Ելակետային իրողություններ.
- Զինադադարը միջանկյալ վիճակ է պատերազմի եւ խաղաղության միջեւ։ Այն կարող է ունենալ երկու ելք. կա՛մ շարունակվել զինված առճակատման՝ պատերազմի տեսքով, կա՛մ ավարտվել վերջնական խաղաղության պայմանագրի կնքումով։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է՝ հաստատված մարդկության ողջ պատմությամբ։
- Խաղաղ կարգավորման հասնելու եւ պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության կողմից մեզ տրված է եղել շուրջ 26 տարի ժամանակ։
- Ցանկացած վերլուծություն պետք է հենվի փաստերին։ Փաստերին հենվող տրամաբանական դատողություններն են միայն, որ իրենց հերթին փաստի ուժ են ստանում, դառնում հավաստի եւ արժանահավատ։
- Փաստերի՝ տեղի ունեցող խեղաթյուրումը ու դրա վրա ձեռնածությունը արհամարհանք է հասարակության մտավոր ունակությունների նկատմամբ, հանցագործություն՝ հղի նոր աղետներով։
Փոխզիջումների հիման վրա Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ռազմավարությունը (1990-1997թթ.)
Փաստ 1.
Փոխզիջումներով խաղաղ կարգավորման հասնելու խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ-ն որդեգրել են 1990 թ. իշխանության գալուց անմիջապես հետո՝ որպես հստակ ռազմավարական ուղեգիծ։ Այն մշտապես պաշտպանել է նաեւ Լեռնային Ղարաբաղը։
Հայոց համազգային շարժման իշխանությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի սկզբանե ռազմական առճակատումից խուսափելու եւ փոխզիջումների հիման վրա Ղարաբաղի խնդրի քաղաքական լուծման հասնելու ռազմավարության կրողն է եղել։ Եւ դա ոչ միայն չի թաքցվել, ոչ միայն ասվել է հրապարակավ, այլեւ հնարավոր ամեն ինչ արվել է այն կյանքի կոչելու համար։ Այս ուղեգիծը Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհրդարանի փակ նիստում ընդարձակ ելույթով ներկայացրեց ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելուց ընդամենը մեկ ամիս անց՝ 1990 թ. սեպտեմբերի 3-ին։ Ընդ որում, այդ պահին դեռ պատերազմ, լայն իմաստով, չկար (այն այդպիսին դարձավ մեկուկես տարի անց), բայց կար Ադրբեջանի հետ երկուսուկեսամյա հակամարտությունը առճակատման տեսքով, ինչը մեղմելուն, դեպի կարգավորում տանելուն, այդ պահին Լեռնային Ղարաբաղի համար կենսականորեն անհրաժեշտ որոշակի առաջնային խնդիրների լուծմանն էր վերաբերում խոսքը.
«Արցախի հարցն, արդեն քանիերորդ անգամ եմ կրկնում, ունի երկու լուծում։ Այդ հարցի ուղղությամբ կա երկու ստրատեգիա՝ առճակատման ստրատեգիան եւ փոխզիջումների ստրատեգիան։ Մինչեւ հիմա մենք ընթացել ենք առճակատման ստրատեգիայով… Կա մյուս ճանապարհը՝ փոխզիջումների ճանապարհը։ Մենք դա դեռեւս չենք փորձարկել» (Լ. Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», Երեւան, 2006, էջ 116- 117)։
«Իմ վերլուծություններն ինձ բերել են այն համոզման, որ այսօր առճակատման ստրատեգիան արդեն սպառել է իրեն, եւ ժամանակն է անցնելու փոխզիջումների ստրատեգիային։ Փոխզիջումների մասին խոսելով՝ ես չեմ վախենում իմ վարկը կորցնելուց։ Իսկ դուք կարող եք ժողովրդի մեջ տարածել, որ ես դավաճանել եմ Արցախի գործին… Մեզ համար այսօր ամենակարեւորն այն է, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության գոյությունն Արցախում» («Ընտրանի», էջ 121-122)։
Այն, որ այս ամենն ասվեց խորհրդարանի փակ նիստում, ոչինչ չէր նշանակում. մեկ ամիս անց նա նույն բանն ասաց նաեւ հրապարակային.
