Աշոտ Սարգսյան. Ոչ ստանդարտ իրավիճակ կամ Փաշինյանը՝ ազգային ինքնաոչնչացման բացիլ

1133

Երկրի քաղաքական կյանքում, որպես կանոն, որեւէ հարցի կամ խնդրի լուծումը լինում է առաջնային։ Սա՝ ստանդարտ պայմաններում։ Բայց լինում են նաեւ ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ իրավիճակներ, երբ որեւէ հարց կամ խնդիր դառնում է ոչ թե առաջնային, այլ՝ վերածվում է ուղեփակոցի մյուս բոլոր խնդիրների ու հարցերի համար արգելքի։ Այդ ուղեփակոցի վերացումը դառնում է յուրատեսակ բանալի՝ բացելու համար մնացած բոլոր հարցերի լուծման ճանապարհը։

Երբեմն այդ բանալին ինչ-որ բան ստեղծելն է։ Մեզ համար, օրինակ, 5-րդ դարի սկզբին դա գրերի ստեղծումն էր, որ արեց Մեսրոպ Մաշտոցը՝ Վռամշապուհ թագավորի աջակցությամբ։ Այդ մեծագործության շնորհիվ բացվեց թագավորության անկմամբ վտանգված մեր ազգային ինքնության պահպանման, հզորացման  ու գոյատեւման հետ կապված մյուս խնդիրների լուծման ճանապարհը։ Եւ փառավորապես լուծվեցին բոլոր խնդիրները,— հայ ժողովուրդն ստացավ ազգային ինքնության, տեսակային միասնության ապահովման այնպիսի հզոր հիմք, որը հետագա դարերի համար պահպանեց ազգի գոյատեւման քաղաքական երաշխիք անկախ պետականության վերականգնման հնարավորությունը։

Լինում է նաեւ հակառակը՝ երբ ուղեփակոցի վերացման բանալին ինչ-որ բան ոչնչացնելը, դրանից ազատվելն է։ Օրինակ՝ 1988-90-ին դա Խորհրդային կայսրությունը կազմաքանդելն էր։ Ժողովրդավարական այլ ուժերի հետ միասին, դրանց առաջամարտիկը ու հիմնական ուժը լինելով, դա արեց Հայոց համազգային շարժումը։ Դա նույնպես մեծագործություն էր, որի արդյունքներից օգտվեցին նաեւ ուրիշները։ Դրա շնորհիվ մենք անկախություն ձեռք բերեցինք, կործանումից փրկեցինք վտանգված Արցախը, բացվեց ժողովրդավարության, տնտեսության, սոցիալական եւ մյուս հարցերի լուծման ճանապարհը։ Բնական ընթացքը խզվեց 1998-ի դավադիր հեղաշրջմամբ։

Շատ բան կորցրինք ու շարունակում ենք կորցնել։ Սակայն 1990-ականների քաղաքական մեծագործության հիմքով ու դրա ստեղծած ռեսուրսով դեռ հնարավոր է կանգնեցնել ազգակործան իրադարձությունների թավագլոր ընթացքը, բուժել ստացած վերքերը, ըստ հնարավորի շտկել սխալները եւ հաջորդ դարերի համար ապահովել ազգային գոյության ու գոյատեւման երաշխիք՝ ունեցած անկախ պետականությունը։

Այսինքն՝ հիմա իրավիճակը կրկին ոչ ստանդարտ է, եւ՝ նույնքան ճակատագրական, որեւէ խնդիր դնելու ու լուծելու համար նույնպիսի ուղեփակոց է դրված, եւ պետք է գտնել դրա լուծման բանալին։

