‘Աշտարակում ծննդյան արարողությունը ավարտվել է երկու մարդու սպանությամբ’

724

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, գիշերը ժամը 01:30-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ստացած վնասվածքով մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները պարզում էին հանգամանքները, Արմենիա բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Աշտարակի ոստիկանություն, որ կրծքավանդակի ձախ կեսի հետին շրջանում մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Պարզվում է, որ Աշտարակի հիվանդանոց տեղափոխված մահացածը տեղի Ներսես Աշտարակեցի փողոցի բնակիչ՝ 32-ամյա Էդգար Գալստյանն էր: Գիշերը, ժամը 04:30-ի սահմաններում, Աշտարակի բժշկական կենտրոնից Արմենիա բժշկական կենտրոն տեղափոխված անձը նույնպես մահանում է, ով տեղի Թամազյան փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Պապյանն էր: Ըստ կայքի տեղեկությունների՝ ոստիկանությունը հայտնաբերել է գաղտնի փականով արյան հետքերով դանակ, որը առգրավվել է, և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, որպեսզի պարզվի՝ հայտնաբերված դանակը օգտագործվե՞լ է տեղի ունեցած հանցագործության ժամանակ:

Կայքի տեղեկություններով, երեկ տեղի է ունեցել սպանված Էդգար Գալստյանի քրոջ աղջկա ծննդյան արարողությունը, որին հյուր է գնացել նաև Արթուրը, ու այդ ժամանակ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) և 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հատկանիշներով: Արագածոտնի մարզի ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը պարզում են դեպքի հանգամանքները:

Ըստ կայքի՝ նշված անձինք նախկինում դատապարտված են եղել և պատժից ազատ են արձակվել համաներմամբ:

Նախորդ հոդվածը‘Դատարանը արգելել է Կոմիտաս 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ողջ տարածքը հոսանքազրկվել էր. Պատճառները ճշտվում են’