«Այսօր երկու կողմի համար էլ առճակատման ուղին իրեն սպառել է, եւ արդեն նախապայմաններ են ստեղծվել փոխզիջումների ուղիով ինչ‑որ տանելի վիճակ ստեղծելու համար, որպեսզի հանրապետությունները կարողանան զբաղվել իրենց ներքին բարդ խնդիրներով» («Ընտրանի», էջ 138)։
Բնականաբար, եղավ նաեւ դիմադրություն, որը հաղթահարվեց։ Այդ պահին դիմադրեց նաեւ Արցախի քաղաքական ղեկավարությունը։ Սակայն կարճ ժամանակում համոզվելով, որ դա է ճիշտ ճանապարհը, 1991 թ. մայիսի 16-ին փոխզիջումներով խաղաղ կարգավորման հասնելու նույն ռազմավարությունը որդեգրելու մասին պաշտոնական հայտարարություն արվեց ԼՂԻՄ աշխատավորության լիազոր ներկայացուցիչների անունից (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 17.05.1991)։ Նույն ուղեգիծը հաստատվեց հունիսի 19-ին ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի որոշմամբ, ինչին հաջորդ օրը` հունիսի 20-ին հավանություն տվեց նույն՝ ԼՂԻՄ աշխատավորության լիազոր ներկայացուցիչների խորհրդակցությունը (տե՛ս «Հայաստանի Հանրապետություն», 22.06.1991)։
Փաստ 2.
Փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման հասնելու ռազմավարական ուղեգիծը առանցքային մնաց նաեւ պատերազմի տարիներին։
Պատերազմը հայկական կողմի ընտրությունը չէր. դա Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ էր՝ ի հեճուկս դրանից խուսափելու՝ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների գործադրած բոլոր ջանքերի։
Հայաստանի իշխանության համար պացիֆիզմը չէր ռազմական առաճակատումից, պատերազմից ամեն կերպ խուսափելու ձգտման հիմքում, այլ պարզ քաղաքական-թվաբանական հաշվարկը։ Մարդկային եւ այլ ռեսուրսներով Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում էր Հայաստանին։ Դրան գումարած՝ Հայաստանն ուներ երկրաշարժի հետեւանքով 1/3-ով ավերված երկիր՝ 500.000 անօթեւաններով, 300.000 փախստականներ, տնտեսական խուլ շրջափակում՝ հանգամանքներ, որոնցից ամեն մեկն իր պահանջած ջանքերի ու ծախսերի առումով մի պատերազմի էր հավասար։ Այս պայմաններում ամենալավատեսական ու երազային հաշվարկով անգամ դժվար էր հայկական կողմի համար բարեհաջող ընթացք եւ ելք ակնկալելը։
Բայց պատերազմը պարտադրված էր, եւ այլընտրանք չկար՝ բացի այն որպես իրողություն ընդունելուց։ Մնում էր եղած ռեսուրսների խելամիտ օգտագործումը, պետական շինարարության եւ դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանին գերազանցելը եւ, անշուշտ, կարգավորման հասնելու ռազմավարական գիծն անխաթար պահելը։ Կարգավորման հասնելու ջանքերի վկայությունները այդ տարիներին բազմաթիվ են՝ Հայաստանի դիվանագիտական աշխատանքի, իշխանության մարմինների տասնյակ պաշտոնական հայտարարությունների տեսքով։ Դա էր երկրի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթների միջով մշտապես անցնող առանցքային գիծը։ Ահա տասնյակ օրինակներից երկուսը` պատերազմի շրջանում նրա ելույթներից.
«Կարեւոր նվաճում եմ համարում նաեւ այն, որ, թեեւ շատ սուր բանավեճերից հետո, խորհրդարանն այնքան խոհեմություն ունեցավ, որ չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը… Բանակցությունը տեղի է ունենում փոխզիջում ձեռք բերելու նպատակով։ Եթե բանակցություններից առաջ կողմերից մեկը հանդես է գալիս նման դիրքորոշմամբ, փաստորեն նա մերժում է բանակցությունները։ Այս դեպքում ամբողջ աշխարհում մեզ ոչ ոք լուրջ չէր ընդունի» (11 նոյեմբեր, 1992, — «Ընտրանի», էջ 308)։
«Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից ԵԱՀԽ‑ի խաղաղարար ծրագրի ընդունումն առաջին լուրջ քայլը պետք է համարել խաղաղության հաստատման, արցախահայության անվտանգության եւ բնականոն կենսագործունեության ապահովման ու հիմնահարցի փոխզիջումային լուծման ճանապարհին» (27 հունիսի, 1993,- «Ընտրանի», էջ 379-380)։
Փաստ 3.
Փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման նույն ուղեգիծն էր առանցքայինը նաեւ 1994 թ. զինադադարից հետո։
Շահեկան պայմաններում զինադադարի հաղթական այն արդյունքը, որն առարկայացավ 1994 թ. մայիսին, անգամ որպես հրաշք` ոչ մեկը չէր կարող երազել մի քանի տարի առաջ։ Իսկ դա տեղի ունեցավ հետեւյալ խնդիրների փայլուն լուծմամբ.
