‘
Մամուլը անդրադարձ է կատարել մարզերում տրանսպորտի թանկացման խնդրին:
Երեկ «ՀԺ» ընթերցողներից մեկն ահազանգել է, որ Ճամբարակ-Երևան միկրոավտոբուսներից մեկի մեջ փակցված է հայտարարություն, որ օգոստոսի 1-ից ուղեվարձը դառնալու է 1500 դրամ՝ նախկին 1200 դրամի փոխարեն։ Տրանսպորտի և կապի նախարարությունից հերքել են այդ լուրը։ Նախարարությունը նաև հարցում էր արել երթուղին սպասարկող ընկերությանը, որտեղից ասել էին, թե միկրոավտոբուսներում նման հայտարարություն չի փակցվել։
* * *
Երեկ «Հրապարակը» նամակ է ստացել Աշտարակից. «3 ամիս առաջ, երբ նոր էին սկսվել խոսակցությունները գազի թանկացման մասին, Աշտարակում, որտեղ կյանքը 10 տարի կանգնած է, արագ թանկացումներ սկսվեցին։ Տաքսիները վճարը դարձրին 500 դրամ՝ բարձրացնելով 200 դրամով։ Երբ Երևանում սկսեցին խոսել ներքաղաքային տրանսպորտի բարձրացման մասին, երթուղայինների վարձն անմիջապես բարձրացրին 50 դրամով։ Դիմում ենք կառավարությանը՝ մեկ-մեկ էլ ուշադրություն դարձրեք այս մարզկենտրոն ասվածին…» ։
* * *
«Հայկական ժամանակը» իր հերթին գրում է, որ Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակիցները երեկ առավոտից սկսել են ներքաղաքային տրանսպորտի սպասարկման խրոնոմետրաժը:
Ինչպես թերթին հայտնել է ուղևորափոխադրոդ ընկերության՝ «էմին Մարգարյան» ԱՊԸ-ի սեփականատերերից էդգար Մարգարյանը, խրոնոմետրաժը կշարունակվի մեկ շաբաթ, որպեսզի մեկ ամսվա կտրվածքով հաշվարկ կատարվի ավտոբուսների ծախսի և շահույթի վերաբերյալ: Այդ ընթացքում, ըստ նրա, ընկերությունը կշարունակի ուղևորափոխադրման իրականացումը:Արդյունքներից հետո «էմին Մարգարյան» ՍՊԸ-ն կկայացնի որոշում՝ սպասարկել ուղևորներին, թե ոչ:
‘