Երբ Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ տարիներ առաջ Փաշինյանի համար օգտագործեց «ազգակործան պատուհաս» բնութագրումը, ոմանք դրա մեջ գեղարվեստական չափազանցման տարր տեսան։ Մինչդեռ դա ճշգրիտ, չափված-ձեւված քաղաքական բնութագրում էր՝ իսկը նրա հագով։ Այնքան դիպուկ, որ այդ երկու բառը նրա համար դարձան յուրատեսակ անուն-ազգանուն, որ հիմա ավելի հաճախ է օգտագործվում, քան իր անձնագրայինը։ Դրանից հետո, սակայն, Փաշինյանն իր ամենօրյա գործողություններով օր օրի, ժամ առ ժամ լցրեց, մեծացրեց այդ բնութագրման հիմքը այնքան, որ «ազգակործան պատուհաս» բնորոշումը, կարծես, արդեն նեղ է գալիս նրան։

Փաշինյանը երկրին ու ժողովրդին իր տված վնասներով ու բերած աղետներով վաղուց անցել է իր շատ սիրած «նախկիններից»։ Ավելի ճիշտ՝ իր նախնիներից, քանի որ նրանց օրգանական քաղաքական շարունակությունն էր ինքը։ Այդ «նախկինների» տված ահռելի վնասի հիմնական (բայց` ոչ միակ) բաղադրիչը տնտեսական էր՝ ընչաքաղցության հետեւանք կոռուպցիան ու թալանը՝ չափելի տասնյակ միլիարդավոր դոլարներով։ Նրանց այս պատուհաս «սանիկի» տված հիմնական վնասն անիմաստ է գնահատել այդ չափորոշիչով։ Ոչ թե որովհետեւ այն ավելի փոքր է կամ մեծ, այլ որովհետեւ այլ բնույթի է, անչափելի ու, որպես այդպիսին, ստվերում է ամեն տեսակ կոռուպցիա ու թալան, դոլարային արժեքով չափելի որեւէ վնաս։ Մի բան է, երբ մարդուն ավազակաբար թալանում ես, մի այլ բան՝ երբ սպանում ես։

«Ղարաբաղի հարցը» հարյուր տարեկան էր եւ օրինակարգ

Գիտե՞ք, որ «Ղարաբաղի հարցը» հարյուր տարեկան էր եւ ի սկզբանե օրինակարգ։

1920 թվականից ի վեր, որպես Արցախը Հայաստանին միացնելու հարց, այն պաշտոնապես, բայց ոչ հրապարակային, Մոսկվայի առջեւ բարձրացրել են Խորհրդային Հայաստանի համարյա բոլոր ղեկավարները։ Մի 4-5 անգամ էլ պետիցիաներով հարցը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Ոչ պաշտոնապես, բայց դրանք քննարկման առարկա են դարձել։ 1988-ից հարցն արդեն ոչ միայն պաշտոնապես, այլ նաեւ հրապարակային, բարձրացրեց Լեռնային Ղարաբաղի իշխանությունը։ Դրան միացավ Հայաստանի ողջ ժողովուրդը։ Որպես այդպիսին, այն բազմիցս քննության առարկա դարձավ ԽՍՀՄ բարձրագույն իշխանության մարմիններում, այսինքն՝ պաշտոնական օրինակարգություն ստացավ երկրի բարձրագույն իշխանության մակարդակով։

Հարցը նաեւ միջազգային ամենալայն հնչեղությունն ունեցավ ի սկզբանե. արդեն 1988-ին եւրոպական կառույցների (Եւրոպական խորհրդարան), ԱՄՆ-ի կողմից եղան  պաշտոնական որոշումներ ու բանաձեւեր։ Ամբողջ ընթացքում լայն աջակցություն ունեցավ ժողովրդավարական շարժումներից։ Ու այս ամենը՝ հօգուտ Արցախը Հայաստանին միացնելու։ Այսինքն՝ հարցը պաշտոնական օրինակարգություն ստացավ նաեւ միջազգային մակարդակում։

Որպես դե-յուրե ԽՍՀՄ ներքին հարց, այն չլուծվեց։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հարցը չկորցրեց իր կարեւորությունը, չշրջանցվեց, ընդհակառակը՝ 1992-ից դե-յուրե դարձավ լիարժեք միջազգային հարց, դրա կարգավորման համար ամենաբարձր մակարդակով մարմին ստեղծվեց՝ Մինսկի խումբը։ Ու միջազգային բարձրագույն օրինակարգությամբ այն մնաց ամբողջ 30 տարի։