Ա) Եղած ռեսուրսների խնայողական եւ արդյունավետ կառավարում,
Բ) Պետականության կառուցման առաջանցիկ տեմպեր Ադրբեջանի համեմատությամբ,
Գ) Դիվանագիտական ճակատում վճռորոշ ձեռքբերումներ եւ փայլուն հաղթանակներ,
Դ) Ադրբեջանում տեղ գտած ներքին անկայունության երեւույթների հմուտ օգտագործում,
Ե) Պրոֆեսիոնալ հրամկազմով օժտված եւ անհրաժեշտ սպառազինությամբ ապահովված բանակի ստեղծում,
Զ) Ամբողջ ընթացքում խաղաղ կարգավորմանն ուղղված անկեղծ ջանքեր եւ կառուցողական նախաձեռնություններ, դրա շնորհիվ միջազգային հեղինակության ապահովում,
Է) Իշխանության նկատմամբ վստահությամբ պայմանավորված՝ թիկունքում զոհողությունների պատրաստ հասարակություն, իսկ ռազմաճակատում՝ կռվողների նվիրում։
Շահեկան պայմաններում կնքված հաղթական զինադադարը ոչ միայն չխանգարեց, այլեւ կրկնապատկեց իշխանության ջանքերը՝ շարունակելու փոխզիջումների վրա հիմնված վերջնական խաղաղության հասնելու ռազմավարությունը։ Եւ այս դեպքում եւս նման մոտեցման հիմքում պացիֆիզմը կամ վճռականության ու հայրենասիրության պակասը չէր, այլ կրկին՝ թվաբանական պարզության հասնող քաղաքական հաշվարկը։ Այդ հաշվարկը մանրակրկիտ ներկայացնելու առիթ եւ անհրաժեշտություն եղավ 1997-ին. մինչ այդ դրա կարիքը չկար, քանզի Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ներսում ոչ ոք ռազմավարական այդ ուղեգծին դեմ չէր։
Իսկ որ այդ ուղեգիծը զինադադարից հետո էլ շարունակում էր մնալ առանցքային, վկայում է 1996 թ. նախագահական ընտրությունների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրում տեղ գտած համապատասխան հստակ դրույթը.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակել Հայաստանի կառուցողական մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բազմակողմ եւ ուղղակի բանակցություններին։ Հետեւողականորեն հանդես գալ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ հարցի լուծման փոխզիջումային տարբերակի որոնման դիրքերից» (31 օգոստոսի, 1996 թ., — «Ընտրանի», էջ 518)։
Իշխանության բոլոր ներկայացուցիչներն անմնացորդ աշխատում էին հօգուտ Նախագահի վերընտրության, այսինքն՝ պաշտպանում էին փոխզիջումներով խաղաղության հասնելու գիծը։
Վազգեն Սարգսյանն այդ պայքարի առաջին շարքերում էր եւ ընդարձակ ներբողական ելույթ ունեցավ նախընտրական շրջանում (տե՛ս «Գիտնականը եւ Նախագահը, Երեւան, 2019, էջ 268-269)։ Նա անգամ ընդդիմության կողմից մեղադրվում էր ընտրությունների ընթացքում հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ՊՆ նախարարի իր լիազորությունները գերազանցելու մեջ։
Արցախի իշխանության եւ ժողովրդի անունից Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը բարձր գնահատող եւ նրա թեկնածությունը պաշտպանող ջերմ կոչեր հրապարակեցին ԼՂՀ նախագահ Ռ. Քոչարյանը եւ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը (տե՛ս «Գիտնականը եւ նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ», Երեւան, 2019, էջ 271-272 եւ 284)։
Այսինքն, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի իշխանությունները անվերապահ պաշտպանում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը, որի մեջ առանցքայինը փոխզիջումներով վերջնական խաղաղության հասնելու նույն դրույթն էր։
Փաստ 4.
1997 թվականին հակամարտության վերջնական կարգավորման՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գործնական քայլը անակնկալ չէր կարող լինել դրան ընդդիմացած՝ ՀՀ առանցքային պաշտոնյաների եւ ԼՂՀ ղեկավարության համար։
Խոսքը վերաբերում է «իշխանության հայտնի ուժերի» ղեկավարներին, որոնք ընդդիմացան կարգավորմանը՝ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, վարչապետ Ռոբերտ Քոչարյանին, ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ (Սամվել Բաբայան, Լեոնարդ Պետրոսյան, Օլեգ Եսայան)։ «Անակնկալ չլինելը» ենթադրություն չէ, այլ իր հավաստիությամբ փաստի համարժեք միակ հնարավոր արձանագրումը՝ հետեւյալ իրողությունների հիմքով.
