‘Աշտարակում խնձորի այգիների տարածքում աղբավայր կկառուցվի’

1041

Աշտարակի բնակիչները դիմել են ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանին` բողոքելով աղբավայր կառուցելու  հարցում պետական մարմինների` ՀՀ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների անգործության դեմ:

Խնդիրն այն է, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը որոշել է աղբավայր կառուցել Երևան-Աշտարակ մայրուղու մոտակայքում գտնվող, առնվազն 500 սեփականատերեր ունեցող խնձորի այգիների կենտրոնում, հայտնում է ecolur.am-ը:

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, ծրագիրը հաստատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի կողմից: «Արագածոտնի մարզպետի մոտ եղել ենք սույն թվականի ապրիլի 29-ին, որտեղ ներկա են եղել  ՀՀ քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության փոխնախարարները: Նրանց ներկայությամբ՝ բանավոր կերպով և այդ նույն օրը Աշտարակի քաղաքապետին՝ գրավոր կերպով, խնդրել ենք կատարել անհրաժեշտ գործողություն, ինչը չի կատարվել մինչ օրս…»,- մասնավորապես նշված է դիմումում: Բնակիչները համոզված են, որ տհաճ հոտը և կրծողները կոչնչացնեն այգին:

Դիմումում նշված է, որ աղբավայրի նման օբյեկտի  կազմակերպումը պետք է անպայման փորձաքննություն անցնի եւ հասարակական լսումների   գործընթաց՝ նույնպես : «Բայց, ոչ մի քննարկում չի եղել…»,-նշում են նրանք ու նաև պահանջում տեղեկատվություն տրամադրել նախագծի մասին, եթե այն գոյություն ունի, ընկերության մասին, որը մտադիր է իրագործել նախագիծը, և ներկայացնել բացատրություն այն մասին, թե շրջակա միջավայրի վրա ինչպիսի ազդեցություն և ռիսկեր է կրում քաղաքի աղբավայրի այդ նախագիծը: Մինչ այժմ դիմումին ոչ մի պատասխան չի ստացվել:

Հավելենք, որ մեր իշխանությունները չեն սիրում այգիներ` ոչնչացնելով դրանք առաջին հարմար դեպքում: Մենք չպահպանեցինք նույնիսկ մեր պատմամշակութային ժառանգություն Դալմայի այգիները, որոնք հետեւողականորեն ոչնչացվում են արդեն 10 տարի ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների եւ ՀՀ կառավարության բացարձակ անգործության պայմաններում:

Նախորդ հոդվածը‘Նժդեհի բարեկամուհին մեկ տարի է՝ նստացույց է անում, իսկ նժդեհականներից արձագանք չկա’
Հաջորդ հոդվածը‘Մեսին դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ շրջանցեց Մարադոնային’