Այս վերջին՝ ամենաբարձր միջազգային կարգավիճակ ունենալու շրջանում, 2019-ին Մինսկի խումբն առաջարկեց հակամարտության կարգավորման կամ Արցախի հարցի լուծման վերջին տարբերակը։ Ավելի ճիշտ՝ ոչ թե վերջին, այլ՝ հերթական։ Վերջինը դարձավ, երբ Փաշինյանը մերժեց այն։

Հաճախ է ասվում, թե նա ըստ էության հրաշալի այդ առաջարկը մերժեց տգիտաբար, չհասկանալով, չկարողանալով հաշվարկել։ Հակառակն է՝ նա մերժեց հասկանալով, գիտակցված ու հաշվարկված (վերջին հաշվով՝ ինքն է մի քանի անգամ դա խոստովանել)։ Եւ ոչ միայն մերժեց, այլեւ թքեց այդ պլանը ներկայացնող աշխարհի ամենահզոր պետությունների երեսին։ Հետո արեց հնարավոր բոլոր սադրանքները, որոնք օրինակարգ դարձրին, լեգիտիմացրին հարցի լուծման ռազմական ուղին, ինչին շարունակ ձգտում  ու չէր կարողանում հասնել Ադրբեջանը։

Ադրբեջանը ցնծությամբ ընդունեց այդ «փեշքեշը»։

Այո, Փաշինյանը ոչ թե չհասկանալով, ոչ թե սխալվելով, ոչ թե տգիտաբար, ոչ թե խաբված, առավել եւս՝ ոչ թե «հայրենասիրաբար» (ինչպես ինքն է ավելի ուշ ներկայացնում), այլ՝ հաշվարկված ու գիտակցաբար գնաց պատերազմի՝ ազատվելու համար Արցախից։ Նա պարզապես ծախեց Արցախը։ Մի ժամանակ խոսակցություն էր շրջանառում, թե դրա դիմաց Ալիեւից 5 միլիարդ դոլար է ստացել։ Ոչ մի «քոռ կոպեկ» էլ չի ստացել։ Վճարողը ոչ թե Ադրբեջանը, այլ մենք ենք եղել, եւ շատ թանկ ենք վճարել՝ 5000 զոհ եւ 10000 խեղանդամ դարձած զինվոր եւ ահռելի նյութական միջոցներ։ Ծախողը Փաշինյանն էր, գնորդը` Ադրբեջանը, վճարողը՝ մենք…

Փաշինյանն անմեղսունակություն ենթադրող հոգեկան հիվանդ չէ (ինչպես հաճախ գնահատվում է իր տարօրինակ պահվածքի ու գործելակերպի համար)։ Նա մեղսունակ է, եւ գնաց այդ քայլին միմիայն հանուն իր իշխանության պահպանման։ Սահմռկեցուցիչ ու անհավատալի՞ է նման պնդումը։ Նորմալ մարդու համար իհարկե՝ այո։ Բայց սա քաղաքական գնահատական կամ ենթադրություն չէ, այս դեպքում էլ նաեւ ինքն է դա խոստովանել, ասելով, թե հակառակ (պատերազմի չգնալու եւ կարգավորման փաստաթուղթը ստորագրելու) դեպքում «ինձ դավաճան կասեին» արդարացմամբ։ Իսկ հիմա արդեն ոչ թե արդարանում, այլ պարծենում է, որ Հայաստանը «հերոսաբար» ազատեց «Արցախի թոկից», որ դրանով փրկեց Հայաստանի անկախությունը եւ «իրական Հայաստան» ստեղծելու հնարավորություն ստացավ։

Այսպես, 100 տարի գոյատեւած եւ լուծման հերթական մի հրաշալի եզրագծի հասած «Ղարաբաղի հարցը» փակվեց,փակվեց՝ 3-4 հազար տարվա բնիկ հայ բնակչությունից լիակատար դատարկմամբ։ Անհավատալի է։ Իսկ նա պարծենում է, թե դա իր քաղաքական գործունեության փառավոր արդյունքն է։ Ասում է ու մարսում։