- Ամբողջ 7 տարի պետական բարձր պաշտոններ զբաղեցրած այս մարդիկ ոչ մի անգամ չեն ընդդիմացել փոխզիջումների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ ռազմավարական գծին։
- Նրանք 1996 թ. նախագահական ընտրություններում անվերապահ պաշտպանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ում նախընտրական ծրագրում առանցքայինը նույն՝ հակամարտությունը փոխզիջումների ճանապարհով կարգավորելու դրույթն էր։
Եթե որեւէ մեկը փորձի հակառակը («անակնկալ լինելու» տարբերակը) պնդել, ապա դրա համար պետք է ընտրի հետեւյալ երկու հնարավոր բացատրություններից որեւէ մեկը։
Կա՛մ այդ մարդիկ տարիներ շարունակ կեղծել են իրենք իրենց (ինչը կլիներ ծայրահեղ ամոթալի ու անբարո արարք)։
Կա՛մ այդ մարդիկ մտքի սուր արտահայտված տկարություն են ունեցել ու չեն հասկացել պարզագույն բաներ (ինչը ծայրահեղ վիրավորական կլիներ նրանց համար)։
Մենք այս տարբերակներից որեւէ մեկը հնարավոր չենք համարում։
Իսկ եթե անակնկալ կար այս ամենում, ապա դա Լեւոն Տեր-Պետրոսյանի համար էր, ում քաղաքական թիմի՝ առանցքային պաշտոններ զբաղեցնող անդամներից ոմանք հանկարծ 180 աստիճան շրջադարձ են կատարում Հայաստանին եւ Արցախին վերաբերող հիմնական հարցում իրենց մշտապես ունեցած դիրքորոշման մեջ։
Փաստ 5.
Վերոհիշյալ անձանց կողմից մերժվում էր ոչ թե կարգավորման որոշակի մի ծրագիր, այլ փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորման գաղափարը` որպես այդպիսին։
Անհամաձայնությունը Մինսկի խմբի կողմից ներկայացված կարգավորման փաստաթղթերում փոխզիջումների դետալների «բալանսին» չէր վերաբերում (ինչ ենք տալիս՝ ինչ ենք ստանում, կարելի է ավելի քիչ տալ՝ ավելի շատ ստանալ եւ այլն)։ Նրանց հրապարակային խոսքերում նման առարկություններ չեք գտնի (տե՛ս ժամանակի մամուլը)։ Նման բան չի ասվել նաեւ ոչ հրապարակային՝ փակ քննարկումներում (նրանց առարկությունների ցանկը տե՛ս Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1998 թ. հունվարի 7-8-ին անցկացված Անվտանգության խորհրդի նիստի ելույթում (Լեւոն Տեր-Պետրոսյան, «Ընտրանի», էջ 647-648)։ Ընդդիմացումը վերաբերում էր փոխզիջումների հիման վրա խաղաղ կարգավորմանն ընդհանրապես՝ անկախ փոխզիջումների «բալանսից»՝ դրան հակադրելով «ակտիվ սառեցման», «ստատուս քվոն» պահելու` տրամագծորեն հակառակ, նոր մի ռազմավարություն (ինչի մասին, ինչպես ասվեց, այս մարդկանցից որեւէ մեկը երբեք չէր խոսել նախորդ տարիների ընթացքում)։
Ահա այդ բանը վկայող նրանց հիմնավորումներից մի քանիսը՝ ներկայացված Անվտանգության խորհրդի նիստում (07-08, 01.1998 թ.).
«Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն» (Վ. Սարգսյան, Ս. Սարգսյան),
«Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու, կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վ. Սարգսյան),
«Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը մեզ համար վտանգավոր չէ» (Ա. Ղուկասյան) («Ընտրանի», էջ 648)։
Նկատի ունենալով մի կողմից՝ նրանց դիրքորոշման տրամագծային փոփոխության անակնկալ լինելը, մյուս կողմից՝ դրա ճակատագրական հետեւանքները Հայաստանի եւ Արցախի համար, չափազանց կարեւոր է դառնում այդ փոփոխության ԻՐԱԿԱՆ հիմքերը, շարժառիթները կամ բացատրությունը գտնելը, անշուշտ, շարունակելով ապավինել փաստերին։
Շարունակելի