշյալ երկու հիմքերը։