Բայց նույնիսկ դրանով ամեն ինչ չավարտվեց։

«Արցախի հարցի» փոխարեն «Սյունիքի հարց» եւ… «Հայաստանի հարց»

Սյունիքի հարց, առավել եւս՝ օրինակարգ, երբեւէ չի եղել։

Հրաժարվելով 2020թ. նոյեմբերի 9-ի իր իսկ ստորագրած «Եռակողմ հայտարարությունից» ու հակառուսական հիստերիա սանձազերծելով, Փաշինյանը Ալիեւին մատուցեց երկրորդ «փեշքեշը»։ Ո՞վ կարող էր ամենամղձավանջային երազում անգամ տեսնել, որ հարյուր տարվա «Արցախյան հարցը» մի օր կվերածվի «Սյունիքի հարցի»։ Փաշինյանը դա արեց ու իր «հերոսական» գործունեության հաջորդ քաղաքական արդյունքն է համարելու։ Եթե Արցախը մարսեց, Սյունիքն ինչո՞ւ պիտի չմարսի։ Եթե «Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին» արտասանողը կարող էր ոչ միայն Հայաստանում ապրել, այլև շարունակել նրա ղեկավար մնալ, ինչո՞ւ նույնը չի կարող ասել Սյունիքի մասին. «Սյունիքը խաղաղությանը խանգարող մի կռվախնձոր, քարտեզի վրա էլ մի պոչ էր, կտրվեց, մնաց քիփլիկ իրական Հայաստան, մեզ պե՞տք էր Սյունիքը»։ Այսպես արդարանալու, հետո պարծենալու է՝ «ես կարողացա այսքան հարյուր կիլոմետրով կրճատել Հայաստանի սահմանները, ուրեմն եւ դրա պաշտպանության վրա կատարվող ծախսը»։

Աննորմա՞լ է, չափազանցո՞ւմ։ Ավելի աննորմա՞լ է, քան ինչ ասել է Շուշիի դեպքում։ Փաշինյանի քանի՞ սրան չզիջող «իմաստություն» կարելի է դնել սրա կողքին։ Աննորմալն այդ ամենից հետո նրան երկրի ղեկավար պահելն է։

Սյունիքով էլ ամեն ինչ չի ավարտվել։

Ալիեւի հետ միասին «Սյունիքի հարցին» միս ու արյուն տալու համատեղ գործընթացը դեռ չավարտած, առարկայորեն ուրվագծվում է «Հայաստանի հարցը». առնվազն՝ որպես ազգային պետություն գոյության հարցը, ինչից հետո ընդամենը տեխնիկայի խնդիր է լինելու այն «Արեւմտյան Ադրբեջանի» վերածելը բառիս բուն իմաստով (հետեւեք Տաթեւիկ Հայրապետյանի ամենօրյա պարտաճանաչ մանրամասն տեղեկատվական նյութերին եւ հրաշալի մասնագիտական վերլուծություններին)։

Դա արդեն կլինի ոչ թե պետականության կորուստ. մենք մի քանի անգամ կորցրել ու վերականգնել ենք այն։ Դա կլինի պետականության սուբյեկտ-ազգի կորուստ, ազգի կործանում։ Դա կլինի ավարտ, կլինի վերջ, ինչպիսի վերջ որ ունեցել են մի քանի հազար տարի առաջվա մեր տասնյակ հարեւաններ, որ այսօր չկան։

Խուճապի մեջ

Ազգերը, ամենահին ժամանակներից ի վեր, դրսից ստացած հարվածներով չէ, որ ոչնչացել, վերացել են։ Չեն վերացել անգամ ցեղասպանություններով։ Ազգերը վերանում են ներսից, երբ նրանց մեջ ինքնաոչնչացման բացիլ է հայտնվում։ Այդպես է եղել հին ժամանակներում, այդպես է հիմա։ Փաշինյանն այդ բացիլն է։

Սակայն ազգերն ունեն նաեւ իմունային համակարգ, որը ճակատագրական պահին սկսում է գործել։ Հիմա, կարծես թե, վերջապես տեսնում ենք դրա նշանները։ Դա, հաստատ, շատ ավելի լավ ու առարկայական, տեսնում է Փաշինյանը (նա՛ ունի լավագույն ու ճշգրիտ տեղեկատվությունը)։ Ու նա դրանից ԽՈՒՃԱՊԻ մեջ է։ Ինչը եւ բնական է ծանրագույն հանցանքներ գործած ու գործող մարդու համար, որն իշխանությունը կորցնելուց հետո պատասխան է տալու։ Իսկ խուճապի մատնվածի առաջին եւ հիմնական մտահոգությունն ու գործը դա թաքցնելն է ինքնավստահության ու անհոգության պատրանք ստեղծելով, տեսարաններ խաղալով։ Հենց այդպիսի տեսարաններ են «ուրախ ավտոբուսը», «գեղջկավարի» կարկանդակ, սուջուխ ուտելը, եգիտացորեն կրծելը ու այդ ամենը հատուկ ցուցադրելը, թե տեսեք՝ ես ինչ անհոգ եմ, խնդիր չունեմ։

Միայն խուճապի մեջ գտնվողը, սեփական ստվերից վախեցողը կհասներ այնպիսի անհեթեթության, որ եկեղեցուն աջակցելու պարզ, մարդկային, այլ կերպ պարզապես անմեկնաբանելի մարդկային խոսքը կհամարեր «ահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչ», եւ մարդուն կզրկեր ազատությունից։ Ըստ անհրաժեշտության իրեն «գժի տեղ դնելը» որպես միջոց օգտագործող Փաշինյանի դեպքում եթե սահման չունի սուտը, զրպարտությունը, անհեթեթությունն ի՞նչ է, որ սահման ունենա։

Սակայն վերադառնանք արդեն հստակ առարկայացող «Հայաստանի հարցին», որ, ասացինք, նույնն է, ինչ Ալիեւի շրջանառած «Արեւմտյան Ադրբեջանը»։ Ո՞րն է ըստ Ալիեւ-Փաշինյան տանդեմի՝ վերջին այս հարցի լուծման ճանապարհը, միջոցը։

Ազգային ինքնության հիմնասյուների ոչնչացում

Այս ուղղությամբ Փաշինյանի առաջին քայլը Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ դեմ ճիվաղային մեթոդներով անբարոյական արշավն է։ Եւ դա սկսած ամեն տղամարդու համար ամոթալի ու անպատիվ՝ ուրիշների անկողինները մտնելուց ու սպիտակեղենը քրքրելուց մինչեւ կաթողիկոսին «ԿԳԲ-ի ագենտ», բարձրաստիճան հոգեւորականներին մանկապիղծ հռչակելը։ Սրանք ծանրագույն մեղադրանքներ են, որոնք, եթե չեն քննվում, դատարան չեն մտնում ու չեն ապացուցվում, ուրեմն՝ զրպարտության ու սուտ մատնության հոդվածներով դատական պատասխանատվության պետք է ենթարկվի դրանց հեղինակը։ Բայց նման բաները երկրորդական են խուճապի մատնվածի դեպքում։

Իսկ ընդհանրապես, հենց իշխանությունը պահելու խնդրի դիտանկյունից (որ է Փաշինյանի միակ ելակետը) շատ ավելի տրամաբանական կլիներ Եկեղեցուն ընդհանրապես հանգիստ թողնել եւ նախընտրական այս շրջանում, իր համար նոր հակառակորդ չստեղծել՝ ի դեմս Եկեղեցու բազմահազար հավատացյալների։ Ակնհայտ այս իրողության հանդիման՝ հակառակն անելը միայն հրահանգի արդյունք կարող է լինել, այնպիսի հրահանգի, որի չկատարելը, ավելի մեծ վտանգ է դիտել իր իշխանության համար։ Նման հրահանգ կարող էր լինել միայն Ադրբեջանից։

Ինչո՞ւ պետք է Ալիեւը նման հրահանգ տար։ Որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցին հայկական ինքնության առանցքային բաղադրիչներից, հիմնասյուներից մեկն է արդեն 1700 տարուց ավելի, այսօր էլ ամենամեծ համահայկական կառույցն է եւ, որպես այդպիսին՝ մեծագույն խոչընդոտ «Հայաստանի հարցի» լուծման կամ՝ «Արեւմտյան Ադրբեջանի» իրականացման ճանապարհին։

Երկրորդը ազգի պատմության ջնջումն է։

Այն, որ ժողովրդի պատմությունը, մասնավորապես դրա կուլմինացիոն դրվագները, ազգի ինքնությունը կազմավորող եւ կենսունակությունն ամրապնդող կարեւորագույն գործոներից է, հայտնի է եղել հազարամյակներ ի վեր։ Մեզանում դեռ 5-րդ դարում դա հստակ արձանագրել է Պատմահայր Մովսես Խորենացին, արձանագրել ու իր «Հայոց պատմությամբ» դարերի համար ապահովել է ազգային ինքնության կարեւոր այդ բաղադրիչը։

Ընդ որում՝ տվյալ պահի սերնդի վրա ավելի մեծ է ժամանակով ավելի մոտ պատմության ներգործուն ուժը։ Ուստիեւ՝ Փաշինյանի հիմնական թիրախն էլ հենց մեր պատմության նորագույն շրջանն է, ավելի ճիշտ՝ հենց 1988-ից սկսվող տասնամյակը։ Այդ տասնամյակն իր քաղաքական արդյունքներով  Հայոց վերջին հազարամյակի պատմության բարձրակետն է. այդ ժամանակ են գրանցվել այնպիսի քաղաքական արդյունքներ, որ չեք գտնի նախորդ հազարամյակի որեւէ այլ տասնամյակում։ Վերջապես՝ այս տասնամյակում է Ադրբեջանը հայկական ուժերից պարտություն կրել։ Այդ տասնամյակի իրական պատմությունը կարող է ծառայել հայկական ինքնությունը սնող կարեւորագույն աղբյուր, դառնալ այդ ինքնության երկրորդ հիմնասյուն, դրանով՝ նաեւ ազգային պետության հարատեւման ու նրա քաղաքացու արժանապատվության ամուր հենարան։ Այդ տասնամյակում է հայ մարդն ազատվել իր ավանդական «թշվառ ու անտերի», «խեղճի», «մորթվածի» ու «ցեղասպանվածի», զոհի բազմադարյա բարդույթներից, ձեռք բերել հաղթողի ու կարողի ապրեցնող հոգեբանություն եւ արժանապատվություն։ Նման որակներով մի հասարակություն չի կարող Հայաստանի ադրբեջականացում թույլ տալ։

Փաշինյանը ջնջում է մեր ազգային ինքնության նաեւ այս բաղադրիչը, կործանում այս հիմնասյունը, ինչի տրամաբանական բացատրությունը, դարձյալ, դժվար է այլ տեղ գտնել, քան նույն կենտրոնից, այն է՝ Ադրբեջանից իջած հրահանգում։

Ազգային ինքնության երրորդ բաղադրիչը նրա լեզուն է։

Դրա դեմ էլ է արդեն առաջին քայլն արվել՝ առաջին հայացքից սահմանափակ, բայց հիմնաքարային մի բնագավառի համար. կառավարության մի որոշմամբ ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ հումանիտար ասպարեզի գիտնականների աշխատանքի գնահատման, ըստ այդմ՝ նրանց առաջխաղացման, աշխատավարձի եւ անգամ աշխատել-չաշխատելու հարցերը շուտով որոշվելու են նրանց հետազոտությունների օտարալեզու (այսպես կոչված` «սկոպուսային») հրատարակությունների քանակով։ Այսինքն՝ հայագիտությունը (պատմություն, լեզու, գրականություն, արվեստ) դառնալու է ճիշտ այնպիսին, ինչպիսին են այսօր մեռած ժողովուրդների մասին գիտությունները։

Եւ այսպես, վտանգված են մեր ազգային ինքնության երեք հիմնասյուները՝ քրիստոնեական եկեղեցին՝ անձնավորված Գրիգոր Լուսավորչով եւ Տրդատ Մեծով, հայոց լեզուն՝ անձնավորված Մեսրոպ Մաշտոցով՝ աջակից ունենալով Վռամշապուհ թագավորին, պատմությունը՝ անձնավորված Մովսես Խորենացիով եւ Սահակ Բագրատունի իշխանով։ Կործանիր ցանկացած ժողովրդի ազգային ինքնության այս երեք հիմնասյուները, եւ նրան մահվան ես դատապարտում։ Փաշինյանը դա է անում՝ որպես ազգային ինքնաոչնչացման բացիլ։

Ուստիեւ՝ այսօր մենք, իրոք, ապրում ենք հերթական ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ իրավիճակում։

Թող նախընտրական այս շրջանում քաղաքական ուժերը կազմեն ամենագրագետ, ամենախոստումնալից, ամենագայթակղիչ ծրագրեր ու դրանով ներկայանան ընտրողին։ Այդ ամենի իրականացման դեմ, ինչպես ասացինք, ուղեփակոց է դրված՝ Փաշինյանի ու իր կոմսոմոլների… (դժվարանում եմ սրանց համար հայերենով ճիշտ բնորոշիչը գտնել) «գյորմամիշ» ոհմակի տեսքով։ Այդ ուղեփակոցը բացելու բանալին համախմբումն է այս պահին ակնհայտորեն եւ օբյեկտիվորեն առաջնային ուժի շուրջը, ինչի մասին արդեն մի քանի անգամ ասել է Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Նկատի ունենալով խնդրի գերկարեւորությունը, իրավիճակի յուրահատկությունը, գոյություն ունեցող հասարակական տրամադրությունները, տարիների քարոզչությամբ մասամբ դեռ խեղված պատկերացումները, իշխանության դավադիր ու ամեն ինչի ընդունակ բնույթը՝ միասնական նման բեւեռի ստեղծման եւ դրա առաքելության հաջողությունը երաշխավորված կլինի, երբ դրանում ընդգրկված կլինեն քաղաքական ուժեր, որոնք՝

նախ` վարկաբեկված չեն,

երկրորդ՝ պատրաստ են անմնացորդ պայքարի,

երրորդ՝ հանուն առաջնային նպատակի կկարողանան ամբողջությամբ ու անվերապահ մի կողմ դնել անձնական ու կուսակցական ամբիցիաները։

Այս վերջինը հատկապես կարեւոր է՝ խույս տալու համար ընտրական օրենքում արդեն իսկ դրված վտանգավոր ծուղակից եւ ընթացքում իշխանության կողմից անպայման երկնելիք նոր որոգայթներից։

Եթե որեւէ մեկն այլ կերպ է մտածում՝ քաղաքականության հետ կապ չունի, զբաղված է կա՛մ ինքնախաբեությամբ, կա՛մ խաբեությամբ՝ երկուսն էլ օբյեկտիվորեն հօգուտ ազգակործան այս իշխանության։

————

Հ. Գ. Այս հոդվածի հիմքում Հայ Ազգային Կոնգրեսի 5(23)-րդ համագումարում իմ ելույթի թեզերն են։

Նախորդ հոդվածըԸնդդեմ սեփական պատմության կեղծարարության – 70. Լեւոն Տեր-Պետրոսյան – Ելույթ Հայ Ազգային Կոնգրեսի առաջին համաժողովում (21 դեկտեմբերի, 2008թ.)
Հաջորդ հոդվածըԿատարյալ բարոյազրկություն եւ քաղաքական գահավիժում. «ՉԻ»